"ՀԻՆԳ ԺԱՄ ԱՆՁՐԵՎԻ ՏԱԿ ՇԱՆ ՊԵՍ ԹԶԻ ԾԱՌԻՑ ԿԱՊՎԱԾ ԵՄ ՄՆԱՑԵԼ"
Արխիվ 12-16"ՀԻՆԳ ԺԱՄ ԱՆՁՐԵՎԻ ՏԱԿ ՇԱՆ ՊԵՍ ԹԶԻ ԾԱՌԻՑ ԿԱՊՎԱԾ ԵՄ ՄՆԱՑԵԼ"
"Երեք տարի գրեթե ամեն օր ծեծվել ու նվաստացվել եմ": Այսպես սկսեց մեզ հետ զրույցը ԼՂՀ Մարտակերտի շրջանում աշխատանքային թրաֆիքինգի ենթարկված, Տավուշի մարզի Դովեղ գյուղի բնակիչ 42-ամյա Վահագն Ամիրխանյանը: Ապա անդրադառնալով իր հետ կատարվածի մանրամասներին, Վահագնը շարունակեց պատմել.-Երեք տարի որպես անասնապահ աշխատել եմ Մարտակերտի շրջանում` խոշոր ձեռնարկատեր Գրիշա Սարգսյանի եւ նրա կնոջª Օֆելյա Օհանջանյանի մոտ: Սկզբնական շրջանում կարծես թե նորմալ էր: Սակայն ամեն ինչ փոխվեց այն բանից հետո, երբ չնկատեցի, թե ինչպես անասունը հասավ ձորի բերանը, ընկավ եւ սատկեց: Այդ անասունի սատկելուց հետո Գրիշա Սարգսյանն սկսեց ինձ, այսպես ասած, անասունի տեղ դնել: Էդ օրվանից սկսվեցին իմ դժոխային օրերը. ծեծում էր` էլ փայտով, էլ ոտքով, էլ անասունների համար նախատեսված մահակով: Ինձ ուղիղ մեկ ամիս պահել էր անասնագոմի մեջ` հորթերի եւ ոչխարների հետ. գոմի դուռը գիշերը մետաղալարով փակում էր, որ հանկարծ դուրս չգամ: Մի օր էլ նույնիսկ իր տան բակում ինձ` շներին կապելու շղթայով կապել էր թզի ծառից մենակ նրա համար, ինչ է, թե երեկոյան անասունները դաշտից տուն վերադառնալու ժամանակ հորթերը խառնվել էին կովերին, ինչը ես չէի կարողացել կանխել: Էդպես հինգ ժամ անձրեւի տակ շան պես թզի ծառից կապված եմ մնացել, հետո մի կերպ կարողացել եմ մի ձեռքս ազատել այդ շղթայից: Պատկերացրեքª ինքը էնքան ամուր մեջք ուներ, որ երբ շղթան ձեռքիս գնացել էի ոստիկանության Մարտակերտի բաժին, որ բողոքեմ, տեղի ոստիկանները բավարարվեցին միայն նրանով, որ կանչեցին Գրիշային, որ բանալիով ձեռքս ազատի շղթայից, եւ քրեական գործ այդպես էլ չհարուցեցին: Աշխատելուս հենց առաջին օրվանից խլել են անձնագիրս, վարորդական իրավունքս, սոցքարտս ու ծննդականս: Ասում էին` քո ինչի՞ն ա պետք, սուս-փուս տեղդ նստի: Գրիշան ինձ սոված էր պահում, նրա աղջիկներն էին ինձ հորից թաքուն մի կտոր հաց բերում, որ ուտեմ` չմեռնեմ: Թե չէ որ մնար Գրիշային, կարող է եւ սովամահ լինեի: Չեք պատկերացնում` ոնց էր ծեծում, ամբողջ մարմինս կապտուկներ էր անում: Մինչեւ էսօր էդ հարվածների ուժը զգում եմ վրաս: Երեւի թուրքը թուրք հալով, էդպիսի բարոյական եւ հոգեբանական նվաստացումների, կտտանքների միջով չէր անցկացնի մարդուն:
Մի օր էլ թունավորվել էի, հաջորդ օրը տեղափոխեցին Մարտակերտի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք: Բայց դեռ չէի ապաքինվել, որ Օֆելյայի հեռախոսազանգ-պահանջով բաժանմունքի վարիչը ինձ միանգամից դուրս գրեց: Նման անմարդկային վերաբերմունք ես նույնիսկ թշնամուս չէի ցանկանա: Տաքության մեջ, ոտքերս հազիվ հետեւիցս քարշ տալով` անասուն էի պահում:
Ուզում եմ նաեւ շեշտել, որ մինչ ես, այնտեղ անասնապահ է աշխատել նաեւ Հայաստանի Մարտունի քաղաքից Գյուլնարա Օհանյանի տղան` 12-ամյա Ավետիքը, ով Մարտակերտի դաշտերում անասուն պահելու ժամանակ, 2005թ. օգոստոսի 14-ին նռնակի պայթյունից զոհվել է: Ավետիքի 8-ամյա քույրը` Անին, Մարտակերտում արածեցրել է այլ անասնատիրոջ ոչխարները:
- Իսկ Ձեզ որեւէ գումար վճարե՞լ են այնտեղ աշխատելու ընթացքում:
- Ոչ, ոչ մի կոպեկ չեմ ստացել: Ասում էր` ի՞նչ փող տամ, էդ ի՞նչ ես անում, որ փող ես ուզում, գլուխդ կախ աշխատի, թե չէ, գիտես, ձեռիցս չես պրծնի: Առանց աշխատավարձի աշխատել եմ, մենակ նեգրի պես քրտնել եմ ու ծեծվել, դա մի ուրիշ տեսակ տանջանք էր (արցունքները հազիվ է զսպում- Ի. Ա.): Չեք պատկերացնում, թե ինչ հայհոյանքներ, նվաստացուցիչ բառեր էր ասում, ինձ անունով չէր դիմում, ասում էր` այ քոծ:
Մեր զրուցակցի խոսքովª տվյալ գյուղ օրերս այցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնից: Նա իրավապահ մարմինների ներկայացուցիչներին պատմել է իր հետ կատարվածը. "Պատմեցի գլխովս եկածը: Ասացինª անպայման հետամուտ կլինեն իմ հարցով, կօգնեն` ինչով կարող են":
Ծեծերի հետեւանքով Վահագն Ամիրխանյանի մոտ մի շարք առողջական խնդիրներ են առաջացել, ունի խնդիրներ նաեւ հիշողության հետ կապված: "Գիշերները կողոսկրերիս ցավերից չեմ կաողանում աչքս կպցնել, աշխատանք հիմա չունեմ, տեղ չկա, բայց, որ լինի, չեմ նայի էս վիճակիս, կգնամ, կաշխատեմ, որ համ իմ գլուխը պահեմ, համ էլ թոշակառու ծնողներիս":
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

