ՈՒՂՂԱԹԻՌԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ "ՊԵՏԱԿԱՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ Է"
Արխիվ 12-16ՈՒՂՂԱԹԻՌԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ "ՊԵՏԱԿԱՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ Է"
Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցված ԼՂՀ ՌՕՈւ "Մի-24" ուղղաթիռի զոհված երեք օդաչուներիª ուղղաթիռի հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանի, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի եւ լեյտենանտ Ազատ Սահակյանի դիերն այդպես էլ դեռ հնարավոր չէ դուրս բերել ուղղաթիռի անկման վայրից: Դա, թերեւս, իր հերթին է վկայում ուղղաթիռի վրա ազերիների հարձակման դիտավորության մասին: Իսկ դա իր հերթին է առաջ քաշում որոշ հարցեր, որոնց շուրջ էլ ծավալվեց մեր զրույցը ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:-Նախª ըստ ձեզ, ինչպե՞ս է ադրբեջանական կողմը ֆիքսել մեր ուղղաթիռը: Տպավորությունն այն է, որ ազերիները սպասում էին ուղղաթիռին, թեկուզեւ այն պատճառով, որ տեսանկարահանում էին իրականացնում: Հնարավո՞ր է, որ դա նախապես պլանավորված ահաբեկչություն լինի:
- Կարծում եմ, որ նրանք պատրաստվում էին այդպիսի մի քայլ անել, քանի որ, իրոք, ամեն ինչ պատրաստ էր, որպեսզի այդ "շոուն" նկարահանեն: Նախապես պլանավորված ահաբեկչության մասին է խոսում նաեւ այն, որ այն զենքը, ինչով որ խոցել են ուղղաթիռը, ցանկացած դիրքերում չկա. դրանք հատուկ տեղերում են լինում` ոչ դիրքերում: Այսինքն` ամեն բան տանում է նրան, որ նրանք ի սկզբանե սպասում էին նման զարգացման: ¥Նկատենք, որ այս հանգամանքների վրա "Իրավունքը" եւս ուշադրություն էր դարձրել ուղղաթիռի վրա հարձակմանը հաջորդած իր հրապարակման մեջ- խմբ.¤:
- Կա, ըստ իս, այդ մասին վկայող եւս մեկ հարցադրում. շարքային զինվորը, առանց հրամանի, կարո՞ղ էր ուղղաթիռ խոցել, հստակ հասկանալով, որ դա զինադադարի սկզբից ի վեր աննախադեպ եւ քաղաքականացված արարք է, որի համար կարող է եւ լուրջ պատժի ենթարկվել: Նման իրավունք ունի՞ շաքրային ծառայողը` անկախ հանգամանքից:
- Իհարկե ոչ, նման հրաման գալիս է ամենաբարձր ատյաններից` նախագահից եւ այլն: Եթե նույնիսկ նախագահը անձամբ նման հրաման չի տալիս, ապա ամեն դեպքում նա տեղեեկացված լինում է կամ նման իրավունքով օժտում է իր ենթականերին: Սա պետական ամենաբարձր մակարդակով իրականացված ահաբեկչական գործողություն է:
- Այս պահի դրությամբ ի՞նչ տեղեկատվություն ունեք ուղղաթիռի անձնակազմի վերաբերյալ:
- Որեւէ ստույգ տեղեկություն չկա, ցավոք սրտի: Հակառակ կողմը շարունակում է իր ապակառուցողական գործողությունները` տեղանքը պահելով կրակի տակ` շարունակում է իր ահաբեկչական գործողությունները:
- Երեկ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշվում է. "Եթե հայկական կողմը մեկ անգամ էլ փորձի որեւէ ռազմական գործողություն իրականացնել, պատասխան քայլն Ադրբեջանի կողմից կլինի հզոր ու կործանարար, որն էլ կհանգեցնի բազմաթիվ զոհերի եւ երկար կմնա թշնամու հիշողության մեջ": Ի՞նչ կասեք այդ առումով:
- Միայն մի բան կարող եմ այդ առումով ասել. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը բնորոշ է նացիստներին ու վերին աստիճանի ապակառուցողական է:
Նման պահվածք, երեւի թե, ցուցադրել են միայն նացիստական ռեժիմները Երկրորդ աշխարհամարտի ժամանակ: Ու, ընդհանրապես, թե՛ նրանց հայտարարությունները, թե՛ նրանց գործողությունները շատ բան են ապացուցում, նաեւ այն, որ նրանք այդպիսի անմարդկային, ստոր պահվածք են ցուցաբերում: Սա նաեւ ցույց է տալիս, որ նրանք ունեն լուրջ բարոյահոգեբանական խնդիրներ, իսկ նման գաղափարախոսությամբ առաջնորդվող պետությունը ապագա չունի` ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ` ընդհանրապես: Ամեն դեպքում մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի պաշտպանենք մեր անկախությունը, ազատությունը, արժանապատվությունը, դա միանշանակ:
- Պարոն Բաբայան ադրբեջանցի պատգամավորներից մեկը հայտարարել էր, որ սա ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիեւին եւ Դիլգամ Ասկերովին հայկական ուղղաթիռի զոհված օդաչուների հետ փոխանակելու լավ առիթ է:
- Ընդհանրապես խայտառակ մի հայտարարություն է, որը բնորոշ է նման քարանձավային մտածելակերպ ունեցող մարդկանց: Փաստորենª նրանք ընդունում են, որ ահաբեկչություն են անում, որովհետեւ ահաբեկիչներն են պայմաններ թելադրում: Նախեւառաջ, եթե օդաչուները ողջ են, նրանք զինվորներ են եւ ոչ թե սպանության կամ առավել ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող մարդիկ: Այնպես որ, սա մեկ անգամ խոսում է ադրբեջանցիների էժան` շովինիզմի քաղաքականություն վարելու մասին: Բնական է, որ սա անհեթեթություն է: Այդպիսի քայլն անմարդկային է եւ աննորմալ: Մենք ինչպե՞ս կարող նման քայլի գնալ: Նախ եւ առաջ, մենք չգիտենք նաեւ մեր օդաչուների ճակատագիրը: Չի բացառվում, որ նրանք ողջ լինեն: Հետո էլ, Ադրբեջանը պարտավոր է ռազմագերիներին հանձնել: Ինչպե՞ս կարելի է ռազմագերիներին փոխանակել հանցագործության մեջ մեղադրվող անձանց հետ:
- Այս օրերին հանրությանը մտահոգող հարցերից մեկը հետեւյալն է` արդյո՞ք պատերազմի վտանգ կա:
- Պատերազմ սկսելը հեշտ բան չէ: Կարծում եմ, նրանք այս պահի դրությամբ անձնական նեղ հարցեր են դեռեւս փորձում լուծել: Ամեն դեպքում մեր բանակը միշտ պատրաստ է:
Հավելենք, որ ինչպես մեզ հետ զրույցում ասաց ԼՂՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար ՍԵՆՈՐ ՀԱՍՐԱԹՅԱՆԸ. "Այս պահի դրությամբ սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ, հակառակորդը շարունակում է խոցված ուղղաթիռի ուղղությամբ ակտիվ կրակահերթեր արձակել: Եվ, առհասարակ, այս պահին հակառակորդը բոլոր հիմնական ուղղություններով շարունակում է ակտիվորեն խախտել հրադադարի ռեժիմը":
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

