ՎԱՃԱՌՔԻ ԵՆ ՀԱՆՎԵԼ ՌԴ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԴԱՍԱԳՐՔԵ՞ՐԸ
Արխիվ 12-16ՎԱՃԱՌՔԻ ԵՆ ՀԱՆՎԵԼ ՌԴ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԴԱՍԱԳՐՔԵ՞ՐԸ
Վերջին օրերի ընթացքում մամուլում եւ հանրության շրջանում հաճախ է անդրադարձ կատարվում այս օրերին Երեւանում եւ մի շարք մարզերում գտնվող տարբեր դպրոցների ջեռուցման խնդրին: "Դասասենյակները ցուրտ են, երեխաները մրսում են",- այսպես են խնդրի մասին բարձրաձայնում ծնողները: Այս եւ մի քանի այլ հարցերի շուրջ փորձեցինք զրուցել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ ՆԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ, ով անդրադառնալով դպրոցներում ջեռուցման խնդրին մասնավորապես նշեց.-Իրականությանը չեն համապատասխանում խոսակցություններն այն մասին, որ դպրոցներում ջեռուցում չկա, որովհետեւ բոլոր դպրոցները ջեռուցման համար բյուջե ունեն եւ պետք է այդ բյուջեի մեջ տեղավորվելովª հոգան ջեռուցման ամբողջ խնդիրը: Ավելին` շատ դպրոցներից ես լուր ունեմ, որ տաք է` դրա համար չեն ջեռուցվում:
Ինչ վերաբերում է մարզերի դպրոցների ջեռուցմանը, ես այդ մասով տեղեկություն չունեմ, քանի որ մարզերի ջեռուցման պատասխանատուններն իրենց կառավարման լիազոր մարմիններն են: Համենայնդեպս ես տեղյակ եմ, որ բոլոր դպրոցների տնօրենները զգուշացված են, որ այս օրերին, կարող են առավոտյան դասասենյակներում էլեկտրական սարքեր` "պլիտաներ" միացնել եւ "կոտրել" սենյակի ջերմաստիճանը:
- Ջեռուցումից անցնենք մեկ բավականին հին եւ ցավոտ թեմայի. ի՞նչ կասեք այն մասին, որ թե մարզերի եւ մայրաքաղաքի տարբեր դպրոցներում ուսուցիչները աշակերտներից պարբերաբար պահանջում են թանկ գնով դրսից գրքեր առնել:
- Միանշանակ չի կարելի, դրա մասին խոսք անգամ չի կարող լինել: Գոյություն չունի դրամահավաքություն ասվածը որեւէ բանի համար, որը դպրոցին չի վերաբերում: Այսինքն, եթե դրանք դպրոցական դասագրքերի վարձավճարները չեն, այլ այլ տետրեր են կամ այլ գրքեր, չի թույլատրվում: Եթե ուսուցիչը ուզում է լրացուցիչ գրքեր` լրացուցիչ աշխատանք տանելու համար, նա ինքն իր համար կարող է գնել եւ այդ լրացուցիչ նյութերն օգտագործել իր գնված գրքից: Բայց եթե որեւէ ծնող իր երեխայի համար լրացուցիչ գնում է այլ գիրք, դա արդեն ծնողի կամքն է:
- Մենք ունենք օրինակներ, երբ ուսուցիչը աշակերտից պահանջում է լրացուցիչ տետրեր, գիրք գնել, պատճառաբանելով, այդ գիրքը դպրոցներում չկա: Մասնավորապես ռուսերեն եւ անգլերեն լեզվի գրքերի մասին է խոսքը:
- Նախ անդրադառնամ կոնկրետ ռուսերենի տետրերին. կան ռուսերենի տետրեր, որոնք իսկապես շատ լավ տետրեր են: Ուսուցիչները ծնողների հետ խոսում են, եւ եթե բոլորը համաձայնում են, ապա ծնողխորհուրդը կարող գնալ եւ գնել այդ տետրերը, որն իսկապես լրացուցիչ գիտելիք է տալիս եւ շատ կապված է այդ գրքի հետ: Նման դեպքեր կան, էսպես կտրուկ չենք ասումª ոչ: Նորից եմ ասում` կան տետրեր կամ առաջին դասարաններում օգտագործվող տետրերը, որը օգնում է, որ երեխան ավելի գրաճանաչ դառնա, եթե ծնողկոմիտեն համաձայն է, այն գնում են: Իսկ եթե ոչ, կարող են այդ տետրը պատճենահանված բաժանել աշակերտներին: Այսինքն, եթե ծնողը եւ ուսուցիչը գալիս են համաձայնության, այնուամենայնիվ թույլատրվում է, որ ծնողները գնան գրախանութից իրենց երեխաների համար լրացուցիչ գիտելիքի աղբյուր բերեն:
- Շատ ժամանակ աշակերտներից պահանջում են, որ գնեն հինգերորդ դասարանի ռուսաց լեզվի եւ անգլերենի գրքեր, որոնք շատ թանկ արժեն: Դա ինչո՞վ կբացատրեք, որովհետեւ այս դեպքում եւս ունենք կոնկրետ փաստեր:
- Նման բան չի կարող լինել, որովհետեւ ռուսերենի գրքերը դեսպանատունը տվել է անվճար: Մինչ այդ պահանջում էին, բայց այս տարվանից այդ լրացուցիչ գրքերը դեսպանատունը անվճար տրամադրեց, որը խորացված ռուսերենով դպրոցների համար է: Այլ գիրք ռուսերենի համար չկա: Նույնը անգլերենին է վերաբերում:
- Մամուլում պարբերաբար խոսվում է տարբեր դպրոցներում դրամահավաքությունների մասին: Հետաքրքիր էª ինչպե՞ս են ԿԳ-ի կողմից պատժվում դրամահավաքությամբ զբաղվող տնօրենները կամ ուսուցիչները եւ ի՞նչ տենդենց եք նկատում:
- Այո, տեսչությունը նման դեպքեր է արձանագրել, թեժ գծերով եւս ստանում ենք նման ահազանգեր: Եվ այդ բոլոր դեպքերում պատժվել` նկատողություն է ստացել կամ դասվարը, դասղեկը կամ տնօրենը: Համեմատած նախորդ տարիներին, դպրոցներում դրամահավաքության դեպքերը քիչ թե շատ նվազել են:
Չնայած հանրակրթության վարչության հարգարժան պետի պնդմանըª վստահեցնում ենք, որ մի շարք դպրոցներում դրամահավաքությունները ոչ թե նվազել, այլ բուռն ծաղկում են ապրում: Ավելինª հնարագիտությունը հասել է նրան, որ միասնական համազգեստի անվան տակ զգալի "նալոգ" է դրվել ծնողների վրա, թեեւ տրամադրված հագուստն այնքան տհաճ է, որ երեխաներից որեւէ մեկի մտքով անգամ չի անցնում հագնել:
Ինչ վերաբերում է ռուսերենի դասագրքերին, ապա նորից ենք վստահեցնում, որ կոնկրետ դպրոցների ամբողջական դասարանների հենց այս տարի պարտադրվել է դրանք ձեռք բերել: Եվ եթե պարզվում է, որ այդ դասագրքերը ռուսական "դեսպանատունը տվել է անվճար", ապա կարծես թե այս պատմությունից նաեւ միջպետական սկանդալի հոտ է սկսում փչել: Եվ վատ է, որ այդպես էլ ԿԳ նախարարության հանրակրթության վարչությունն այդպես էլ համառորեն այս ամենը չի տեսնում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

