ԵՌՅԱԿՆ Ի՞ՆՉ ՀՈՒՅՍԵՐ ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱԼ
Արխիվ 12-16ԵՌՅԱԿՆ Ի՞ՆՉ ՀՈՒՅՍԵՐ ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱԼ
Ոչ իշխանական եռյակի վերջին հանդիպումը տեղի էր ունեցել նոյեմբերի 10-ին, որից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտարարել էր, որ եռյակն իր հետագա անելիքները հստակեցնելու համար պետք է գնա քննարկումների, որի արդյունքում էլ ամեն ինչ կհստակեցնի: Եվ ահա օրերս տեղի ունեցած եռյակի հերթական հանդիպումից հետո "հստակեցնելով" հետագա անելիքները` ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ մերժում է իշխանությունների` 12 կետերի հարցով բանակցելու առաջարկությունը:
Դա ինչի՞ կհանգեցնի, եռյակը կգնա ներքին իրավիճակի ծայրահեղ սրացմա՞ն, թե դա պարզապես մարտավարական քայլ էր: Հայաստանի վերլուծաբանների մոտ կա այն կարծիքը, թե եռյակը առանց իշխանությունների հետ բանակցելու` չի կարող որեւէ քայլ կատարել: Իսկ թե ինչ ճակատագիր կունենա եռյակի հետագա գործունեությունը դեռեւս պարզ չէ, քանի որ տեսանելի են այն հակասությունները, որոնք կան եռյակի ներսում:
Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ նշեց.
- Իշխանության եւ եռյակի համագործակցությունից շատ բան է կախված: Քաղաքագիտության տեսանկյունից կարեւոր չէ, թե նրանցից ով կհաղթի, կարեւոր է, որ գործընթաց տեղի ունենա եւ զարգանա: Ցանկացած երկրում, եթե իշխանությունը բանիմաց է, ընդդիմության հետ գնում է երկխոսության, իսկ եթե բանիմաց չէ, ապա ժողովրդի ճնշման տակ է գնում երկխոսության: Օրինակª Իսրայելում միմյանց դեմքին նայելով գալիս են կոնսենսուսի, քանի որ հասկանում են, որ դրա արդյունքում իրենց երկիրը կզարգանա: Ընտրություններին մրցույթ կլինի. ով կհաղթի, թող հաղթի: Իսկ ընթացքում կարեւոր է, որ ե՛ւ համագործակցեն, ե՛ւ պայքարեն միմյանց դեմ: Մենք մի ազգ ենք, թշնամի չենք, սակայն պայքարը պարտադիր է: Ընդդիմադիր դաշտը չպետք է քայքայվի, այլ համագործակցի եւ գնա իշխանության հետ երկխոսության, որից էլ կծնվի ճշմարտությունը:
"Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ" կուսակցության նախագահ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԸ փաստեց.
- Ես կարծում եմ` եռյակը այդպես էլ կմնա եւ բացառվում է, որ "Դաշնակցությունը" միանա եռյակին: Այն գործընթացը, որը տեղի է ունենում եռյակի ներսում, այսինքն` նախատեսված հանրահավաքները, երթերը, կարծես թե դադարեցվել են: Որքանով որ հասկանում եմ` եռյակի ներսում որոշակի հակասություններ կան որոշումների հետ կապված: Ինչպես նաեւ կա լիդերության խնդիր: Այդ պատճառով էլ նրանք իրենց գործունեության մեջ մեծ հաջողությունների չեն հասնում:
ԲՀԿ մամուլի խոսնակ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ մեկնաբանեց.
- Եռյակը շարունակելու է իր մարտավարությունը` ռազմավարական վերջնակետին հասնելու համար: Այն է` Հայաստանում արմատական փոփոխություններ եւ իշխանափոխություն իրականացնել: Մենք այժմ իրականացնում ենք համաժողովրդական մոբիլիզացիա, նաեւ այլ միջոցառումներ: Այդ թվում` դեկտեմբերի 10-ինª Մարդու իրավունքների պաշտպանության օրը անցկացնելու ենք երթ:
Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում կատարել է հարցում` պարզելու համար, թե եռյակը իշխանության հետ երկխոսության չգնալով` կարո՞ղ է որեւէ հաջողության հասնել:
1. Եռյակում ներքին հակասությունները շատ խորն են, ինչը կտանի պառակտման- 37%:
2. Եռյակի այս դանդաղկոտ եւ զանգվածների համար անհասկանալի մարտավարությունը չի կարող էֆեկտիվ լինել- 29%:
3. Եռյակը կարող է հաջողության որոշ հույսեր ունենալ, եթե կարողանա իրականում զանգվածային շարժում կազմակերպել- 23%:
4. Երկրում կա ներքին դժգոհություն, որն առաջնորդելու դեպքում եռյակի հաջողությունը երաշխավորված է- 6%:
5. Դժվարանում եմ պատասխանել- 5%:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

