ՊԱՐԶՎՈՒՄ Է ԻԳԻԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿԱՀՈՒՅՔԻ ՑԵԽ ՉԻ ԴԱՌՆԱ
Արխիվ 12-16ՊԱՐԶՎՈՒՄ Է ԻԳԻԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿԱՀՈՒՅՔԻ ՑԵԽ ՉԻ ԴԱՌՆԱ
«Իրավունքն» անդրադարձել էր, որ վերջին ամիսներին «Գեղագիտության ազգային կենտրոնում» գտնվող քանդակի արվեստանոցը վերածվել է կահույքի ցեխի, ու կենտրոնի գլխավոր տնօրեն, Երեւանի ավագանու անդամ Լեւոն Իգիթյանը, առանց պատկան մարմինների հետ համաձայնեցնելու, այնտեղ կահույքագործական հաստոցներ է տեղադրել, ինչը խոչընդոտում է աշակերտների դասերին: Այդ մասին լրատվամիջոցներին տեղեկացրել էր քանդակի արվեստանոցի աշխատակից Հրաչ Համբարձումյանը, ով հետո այդ նույն աղբյուրի տեղեկացմամբ` Լ. Իգիթյանի կողմից աշխատանքից ազատել է` առանց որեւէ հիմնավորման: «Իրավունքը», ինչպես եւ խոստացել էր, հանդիպեց կենտրոնի գլխավոր տնօրեն, Երեւանի պատվավոր քաղաքացի, Երեւանի ավագանու անդամ ԼԵՎՈՆ ԻԳԻԹՅԱՆԻ հետ, ով ամեն ինչ պատմեց հենց սկզբից.
ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ ԴԱՐՁԱՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
-Սովետական Միության փլուզումից հետո որեւէ պետական ֆինանսավորում եւ
աջակցություն կենտրոնին չի եղել: Ժամանակակից արվեստի թանգարանի հետեւում կա 5 բարձրահարկ շենք, ամեն մի շենքի տակ կա 200 քառակուսի մետր տարածք, որտեղ մեր ստուդիաները ահավոր վիճակում են: Մի մասը կարգի բերեցինք 2,5 տարի առաջ` Ճապոնիայի կառավարության հետ բանակցություններից հետո: Ճապոնիայի կառավարությունը` չնայած ողբերգական երկրաշարժին, 120 հազար դոլար գրանտ տվեց, որ մենք այդ տարածքը կարգի բերենք: Այնտեղ հիմա իդեալական վիճակ է` գրադարանով, դահլիճով, կահավորումով: Ճապոնիայի հետ համագործակցության արդյունքնում այդ մի կորպուսը կարողացանք վերանորոգել, բայց մնացած 4-ն ահավոր վիճակում են: Ամռան արձակուրդներին մի քիչ գումար կուտակեցինք ու որոշեցինք այս 4 կորպուսը կարգի բերել. հատակը փոխեցինք, պատերը կարգի բերեցինք: Երբ մի կորպուսն ավարտեցինք, Բայրոնի փողոցի վրա գտնվող քանդակի խումբը բերեցինք այդտեղ, մյուսի կեսը, որ կարգի բերեցինք, Հրաչ Համբարձումյանին ասացինք, որ տեղափոխվի, որովհետեւ վերանորոգում ենք: Իմիջիայլոց, կարող եմ գրել ու ստորագրել, մեր մանկավարժները շատ բարձր վիճակում են, իսկ նա սկսնակ է, նրանց մոտ ինքը աշակերտ էլ չի կարող լինել: Ինչեւէ, նրան ասացինք, որ տեղափոխվի կարգի բերված մյուս կորպուս, որ այստեղ էլ սկսենք վերանորոգումը: Պատասխանը եղել է այսպես` ես հորիցս ժառանգություն եմ ստացել, այստեղից դուրս չեմ գա: Մի բան էլ ասել է` Իգիթյանին կասեք` ես դուրս չեմ գալու, եւ շուտով իրեն էնպիսի մարդիկ պետք է զանգահարեն, որ հետ կանգնի իր այդ որոշումից: Իրեն չեն ասում