ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀՆ Է՞Լ Է ԴԺԳՈՀ ԻՐ ԻՍԿ ԲԵՐԱԾ ՄԱՐԶՉԻՑ
Արխիվ 12-16ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀՆ Է՞Լ Է ԴԺԳՈՀ
ԻՐ ԻՍԿ ԲԵՐԱԾ ՄԱՐԶՉԻՑ
Դեռ նախօրեին մեր էջերում առիթ էինք ունեցել կասկածի տակ առնել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի խաղային ռազմավարությունը, որը նա կիրառում է հավաքականի վերջին պաշտոնական հանդիպումներում: Եվ ահա երեկ էլ, մոտավորապես նույն գնահատականները հավաքականի մարզչի հասցեին հնչեցրեց ՀՖՖ նախագահ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ:Ավելինª պարոն Հայրապետյանի ելույթից տպավորություն էր առաջանում, որ հավաքականի անհաջող խաղերի այլ մեղավորներ էլ կանª հայ ֆուտբոլասերները, լրագրողները եւ այլն: Բոլորը, բայց ոչ մի դեպքում` ՀՖՖ-ն:
Շալանդի կատարած աշխատանքի վերաբերյալ Ռ. Հայրապետյանի դիրքորոշումը մոտավորապես սա է. "Բնականաբար, ինձ արդյունքներն են հետաքրքրում, եւ ես շատ դժգոհ եմ: Ինձ չի կարող բավարարել, որ հավաքականը 3 խաղում վաստակել է մեկ միավոր: Շալանդին պետք է ժամանակ տրվի, ես նրա հետ չեմ խոսել խաղից հետո, ես շատ վրդովված էի: Ես նրա հետ կխոսեմ, եւ եթե նա չլսեց ինձ, չընդունեց իմ խորհուրդները, նկատողությունները, ես արդեն որոշում կկայացնեմ: Նրան ժամանակ է պետք տալ: Ես նրան իմ խորհուրդներով, իմ լծակներով կփորձեմ օգնել: Նրան տանք եւս մեկ հնարավորություն, եթե ստացվեցª լավ, եթե ոչª հանելը միշտ էլ կա":
Ու սրանից հետո պարոն Հայրապետյանը նաեւ հավելում է, թե չի խառնվում մարզչի գործերին: Բա էլ խառնվելը ինչպե՞ս է լինում:
Ինչ վերաբերում է պորտուգալացիների դեմ վերջին խաղին, ապա այստեղ էլի պարոն Հայրապետյանը բավականին կտրուկ է. "Պորտուգալիայի դեմ պարտության պատճառը վատ խաղալն էր: Սխալ տակտիկան: Մենք ունենք պոտենցիալ, սխալ մարտավարության արդյունքում մենք պարտվել ենք Պորտուգալիային: Մենք ունենք հրաշալի ֆուտբոլիստներ` Մարկոս Պիզելի, Արթուր Սարկիսով, ովքեր պահեստայինների նստարանին նստած էին: Մխիթարյանի դեմ կոշտ էին խաղում, լավ էին անում, թող մերոնք էլ Ռոնալդուի հետ կոշտ խաղային: Ֆուտբոլը պայքար է, հո բալետ չէ: Իրենք հասկացել էին, ովքեր են ուժեղ, ովքեր են լավ մարզավիճակում, եւ այդ ֆուտբոլիստների հետ կոշտ էին խաղում: Յուրա Մովսիսյանը փայլուն ֆուտբոլիստ է: Նա ամեն ինչ փորձեց անել, ուղղակի սխալ մարտավարություն էր մշակված":
Մի խոսքով. "Մեծ հաճույքով Շալանդին կհեռացնեի, բայց ի տարբերություն լրագրողների ու երկրպագուների, ես ՀՖՖ նախագահն եմ ու պատասխանատու եմ հավաքականի խաղի համար: Ու այդ դեպքում ո՞վ գա: Ով էլ գա` ասելու է, որ ժամանակ է պետք":
Անկեղծ ասածª շատ բան պարոն Հայրապետյանը միանգամայն տեղին է ասում: Համենայնդեպս այն, որ Շալանդի խաղային մարտավարությունը, գոնե այն, որ տեսել ենք, բանի պետք չէ: Բայց ամբողջ հարցն այն է, որ եթե արդեն իսկ կա Շալանդին հեռացնելու խնդիր, ապա նրան առհասարակ ինչո՞ւ էին բերում: Եվ միանգամից գալիս ենք հին հարցին. ողջ աշխարհում երկար-բարակ քննարկում են, թե սրան-նրան բերեք` հավաքականը մարզելու, դրան խառնվում են երկրպագուները, լրագրողները, մասնագետները եւ վերջում միայն կայացվում է որոշում: Հայաստանում, մեկ էլ տեսնում ենք, եկավ հերթական մարզիչը, որի ով լինելը հիմնականում իմանում ենք միայն նշանակումից հետո: Դե, ուրեմն, պարոն Հայրապետյան, Ձեր բերած մարզիչն է, էլ ումի՞ց եք բողոքում: Իսկ, առհասարակ, այս խնդիրը միշտ էլ կունենանք, քանի դեռ մեր մարզիչների նշանակումը միանձնյա է եւ յոթ փակի տակ պահվող գաղտնիք:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

