"ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՈՐՔԱՆ ՊԵՏՔ Է ԲՈՒԺՎԵԼ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼ, ԱՅՆՔԱՆ ԷԼ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԵՆՔ"
Արխիվ 12-16Ինչպես հայտնի է` այս տարի պետական ծառայողներին տրամադրվող սոցփաթեթների առողջապահական մասը ապահովագրական ընկերություններից փոխանցվել է Առողջապահության նախարարությանը: Եվ ներկայում պետական ծառայողների շրջանում այս փոփոխությունների առնչությամբ տեղեկացվածության պակաս կա: Մասնավորապես, երբ ապահովագրական ընկերությունների հետ պայմանագիրը լրացել է, ի՞նչ պետք է անել, ո՞ւմ դիմել, ո՞ր բուժծառայություններն են մտնում հիսուներկու հազարի մեջ: Կամ, եթե ընթացիկ տարվա ընթացքում չեն օգտվել փաթեթի ծառայությունից, կարո՞ղ են դրանից օգտվել հաջորդ տարի: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք ՀՀ ԱՆ բժշկական օգնության մշտադիտարկման եւ փորձագիտական գնահատման բաժնի պետ ՄԱՐԻՆԵ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ հետ.
-Համամիտ եմ, որքան էլ զարմանալի եւ տարօրինակ է մեզ համար, հանրությունն իսկապես տեղեկացված չէ, թե ինչ է իրենից ներկայացնում սոցփաթեթի ծառայությունը, եւ ինչպես կարելի է դրանից օգտվել: Բայց պետք է ասեմ, որ դա առաջին հերթին գործատուների խնդիրն է. նրանք պարտավոր են եւ պետք է տեղյակ լինեն ու իրազեկեն իրենց աշխատակիցներին:
- Այսինքն, սոցփաթեթի էության մասին տեղեկացնելը գործատուների՞ խնդիրն է:
- Իհարկե, գործատուների խնդիրն է, քանի որ իրենք դրա մասին պատշաճ տեղեկացվում են իրենց վերադասների կողմից: Մեկ անգամ եւս շեշտում եմ, որ ինձ համար էլ տարօրինակ է, որ այսքան խոսելուց, ասելուց հետո մարդիկ դեռ ծանոթ չեն: Ամեն դեպքումª որոշ մանրամասներ կրկնեմ: Այս տարվա փաթեթն իր մեջ ներառում է միայն հիվանդանոցային բուժօգնություն: Այսինքնª նախահիվանդանոցային հետազոտություններ չեն իրականացվում փաթեթի շրջանակներում. քաղաքացիները չեն կարող սոցփաթեթով գնալ ու պարզապես ստուգվել: Դա արված է այն հաշվարկով, որ քաղաքացին կարող է անվճար հետազոտվել պոլիկլինիկաներում:
Փաթեթը գումարային առումով սահմանափակումներ չունի: Այսինքնª որքան որ անհրաժեշտ է` հիվանդանոցային բուժօգնությունը տրամադրվում է, իսկ հիսուներկու հազարը մնացել է սիմվոլիկ:
- Իսկ եթե տվյալ շահառուն չի օգտվել իր սոցփաթեթով հասանելիք բուժօգնությունից, դա "կորչո՞ւմ" է, թե կփոխանցվի հաջորդ տարվա վրա:
- Դա չի կորչում, մնում է արտաբյուջետային հաշվի վրա, եւ այդ հավաքված գումարներից մեկ ուրիշն է օգտվում: Այսինքնª սոցփաթեթի շահառուն չի կարող ասել` այս տարի չօգտվեցի, մյուս տարի կօգտվեմ: Չէ, այս տարի էլ ունեն օգտվելու հնարավորություն, մյուս տարի էլ կունենան: Դա ընդհանուր ծրագրային գումար է` տրամադրված բոլոր շահառուների համար: Այսինքնª այս տարվա հնարավորությունները պահպանվում են:
- Ըստ որոշ խոսակցությունների` 2015 թվականից 52 հազարը կդառնա 70 հազար եւ ավելի: Որքանո՞վ են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը:
- Պարզապես այդ բազային փաթեթի հնարավորությունները մի քիչ ընդլայնում ենք նոր նախագծով: Այսինքնª նաեւ որոշակի միջոցներ կտրամադրվեն արտահիվանդանոցային կարգով իրականացվող հետազոտություններին: Դա կանխարգելիչ փաթեթ կլինի, որի շրջանակներում որոշակի հետազոտություններ կանցկացվեն, կստեղծվի հնարավորություն` մնացած դժվարամատչելի հետազոտություններից օգտվելու համար: Իհարկեª միայն բժշկական ցուցումներով, ոչ թե ցանկությամբ:
- Հարազատները կարո՞ղ են օգտվել փաթեթից:
- Ո՛չ, հիսուներկու հազարից կարող է օգտվել միայն կոնկրետ շահառուն:
Կցանկանայի նաեւ ավելացնել, որ մենք համագործակցում ենք Հայաստանի բոլոր հիվանդանոցների հետ: Եթե նախկինում քաղաքացին ապահովագրված էր մի ընկերությունում, որն աշխատում էր սահմանափակ թվով բժշկական հաստատության հետ, այսօր մենք աշխատում ենք Հայաստանի գործնականում բոլոր հաստատությունների հետ: Դրանց թիվը շուրջ 100 է: Քաղաքացին ունի ընտրության մեծ հնարավորություն: Հաջորդը, եթե քաղաքացու բուժօգնության տարեկան գումարը սահմանափակված էր, այսինքնª նա կարող էր ստանալ բուժօգնություն 3 մլն 800 հազարի սահմաններում, եւ դրանից ավելի մատուցված ծառայությունները չէին փոխհատուցվում, ապա ներկայում այդ սահմանափակումները վերացված են: Քաղաքացուն որքան պետք է բուժվել եւ փոխհատուցել, այնքան էլ փոխհատուցում ենք:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

