ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ "ՄԵՆՇԵՎԻԿՆԵՐԸ" ԵՎ "ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ"
Արխիվ 12-16Իրոք, ներկայումս հասարակական-քաղաքական կյանքը մեր հանրապետությունում "խառնաշփոթ" է եւ "իսկական կաշա": Իրադրությունն այնքան բարդ է ու արագ փոփոխվող, որ շարքային քաղաքացին հաստատ կդժվարանա կողմնորոշվել:
Հանդես չգալով հասարակության անունից, որպես մտավորական (ոչ թե "ծակ պրոֆեսոր վերլուծաբան"), իրավունք ունեմ արտահայտելու տեսակետս` ստեղծված քաոսի վերաբերյալ: Եվ այսպես, մեր չափահաս ազգաբնակչությունը կարելի է պայմանականորեն բաժանել երկու հակադիր բեւեռների` "մենշեւիկների" եւ "բոլշեւիկների", ինչպես նաեւ չեզոք մասի (իշխանական, չիշխանական, ընդդիմադիր, այլընտրանքային, եռյակ-քառյակ եւ այլն մի կողմ թողնենք):
"Մենշեւիկների" մեջ մտնում են մոլի արեւմտասերները եւ ռուսատյացները: Արեւմտամետ օլիգարխները, մեծահարուստները, որոնց փողերը պահվում են արեւմտյան բանկերում, արեւմտամետ բանկիրները, Արեւմուտքից ներմուծող առեւտրականները, "գունավոր" ("նարնջագույն") հատվածը, պաշտոնամոլները, գրանտակեր` հ/կ-ները, չինովնիկները, աղանդները, բնականից շեղվածները (ԼԳԲՏ), վարձու "քաղակտիվիստները", "իրավապաշտպանը", լրտեսները` այս բոլորը կազմում են "մենշեւիկների" ճամբարը: "Բոլշեւիկների" կազմի մեջ մտնում են` հայամետները, ռուսամետները, հայ բարերարները: Չեզոք մասսան կազմում են` ուժային կառույցների անձնակազմը (համաձայն ՀՀ Սահմանադրության), չկողմնորոշված "բողոքավոր" զանգվածը, գործազուրկ եւ աղքատ խավը: Տեղին է հիշել ՀՀԿ 15-րդ համագումարում հնչեցրած խոսքը. "Մի ամբողջ երկիր իր բան ու գործը թողած` զբաղվում է քաղաքական պայքարով": Այսպիսով, առկա են հակադիր կողմերը, որոնք պարարտ հող եւ օբյեկտիվ պայմաններ են ստեղծում արտաքին անկոչ միջամտության եւ անցանկալի հետեւանքների համար: Սակայն, օրինակ ես "ռուսամետ" եմ, բայց կտրականապես չեմ ուզում եղբայրասպան, ազգակործան պատերազմ: Այնպես որ, եկեք չսպասենք, որ նորից վերադառնան անհանգիստ 17-20 թվականները:
Ի՞նչ անել: Անհրաժեշտ է ցուցաբերել օրինականություն, կատարողական բարձր կարգապահություն, խստապահանջություն, վճռականություն, զգոնություն: Ոչ մի դեպքում զենքով դուրս չգալ միմյանց դեմ: Հանցագործներին պատժել օրենքի ամբողջ խստությամբ, առանց կեղծ "հանդուրժողականության": Համայն հայության եւ Արցախի անվտանգությունը պահանջում են, որ երկու հակամարտող աշխարհաքաղաքական ուժերի (Արեւմուտքի եւ Ռուսաստանի) հետ ունենալ հավասարակշռված հարաբերություններ: Այդ նպատակով մեր հանրապետության նախագահը նախընտրեց, այսպես կոչված, "եւ-եւ"-ի տարբերակը` նույնիսկ տեսնելով պաշտոնական Կիեւի "միաժամանակ երկու աթոռների վրա նստելու" ծանրագույն հետեւանքները: Եվ տա Աստված, եթե հաջողվի առանց "Մայդանի", պատերազմների ու պատժամիջոցների նոր տարվանից ԵՏՄ կազմում ապրել հաշտ ու համերաշխ այդ երկու հակադիր ուժերի հետ, ապա մեր նախագահին իրավամբ արժե անվանել "Սերժ Իմաստուն": Ավարտեմ, ինչպես միշտ, խոսքերով` ողջ հայությունը պետք է ապրի երջանիկ կյանքով երկրային դրախտում` հզոր, համերաշխ, համահայկական, հումանիստական հանրապետությունում:
Ռ. ԱՍԱՏՐՅԱՆ (79 տ.)
ք. Սեւան