դուրս արի, այլ տեղափոխվի, որ վերանորոգենք: Նախկինում այդտեղ իր հայրն է աշխատել, նա աշխատում է 4 տարի ու ամեն տեղ ասում է, որ 12-15, նույնիսկ 30 տարվա գործունեություն ունի: Եթե 32 տարեկան տղա է ու 30 տարվա գործունեություն ունի, այսինքն` 2 տարեկանի՞ց է աշխատել: Ավելին` մենք բազմաթիվ ալբոմներ ունենք, որոնք 40 տարվա աշխատանքի արդյունք են, ու ոչ մի ալբոմում եւ մեր հիմնական ֆոնդերում այդ արվեստանոցի ու այդ դասարանի որեւէ նմուշ չկա:
«ԱՆԿԱԽ ԱՅԴ ԿՈՆՖԼԻԿՏԻՑ`
ՎԱՂՈՒՑ ԿԱՐՈՂ ԷԻՔ ԻՐԵՆ ՀԵՌԱՑՆԵԼ»
-Պարոն Իգիթյան, իսկ ինչո՞ւ ազատեցիք նրան աշխատանքից:
- Նա ոչ միայն չէր տեղափոխվում, այլ ամեն անգամ ինձ բարձր պաշտոնով մարդիկ էին զանգահարում նրա համար, նույնիսկ նամակ էր գրել Հանրային խորհրդին, որի նախագահ Վազգեն Մանուկյանն էլ, առանց Հանրային խորհրդի անդամների հետ այդ նամակը քննարկելու, հանձնարարում է ենթահանձնաժողովին քննարկել: Ես էլ այդ ենթահանձնաժողովի անդամ եմ, որտեղ երբ ինձ զանգում ու նիստի են կանչում, չեմ գնում, եթե մշակույթի հարց չի լինում: Այս անգամ ասացին, որ պարոն Իգիթյան, եկեք, ձեզ է վերաբերում, ու պատմում են այս ամենը: Ես էլ գնացի, տեսնեմ այդ Հրաչիկը մի 40 մարդ է բերել, իմ կարծիքն ասացի, որ ի սկզբանե սխալ է եղել ներկայացված, որովհետեւ Հրաչիկ Համբարձումյանն իր համախոհների մոտ ներկայացրել է, թե դա իր արվեստանոցն է, ու ես իր ձեռքից արվեստանոցն եմ խլում: Այնինչ, դա մեր ուսումնական դասարաններից մեկն է` պետական դասարան է: Հետո պարզվում է, որ դա "Մունետիկ" ՀԿ-ի նախագահն է, եւ այդ կազմակերպությունը գրանցել է մեր դասարանի հասցեով` առանց ինձ տեղյակ պահելու:
- Այսինքն` դասարանը նաեւ ՀԿ-ի տարա՞ծք է ծառայում:
- Այո, իրենք այնտեղ հավաքվում են գիշերվա 22:00-23:00-ին, եւ թախտ է դրված
դասարանում: Նույնիսկ, երբ նախարարությունից գնացին այնտեղ, զանգահարեցին, ասացին` պարոն Իգիթյան, այն, ինչ մենք տեսանք, ահավոր էր, գինու կիսատ շշեր եւ այլն: Ասել են` այս ի՞նչ շշեր են, պատասխանել է, թե նատյուրմորտ ենք նկարում... Բայց ինչո՞ւ է կիսատ... Երբ աշխատանքը վերջանում է, պիտի ստուդիան փակվի, իսկ իրենք թախտ, օղի, գինի... Ո՞վ է իրավունք տվել ՀԿ բացել այդ հասցեի վրա: Ինձ ասացին, որ անկախ այդ կոնֆլիկտից, վաղուց կարող էիք իրեն հեռացնել` միայն դրա համար:
- Այնուամենայնիվ, ինչո՞ւ նրան հեռացրիք աշխատանքից:
