"ԵՍ ՉԷԻ ԿԱՐՈՂ ՉՔՎԵԱՐԿԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՆԱԽԱԳԾԻՆ, ՈՐԻՆ ԻՆՔՍ ԿՈՂՄ ԷԻ"
Արխիվ 12-16Երեկ խորհրդարանում չընդունվեց "Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին" ու անձնական տվյալների պաշտպանության օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագծերը: Հետաքրքիրն այն է, որ սույն օրինագծերի տապալմանը մասնակցություն են ունեցել ՀՀԿ մի շարք պատգամավորներ:
Մասնավորապես, անձնական տվյալների պաշտպանության մասին օրինագծին, ըստ էլեկտրոնային գրանցման տվյալների, չեն քվեարկել ՀՀԿ պատգամավորներ Վրեժ Մարկոսյանը, Սպարտակ Մելիքյանը, Կարեն Կարապետյանը, Մանվել Բադեյանը` այն դեպքում, երբ վերոնշյալ պատգամավորները դահլիճում ներկա չեն եղել, եւ փոխանակ բացակա ստանալու` ստացել են ներկա, ու չեն քվեարկել: Իսկ պատգամավորներ Կարեն Ավագյանը, Մկրտիչ Մինասյանը, Հերմինե Նաղդալյանը բացակա են եղել:
Ի դեպ, անձնական տվյալների պաշտպանության մասին օրինագծին, կրկին ըստ խորհրդարանի կայքում տեղադրված քվեարկության արդյունքների, չի քվեարկել նաեւ Արփինե Հովհաննիսյանը, որը երեկ` որպես հարակից զեկուցող, պատասխանում էր պատգամավորների հարցերին եւ հորդորում վերջիններին` կողմ քվեարկել:
"Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին" օրինագծին դեմ է քվեարկել ՀՀԿ պատգամավոր Գարեգին Նուշիկյանը: Չեն քվեարկել ՀՀԿ պատգամավոր Վահրամ Մկրտչյանը, Նահապետ Գեւորգյանը, Համլետ Հարությունյանը, Սպարտակ Մելիքյանը: Իսկ պատգամավորներ Կարեն Ավագյանը, Մկրտիչ Մինասյանը, Հերմինե Նաղդալյանը կրկին բացակա են եղել: Պարզաբանման նպատակով "Իրավունքը" զրուցեց ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ: Պատգամավորները ներկա են եղել, իրենց կարծիքը հայտնել են քվեարկությամբ:
"Վրեժ Մարկոսյանը ներկա՞ է եղել դահլիճում",- հարցին ի պատասխան` Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ նա դահլիճում չի եղել, չի քվեարկել: Եթե դահլիճում չի եղել, պատգամավորը պետք է բացակա ստանար` հակադարձմանը ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. "Կարող է ներկա է եղել, չգիտեմ: Ես տեղյակ չեմ` Վրեժ Մարկոսյանը ներկա է եղել, թե ոչ":
ՀՀԿ խմբակցության ղեկավարին հիշեցրինք նաեւ բացակա մյուս պատգամավորների անունները, ում անվան դիմաց "բացակա" ստանալու փոխարեն` գրված է "չեն քվեարկել": "Կարեն Կարապետյանն ընդմիջումից հետո չի եղել, Մանվել Բադեյանն էլ եղել է ՕԵԿ-ի կողմից նախապես վերցրած 20 րոպե ընդմիջումից հետո: Լավ ուսումնասիրեք",- հորդորեց մեզ ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Ինչ վերաբերում է բացակա պատգամավորներին, նրանք, ըստ Վահրամ Բաղդասարյանի, գործուղման են: "Կարեն Ավագյանը գործուղմա՞ն է" հարցին` պրն Բաղդասարյանն ասաց, որ դեպք էր պատահել, Կարեն Ավագյանն ուշացումով եկավ: Իսկ Մկրտիչ Մինասյանն էլ վիրահատվել է: Հերմինե Նաղդալյանն էլ գործուղման մեջ է:
Իսկ թե ինչու "Անձնական տվյալների պաշտպանության մասին" օրինագծի հարակից զեկուցող Արփինե Հովհաննիսյանը չի քվեարկել, ՀՀԿ խմբակցության ղեկավարի պարզաբանմամբ` Արփինե Հովհաննիսյանը ձեռք է բարձրացրել ու հայտարարել, որ կողմ է օրինագծին:
ՀՀԿ պատգամավոր ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ էլ, "Իրավունքի" հետ զրույցում ասաց, որ իսկապես պատճառը տեխնիկական է եղել: Նա կողմ է եղել օրինագծի ընդունմանը եւ ելնելով տեխնիկական խնդիրներից` ձեռք է բարձրացրել` կողմ լինելով օրինագծին. "Ես երեկ գրեթե ողջ օրը խոսեցի այդ օրինագծի դրական կողմերից, ինչպես կարող էի դեմ, կամ ձեռնպահ լինել: Տեխնիկական խնդիրների պատճառով այդպես է ստացվել: Միայն քվեարկելուց հետո նկատեցի, որ համակարգը չի աշխատել, եւ դրա համար ձեռք բարձրացրի: Ավելին` ես իմ գործընկերներին դեռ երեկվանից հորդորում էի, որ կողմ քվեարկեն այդ օրինագծին":
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

