"ԱՆԳԱՄ ՁԵՌՔՈՎ ԲԱՐԵՎԵԼԻՍ ԿԱՐԵԼԻ Է ՎԱՐԱԿՎԵԼ ՔՈՍ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ"
Արխիվ 12-16"ԱՆԳԱՄ ՁԵՌՔՈՎ ԲԱՐԵՎԵԼԻՍ ԿԱՐԵԼԻ Է ՎԱՐԱԿՎԵԼ ՔՈՍ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ"
- Հարգելի բժիշկ, ի՞նչ է քոսը: Կարելի՞ է արդյոք վարակվել այս հիվանդությամբ` կենցաղային ճանապարհով: Վարակված մարդու անկողինը, շորերը, սրբիչը կարո՞ղ են վարակի աղբյուր հանդիսանալ: Ինչպե՞ս են ախտորոշում այս հիվանդությունը:
Հարցին պատասխանել է մաշկաբան ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ.
-Քոսը մաշկի վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը քոսի տիզն Է:
Վարակվելու համար պետք է սերտ շփում մաշկի հետ: Անզոր են լոգանքները: Անգամ ձեռքով բարեւելիս կարելի է վարակվել քոս հիվանդությամբ: Շատ հաճախ քոսի տիզը բնակություն է հաստատում ձեռքերի միջմատային ծալքերում: Աչքի համար այն անտեսանելի է: Իր մասին քոսը "հիշեցնում" է վարակվելուց 2-7 օր անց:
Հիվանդը գանգատվում է քորի զգացողությունից: Այս տհաճ զգացողությունը հիմնականում սաստկանում է տաք պայմաններում, հատկապես անհանգստացնում է հիվանդին գիշերային ժամերին, երբ մարդն անկողին է մտնում:
Երկար քորելուց հետո մաշկի վրա կարող են առաջանալ բծեր, մանր ցանավորում: Այս պարագայում հարկ է անհապաղ դիմել մասնագետի օգնությանն ու ճիշտ ախտորոշում ստանալ: Կան որոշակի մաշկային հիվանդություններ, որոնք կարող են հիշեցնել քոս, սակայն քոս չեն:
Եթե ընտանիքի անդամներից մեկը վարակված է լինում քոսով, ապա տան մնացած անդամները վտանգի են ենթարկվում: Վարակված մարդու անկողինը, շորերը, սրբիչը, նույնիսկ փափուկ կահույքը կարող են վարակի աղբյուր հանդիսանալ: Այդ իսկ պատճառով պրոֆիլակտիկ բուժում է նշանակվում նաեւ ընտանիքի այլ անդամների համար:
Բուժման համար հիմնականում կիրառում են քսուքներ, այսօր գոյություն ունեն նաեւ դեղամիջոցներ` ցողացիրի (սփրեյ) տեսքով:
Հիվանդության դեպքում հարկ է բացառել ժողովրդական մեթոդներ օգտագործելը, քանի որ դա հղի է լուրջ հետեւանքներով:
Կանխարգելման համար հիվանդի շորերը, անկողինը լվանում են բարձր ջերմաստիճանի տակ, կահույքը մշակում հատուկ ախտահանիչ միջոցներով:
Քոսն ախտորոշելու համար երբեմն տեսողական զննությունն էլ բավական է լինում, իսկ վիճելի դեպքերում լաբորատոր հետազոտությունը պարտադիր է. վերցվում է մաշկի քերուկ, որն անցնում է մանրադիտակային զննում: Այս հիվանդության բարձիթողի վիճակը կարող է ունենալ բավական լուրջ հետեւանքներ: Երկարատեւ քորելուց հնարավոր է վնասել մաշկն ու երկրորդական վարակ ներմուծել:
Վարակից խուսափելու համար հարկ է պահպանել անձնական հիգիենայի կանոնները. չքնել ուրիշի անկողնում, չհագնել ուրիշի շոր, չօգտագործել ուրիշի սրբիչ: Ի դեպ, ոչ բոլոր լվացող հեղուկներն են ոչնչացնում վարակը: Այն ոչնչանում է միայն բարձր ջերմաստիճանի տակ:
Ուրախությամբ նշեմ, որ Հայաստանում այս հիվանդությամբ տառապող հիվանդների քանակը զգալիորեն նվազել է 90-ականների համեմատ: Այն, ըստ իս, պայմանավորված է մարդկանց բարենպաստ սոցիալական պայմաններով, գիտակցմամբ. սեփական առողջության հանդեպ մարդկանց հետեւողականությամբ. ժամանակին են դիմում բժշկի, արդյունավետ են նաեւ դեղամիջոցները:
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