- Ես ազատեցի աշխատանքից այն բանից հետո, երբ մեր խորհուրդը պահանջեց ժողով անել: Ժողովն ամփոփվեց, ու բոլորն ասացին, թե մենք համարում ենք, որ նա այստեղ չպիտի աշխատի, իսկ որոշումը թողնում ենք գլխավոր տնօրենին: Դրանցի հետո նրա` աշխատանքից ազատման հրամանը տվեցի: Ապա անցնում են օրեր, նա չի ազատում տարածքը, իրեն նույնիսկ փոստով էլ ենք ուղարկել, նա ստորագրել ստացել է հրամանի մի օրինակը, բայց չի հանձնում բանալին: Հասկանում եմ, իրեն պետք է այնտեղ քաշքշոց լինի, որ փաստ դառնա, բայց չի արժանանա դրան: Դրա համար մեր իրավաբանն ասաց, որ օրենքով շարժվենք: Հիմնարկը կդիմի դատարան, որ հրամանը չի կատարվում, թող կատարածուները գնան, օրենքի սահմաններում իրեն այնտեղից հանեն: Նա ապրում է Բանգլադեշում, արվեստանոց ունի, այնտեղ թաղամասում հազարավոր երեխաներ կան, թող այնտեղ վճարովի խումբ ստեղծի ու աշխատի:
- Պարոն Իգիթյան, իսկ այդ ի՞նչ հաստոցներ են, եւ ի՞նչ կահույքի ցեխ եք ուզում հիմնել:
- Տարիներ առաջ, երբ կենտրոնը ստեղծվում էր, Հենրիկ Իգիթյանը սովետական պայմաններում, այն ժամանակ ամեն ինչը ճարելու վրա էր` երաժշտական գործիք, կահույք, բազաներ, եւ ինչ կարողանում էր` բերում էր: Այդ սարքերն էլ է բերել` 5-6 հաստոց: Երեւի, մի տասը տարի առաջ հայ-ամերիկյան մի կազմակերպություն կար, որը խաղալիքներ էր պատրաստում` երեխաների էսքիզներով, պայմանագրով տվեցինք իրենց: Մի քանի ամիս առաջ պայմանագրի ժամկետն ավարտվեց, ասացի` մերն է, պիտի հետ բերենք, ու բերեցինք, դրեցինք հենց այդ դասարանում, պատի տակ: Նա հարցրեց թե ինչո՞ւ եք այդտեղ բերել, ես էլ միամտորեն բացատրում եմ, որ գիտես, մեր ստուդիաները 40 տարվա պատմություն ունեն, այն տումբաները, մոլբերտները, շրջանակները ուրիշ տեղ պատվիրելու համար գումար չունենք, բերել ենք, որ ինքներս մեր պահանջները բավարարենք: Մի փոքրիկ արհեստանոց կունենաք: Եվ նա դա դարձրել է, որ Իգիթյանը կենտրոնը փակում է ու մեբելի ցեխ է դարձնում:
«ՈՒՐԱԽ ԿԼԻՆԵՄ, ՈՐ ՀԱՐՑԸ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻՆ ԴՐՎԻ»
-Պարոն Իգիթյան, երեկ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն է նույնիսկ հայտարարությամբ հանդես եկել:
- (Ծիծաղում է) Բախշյանն ու այնտեղ մի քանի հոգի էլ կան, որոնք, եթե վաղը պարզվի, որ մենք թթվածնի պակաս ունենք, եւ հանկարծ մեկն առաջարկում է, որ 2 օր հետո այսինչ միջոցով այդ խնդիրը լուծում ենք, Անահիտ Բախշյանը պիտի դեմ խոսի: Դա տեսակ է, որ վիճելու բան չի, ու պիտի ասես` վայ, այսինչ լավ է, նա պիտի մի քանի անգամ միկրոֆոնին մոտենա ու շատ երկար խոսի: Այդ դեպքում, նստածս տեղից ասում եմ` այ մարդ, հերիք եղավ, պարոն Մարգարյան, հո մենք դատապարտված չենք` այս բենեֆիսին ներկա լինելու: Մի հարց տալու համար մի կես ժամ խոսում է, հետո է հարցը տալիս: Գոռում են, երբեմն վիրավորել եմ, մի հատ էլ Ստյոպիկ Սաֆարյան կա, դրան ասել եմ, այ մարդ, այդ Նապոլեոնի կեցվածքը վրայիցդ հանի... Հետո գնում են, բողոքում եւ այլն: Հիմա սա առիթ է Բախշյանի համար, ու երեւի մտածում է` հարձակվեմ, տապալեմ: Ոչինչ, ես ուրախ կլինեմ, որ հարցը ավագանու նսիտին դրվի:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

