ՄԱՆՎԵԼ ՏԵՐ-ԱՌԱՔԵԼՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ Է ԿԱՆՉՎԵԼ ԶՐՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.04.2014թ. կայացրած եւ օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն, "Հին Էրիվան հոլդինգ" ՍՊԸ-ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը պարտավորեցվել է հերքել "Յունիբանկ" ՓԲԸ-ի գործունեության վերաբերյալ իր հարցազրույցում հրապարակված զրպարտչական տեղեկությունները:
"Յունիբանկ" ՓԲԸ-ն դեռեւս 2011թ. հուլիսի 14-ին հայցադիմում էր ներկայացրել դատարան` պահանջելով պատասխանատվության ենթարկել Մանվել Տեր-Առաքելյանին` բանկի վերաբերյալ ստահոդ տեղեկություններ տարածելու եւ զրպարտության համար: Ըստ այդմ, դատարանը պարտավորեցրել է Մանվել Տեր-Առաքելյանին` սեղմ ժամկետներում News.am լրատվական կայքում հանդես գալ հերքման տեքստով` հայցելով "Յունիբանկ" ՓԲԸ-ի եւ լրատվական կայքի ընթերցողների ներողամտությունը` իր հարցազրույցում բանկի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնելու համար: Դատարանը որոշել է նաեւ նյութական պատասխանատվության ենթարկել Մանվել Տեր-Առաքելյանին` բռնագանձելով վերջինից հօգուտ բանկի 2 մլն ՀՀ դրամ: