ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ԴՐԱԽՏԱՅԻՆ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ ՈՒՆԻ ԵՏՄ-ԻՑ
Ազգային ժողովում երեկ կայացավ "Եվրասիական տնտեսական միության մասին" 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ խորհրդարանական լսումները, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ, գիտնականներ, քաղաքագետներ եւ կառավարության ներկայացուցիչներ:
Արի ու տես, որ ՀՀ ԵՏՄ անդամակցմանը դեմ խորհրդարանական միակ խմբակցության ներկայացուցիչը` "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ, որոշեց ամբիոնից ելույթ ունենալ` ԵՏՄ-ից իր դրախտային սպասումների մասին: Մասնավորապես` վերջինս փորձում էր կոչ անել հանրությանը, թե Եվրասիական տնտեսական միությունը դրախտ չէ` հավանաբար, հիշելով վերջերս ԱՄՆ-ում անցկացրած իր "դրախտային" դասընթացների մասին: Ինչեւէ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՔԴՄ կուսակցության նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ում վերապահված էր հաջորդ ելույթը` ստիպված եղավ ընդդիմադիր գործընկերոջը բացատրել, որ ԵՏՄ-ն ոչ թե դրախտային, այլ տնտեսական միություն է: