Երեկ ԱԺ արտահերթ վերջին նիստի ժամանակ տապալվեց "Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին" կառավարության ներկայացրած օրինագիծը: Բայց այս անգամ ոչ թե ընդդիմության, այլ քաղաքական մեծամասնության որոշ ներկայացուցիչների թեթեւ ձեռքով: Կառավարության առաջարկած բարեփոխումների ծրագիրը հօդս ցնդեցնելուն զարմանալիորեն միացան ՀՀԿ-ական մի շարք պատգամավորներ: Նրանցից մի մասն ընդհանրապես չէր եկել նիստին, իսկ որոշներն էլ ներկա էին, բայց կողմ չեն քվեարկել օրինագծին: Մասնավորապես "դեմ" է քվեարկել ԱԺ ՀՀԿ խմբակցության գործարար-պատգամավոր ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆԸ, ումից էլ "Իրավունքը" փորձեց պարզաբանում ստանալ:
-Ինչո՞վ էր պայմանավորված, որ դեմ քվեարկեցիք "Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին" օրինագծին: - Ես այդպես էի որոշել քվեարկել: - Իսկ ի՞նչն էր պատճառը, որ Ձեր դեմ լինելու մասին որեւէ կարծիք չէիք արտահայտել մինչ քվեարկությունը: - Քննարկման ժամանակ ես ներկա չեմ եղել, որովհետեւ ավելի շատ զբաղված եմ գազի հանձնաժողովի հարցերով: - Բայց խմբակցությունում Ձեր բացասական կարծիքի մասին հայտնե՞լ էիք: - Ո՛չ, քննարկում չի եղել, որովհետեւ սա արտահերթ ռեժիմով է օրակարգ մտել: - Այսինքն` դա բացառապես Ձեր անձնական դիրքորոշո՞ւմն էր: - Այո, դա իմ անձնական դիրքորոշումն էր: Ընդհանրապես, այդ տեսախցիկների, ինչպես նաեւ ԴԱՀԿ ծառայության մոտեցման հարցը ավելի լայն շրջանակով ներառված խնդիր է: Ամեն օր տեսախցիկներ են ավելանում հանապետությունով մեկ, ավտովթարները եւ մահացության դեպքերը չեն նվազել: Այդ դեպքում ինչո՞ւ են ամեն օր ավելանում տեսախցիկները: