2001-ի սեպտեմբերի 11-ը մոլորակի պատմության մեջ դեռ երկար կմնա որպես ահաբեկչական գործողությունների նոր փուլի եւ նոր ձեւերի սկիզբ: Սակայն 13 տարի անց էլ, ոմանք համարում են, թե այդ հանցագործությունը ամբողջությամբ բացահայտված չէ...
Ահաբեկչական այդ ակցիաներին մասնակցելու մեղադրանքով ցմահ ազատազրկման դատապարտված եւ Կոլորադո նահանգի բանտում պատիժը կրող Զաքարիա Մուսավին նամակներ է ուղարկել Նյու Յորքի եւ Օկլահոմայի դատարաններ, որոնցում հայտարարել է, թե ահաբեկչությունը ֆինանսավորել էին Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամները: Ֆրանսիայի 46-ամյա այդ քաղաքացին "մանրամասնել" էր, որ 2001 թվականին, երբ ինքը սովորում էր Օկլահոմայի ամառային դպրոցում, Սաուդյան Արաբիայի արքայազնը ֆինանսավորել էր իրեն եւ հանցագործության 19 այլ մասնակիցներին: "Ապաշխարած" Մուսավին պատրաստակամություն էր հայտնել այդ մասին ցուցմունք տալ դատարանում: Սաուդյան Արաբիայի թագավորությունը, հասկանալի է, կտրականապես հերքում է իր մասնակցությունը ահաբեկչական գործողություններին, իսկ Մուսավիի "անկեղծանալը" իրավապահ եւ դատական մարմիններին հավատ չի ներշնչում այն պարզ պատճառով, որ նա մեկ անգամ չէ, որ հանդես էր եկել միմյանց հակասող հայտարարություններով: