Խորհրդարանը շուտով քննարկելու ու վավերացնելու է Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը: Սակայն միայն ԲՀԿ-ն, չգիտես ինչու, համառորեն ոչ մի հստակ դիրքորոշում չի հայտնում: "Իրավունքը" կրկին փորձեց ԲՀԿ մամլո խոսնակ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻՑ տեղեկանալ` հիմա ԲՀԿ-ն կո՞ղմ է, թե՞ դեմ` ԵՏՄ-ի անդամակցությանը, ինչո՞ւ է հապաղում կուսակցությունը վերջնական դիրքորոշում հայտնել. "Որովհետեւ պայմանագիրը չի եկել խորհրդարան",- հերթապահ պատճառաբանությունն ասաց Տ. Ուրիխանյանը:
-Երբ գա հասնի ԱԺ, կհասցնե՞ք այդ ստվարածավալ փաստաթղթին ծանոթանալ կարճ ժամանակահատվածում: - Իսկ Ձեզ ո՞վ ասաց, որ մենք չունենք ուսումնասիրություններ, բայց փաստաթուղթը պետք է գա, որպեսզի մենք կարողանանք պաշտոնապես դիրքորոշում հայտնել: - Դուք անձամբ կո՞ղմ, թե՞ դեմ եք այդ անդամակցությանը: - Ես անձնապես ունեմ շատ երկար ասելիք դրա շուրջ, որը միջազգային տարբեր ձեւաչափերի շրջանակներում արտահայտել եմ: - Իսկ այդ ասելիքը ԵՏՄ-ին "կողմի"՞, թե՞ "դեմ"-ի շրջանակներում է: - Մենք կողմ կարող ենք արտահայտվել, եթե հասկանանք` ՀՀ-ն օգտվելո՞ւ է այդ իրավիճակից, թե ոչ: Հետաքրքիր է, մի՞թե մինչ հիմա ԲՀԿ-ն այդպես էլ չի հասկացել, ԵՏՄ-ն ՀՀ-ին օգնելո՞ւ է, թե՞ վնասելու: