"ԵԱՀԿ-Ի ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՌԵՑՆԵԼԸ ՃԻՇՏ ՉԷ"
Change.org կայքում տեղադրվել են հայկական ուղղաթիռի խոցման հետեւանքով զոհված օդաչուների լուսանկարները եւ հայտարարվել ստորագրահավաք` հետեւյալ կոչով. "Դիմում ենք ՀՀ իշխանությունների բոլոր օղակներին` սառեցնել ԵԱՀԿ մտնող երկրների հետ ցանկացած կապ, քանի դեռ նրանք չեն ուզում լուծել տարրական հումանիտար հարց, այն է` զոհվածների դիակների դուրս բերման հարցը:
Այս քայլի կատարման համար ԵԱՀԿ եւ այն կազմող երկրները ունեն այդ հնարավորությունը: Սա նրանց կողմից ցուցաբերած հրեշավոր անտարբերություն է, ինչը եւ պարբերաբար պատճառ է դարձել շփման գծում բազմաթիվ զոհերի": "Իրավունքը" ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻՑ հետաքրքրվեց` արդյոք ստորագրահավաքի բովանդակությունն իր համար ընդունելի է: "Տեղյակ չեմ այդ ստորագրահավաքից: Բայց դրա քաղաքական ողջամտությունը չեմ կարողանում հասկանալ ու ընկալել: Չեմ կարծում, որ դա է այն ճանապարհը, որով պետք է հարաբերվենք ԵԱՀԿ անդամ երկրների հետ",- ասաց նա` հավելելով, որ ողջամիտ չէ ԵԱՀԿ անդամ երկրների հետ հարաբերությունները սառեցնելը: "Ժառանգություն" խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը եւս տեղյակ չէր ստորագրահավաքի մասին, բայց ասաց, որ ճիշտ չէ սառեցնել հարաբերությունները ԵԱՀԿ անդամ երկրների հետ, քանի որ դա այն հարթակներից մեկն է, որտեղ պետք է կարողանանք պայքարել. "Եթե մենք բոլորի հետ սառեցնենք մեր հարաբերությունները, մենք ենք դուրս մնում":