«Ի ԼՈՒՐ ՀԱՅ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ` ՆՈՒՐՍՈՒԼԹԱՆ ԱԲԻՇԵՎԻՉԸ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՏԵԳՐՄԱՆԸ ԵՏՄ-ԻՆ»
Արխիվ 12-16«Ի ԼՈՒՐ ՀԱՅ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ` ՆՈՒՐՍՈՒԼԹԱՆ ԱԲԻՇԵՎԻՉԸ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՏԵԳՐՄԱՆԸ ԵՏՄ-ԻՆ»
Օրերս Հայաստանում էր Ղազախստանի «Նուր Օթան» իշխող կուսակցության Հանրային քաղաքականության ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու ՍԵՐԻԿ ԿՈԺԿԵՆՈՎԸ, ով ելույթ ունեցավ «Հայաստանի Եվրասիական հեռանկարը. տարածաշրջանային եւ գլոբալ մարտահրավերները» թեմայով կոնֆերանսի ժամանակ: Կոնֆերանսից հետո «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցել պարոն Կոժկենովի հետ` ՀՀ ԵՏՄ անդամակցման, հայ-ղազախական հարաբերությունների, ինչպես նաեւ վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին:
«ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՅՆԱԿ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԱՅԼԵՎՍ ԳՈՅԱՏԵՎԵԼ»
-Պարոն Կոժկենով, ըստ Ձեզ, Հայաստանը անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, ի՞նչ կկորցնի եւ ի՞նչ ձեռք կբերի:
- Ընդհանրապես, գլոբալ աշխարհում պետությունները միայնակ չեն կարող այլեւս գոյատեւել: Նույնիսկ շատ մեծ պետություններն այսօր ինտեգրվում են միությունների մեջ, որ կարողանան դիմակայել գլոբալիզացիային: Կարծում եմ` Հայաստանը անդամակցելով ԵՏՄ-ին, ոչինչ չի կորցնի, բայց ձեռք կբերի շատ առավելություններ: Եվ այստեղ պետք է այսպիսի հարց առաջ քաշել, թե Հայաստանն ի՞նչ կարող է տալ Եվրասիական տնտեսական միությանը, որովհետեւ Հայաստանը կարող է հպարտորեն ասել, որ ունի տնտեսական եւ ինտելեկտուալ մարդկային ռեսուրսների մեծ պոտենցիալ: Հայաստանը ճիշտ որոշում է կայացրել` բռնելով ԵՏՄ անդամակցման ուղին, ու նախ` ինտեգրման շրջանակներում այն կստանա իր առավելությունները` տրանսպորտի, էներգետիկայի, նորագույն տեխնոլոգիաների առումով: Եվ երկրորդ, որը նույնպես կարեւոր է Հայաստանի համար, հայերը կստանան ազատ տեղաշարժման եւ աշխատանքի տեղավորման հնարավորություն` ինչպես Ռուսաստանի Դաշնությունում, այնպես էլ Բելառուսում եւ Ղազախստանում: Իհարկե, նաեւ երիտասարդները կարող են իրենց լավագույն կրթությունը կազմակերպել ԵՏՄ անդամ երկրներում եւ միեւնույն ժամանակ լուծել սոցիալական կարեւոր խնդիրներ: Այս բոլոր առավելությունները Հայաստանը կստանա ամենակարճ ժամանակահատվածում, եւ ՀՀ քաղաքացիները կհամոզվեն դրանում:
«ԵՏՄ-ՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է «ՄԵԿ ԵՐԿԻՐ, ՄԵԿ ՁԱՅՆ»
ԿԱՐԳԱԽՈՍԸ»
-Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի մի քանի հայտարարություններից հետո ամերիկյան եւ արեւմտյան մի շարք վերլուծաբաններ նշում էին, թե պարոն Նազարբաեւի սրտով չէ բոլորովին ՀՀ ԵՏՄ անդամակցումը: Ի՞նչ կասեք այս մասին:
- Դա ճշմարտությանը չի համապատասխանում: Ձեր թերթի միջոցով խնդրում եմ ի լուր հայ հանրության հայտնեք, որ Նուրսուլթան Աբիշեւիչը կողմնակից է Հայաստանի ինտեգրմանը ԵՏՄ-ին: Ավելին` Եվրասիական տնտեսական միության պայմանագրի համաձայն` նա գործում է «Մեկ երկիր, մեկ ձայն» կարգախոսով: Դա նշանակում է, որ բոլոր որոշումները, որոնք ընդունվում են ԵՏՄ-ում, իրականություն են դառնում անդամ պետությունների կոնսենսուսի միջոցով, այսինքն` անդամ երկրների լիակատար դրական արձագանքի դեպքում միայն: Եվ Ղազախստանը կողմ քվեարկելով Հայաստանի` ԵՏՄ անդամակցմանը` արդեն իսկ խոսում է Ղազախստանի դրական տրամադրվածության մասին:
«ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ԲԻԶՆԵՍ-ՆԱԽԱԳԾԵՐՈՒՄ ՆՈՒՅՆՊԵՍ ՄԵՆՔ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԵԶՈՒ ԿԳՏՆԵՆՔ»
-Իսկ ԵՏՄ-ի շրջանակներում հայ-ղազախական հարաբերությունների ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում:
- Նախ նշեմ, որ Ղազախստանի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ այսօր շատ լավ հարաբերություններ են ստեղծված, նույնը կարող եմ ասել հայ եւ ղազախ ժողովուրդների հարաբերությունների մասին: Վստահ եմ, որ բիզնես-նախագծերում նույնպես մենք ընդհանուր լեզու կգտնենք: Այնպես որ, մենք էլ ենք շահագրգռված, որ Հայաստանի ինտեգրումը ԵՏՄ-ին կայանա: Եվ եւս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը միշտ կողմնակից է եղել ինտեգրացիոն գործընթացներին, այդ թվում նաեւ, որ Հայաստանը անդամակցի ԵՏՄ-ին: Այստեղ չպետք է որեւէ կասկած լինի: Պետք չէ հավատալ այն վերլուծաբաններին կամ ուժերին, որոնք հակառակն են պնդում: Եկեք չմոռանանք. Աստանայում պարոն Նազարբաեւը ասաց, որ Հայաստանը միանշանակ կարող է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը:
«ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ԽՆԴԻՐԸ ՊԵՏՔ Է ԴԻՏԱՐԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ»
-Անդրադառնանք նաեւ մի քանի օր առաջ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ ադրբեջանական հերթական սադրանքի պատճառով ուսումնավարժական թռիչք կատարող հայկական ուղղաթիռ խոցվեց...
- Առաջին հերթին` Ձեր թերթի միջոցով ուզում եմ ցավակցություններս հղել կատարվածի կապակցությամբ: Դա իսկապես ողբերգական դեպք էր, որը դեռեւս պետական, պաշտոնական մակարդակով կհետաքննվի: Բայց կարծում եմ` կա շատ լավ մեխանիզմ, որն իրեն արդարացրել է ամենուր: Դա ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որը խնդիրը պետք է դիտարկի միջազգային իրավունքի տեսանկյունից: Այլ մեխանիզմ հիմա չկա, որը թույլ չի տա, որպեսզի այս կոնֆլիկտը զարգանա: Չէ՞ որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ընդունել են համապատասխան հայտարարություններ, ըստ որի, պետք է կարողանան մաքսիմալ նվազեցնել լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանում ու հասնել խնդրի խաղաղ, դիվանագիտական լուծման: Վստահ եմ, որ հենց այս մեխանիզմի շնորհիվ վաղ թե ուշ կլուծվի հայ-ադրբեջանական կոնֆլիկտը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

