"ՎԵՐՋԵՐՍ ԻՄ ՈՏՔՆ ԱՎԵԼԻ ՀԱՅՏՆԻ Է ԴԱՐՁԵԼ ՔԱՆ` ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՍ"
Օրերս Ուսանողության տոնի կապակցությամբ ՀՊՄՀ-ում տեղի ունեցավ մեծ համերգ, որին մասնակցում էր նաեւ վերջին շրջանում հաճախակի սկանդալների կիզակետում հայտնված երգչուհի ԵՎԱ ՌԻՎԱՍԸ: Երբ հաղորդավարուհին հայտարարեց, որ ելույթ կունենա հայտնի, հայրենասեր երգչուհի Եվա Ռիվասը, երգչուհին բեմից զարմանքով նշեց. "Ինձ թվում էր, որ կհայտարարեն այսպես` հայտնի ոտքն ու Եվա Ռիվասը, քանի որ վերջին իրադարձություններից հետո իմ ոտքն ավելի հայտնի է դարձել, քան` անուն-ազգանունս":
Հիշեցնենք, որ "Հայաստանի ձայնը" նախագծում ժյուրիի կազմում հանդես եկող երգչուհին ոտքով էր սեղմել մրցավարական կոճակը, ինչը մեծ սկանդալ ու աղմուկ էր առաջացրել մեզանում: Ի դեպ, ավելի վաղ "Իրավունքի" այն հարցին, թե` Եվա, անընդհատ սկանդալների կիզակետում եք, դա լավ PR-ի արդյո՞ւնք է, թե արդեն հոգնել եք այդ ամենից, երգչուհին այսպես էր պատասխանել. "Ես երբեք չեմ հոգնում այդ ամենից, որովհետեւ դա արտիստի կյանքն է, ոչ թե` աշխատանքը: Դա յուրաքանչյուր հաջողակ եւ հայտնի մարդու անբաժանելի մասնիկն է: Այդ սկանդալները PR չէին: Դա այն էր, ինչն ինքնաբերաբար ստեղծվեց, բայց այն չի խանգարում ինձ ապրել: Մարդիկ իրավունք ունեն մտածել այնպես, ինչպես ցանկանում են":