ԻՆՉՊԵ՞Ս ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՀԵՌՈՒ ՊԱՀԵԼ ՊՈՐՏԱՊԱՐԻՑ ՈՒ ԱՆՃԱՇԱԿ ԵՐԳԵՐԻՑ
Արխիվ 12-16ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՀԵՌՈՒ ՊԱՀԵԼ ՊՈՐՏԱՊԱՐԻՑ ՈՒ ԱՆՃԱՇԱԿ ԵՐԳԵՐԻՑ
Հայաստանի դպրոցներում նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ միասին սկսեցին դասավանդել "Ազգային երգ ու պար" առարկան: Առայժմ ծրագիրը դասավանդվում է հանրակրթական 10 դպրոցներում եւ նախատեսված է տարեցտարի դպրոցների թիվն ավելացնել: Հայ երեխաները դպրոցական տարիքից սկսած` կուսումնասիրեն հայ ավանդական երգն ու պարը, որի արդյունքում էլ հեռու կմնան պորտապարերից ու անճաշակ երգերից: Ծրագիրը կարեւոր է ոչ միայն մատաղ սերնդի, այլեւ ազգային մշակույթը պահպանելու համար: Ավանդականից չհեռանալու համար անհրաժեշտ է, որ դպրոցական ծրագրում ներառվի նաեւ ազգային եւ ժողովրդական գործիքների ուսուցման դասաժամեր: Եթե դասաժամի արդյունքում բոլոր երեխաները չտիրապետեն տվյալ գործիքին, գոնե կծանոթանան, թե որ գործիքն ինչ պատմություն ունի: Ճիշտ է, երաժշտական շատ դպրոցներ կան, որտեղ երեխաները սովորում են նվագել այդ գործիքներով, սակայն ոչ բոլոր երեխաներն են վճարունակ հաճախելու նման դպրոցներ: Գուցե այս ամենի արդյունքում կարողանանք նաեւ մեր ազգային գործիքները պաշտպանել Թուրքիայի եւ Ադրբեջանի այն հայտարարություններից, ըստ որոնց հայկական դուդուկի եւ այլ ազգային գործիքների հայրենիքը Հայաստանը չէ: Վերոնշյալ հրատապ թեման այս շաբաթ "Իրավունքի" ուշադրության կենտրոնում է:
"ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԿՄՏՆԻ
ԲՈԼՈՐԻՍ ԿԵՆՑԱՂ"
ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար ԳԵՎՈՐԳ ԴԱԲԱՂՅԱՆ.
- Իհարկե, նման որոշման ես կողմ եմ: Այժմ դժվարանում եմ ասել, թե կոնկրետ ինչ ձեւաչափով պետք է իրականացնել ծրագիրը: Նման գաղափարի իրականացման դեպքում ազգային մշակույթը կմտնի բոլորիս կենցաղ: Պետք է ամեն ինչ ի մի բերել, որպեսզի հասկանանք, թե որտեղից սկսենք, ինչ անենք, որ ամեն ինչ արդյունավետ լինի: Անհրաժեշտ է ոչ միայն ազգային երաժշտական գործիքներին դասաժամեր հատկացնել, այլեւ դասական երաժշտությանը: Մեր ժամանակներում այդպիսի դասաժամեր կային, որի ընթացքում մանրամասնորեն ծանոթանում էինք հայկական երգերին: Այդ ամենը երեխային կրթում էր, բարձրացնում նրա ինտելեկտի մակարդակը, ծանոթացնում գեղեցիկի հետ: Մեր օրերում այս ամենը շատ է անհրաժեշտ: Որքան երեխաներին պահենք ազգայինին մոտ, այնքան մեր հասարակության մեջ սերը եւ կամեցողությունը կշատանան: Իսկ եթե չլինի, ապա այն, ինչ կա մեր իրականության մեջ, ավելի կխորանա: Ոչ միայն ազգայինը, այլեւ համամարդկային գեղեցիկ արժեքները երեխային պետք է սովորեցնել դպրոցից: Գեղեցիկը եւ լավը իմացող երեխան լավ երկիր կկառուցի ու երբեք չի քանդի:
"ԵՍ ՄԵԾ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՄԲ
ԿՈՂՄ ԿԼԻՆԵՄ"
Մանկագիր ԵՐՎԱՆԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ.
- Երեխաներին մանկուց որքան մոտ պահես ազգայինին, այնքան լավ: Օրինակ` դպրոցներում սկսեցին դասավանդել շախմատ, պարզ է, որ սա ինտելեկտուալ խաղ է եւ զարգացնում է երեխաների ինտելեկտը: Որպես մանկագիր, կարծում եմ` հենց դպրոցական տարիքից պետք է երեխաները ծանոթանան ազգային նվագարանների հետ, որպեսզի ազգայինը նրանց մեջ ամրապնդվի եւ չհեռանան արմատներից: Եթե որեւէ մեկն առաջարկի իրականացնել այս գաղափարը, ապա ես մեծ ուրախությամբ կողմ կլինեմ:
Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

