ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ
Արխիվ 12-16ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ
Բավականին աննկատ ԱԺ արտահերթ նիստում տեղի ունեցավ այն իրադարձությունը, որ հիրավի կարելի է անվանել լիբերալիզմի վերջ: 106 կողմ ձայնով, միասնաբար իշխանությունը, այլընտրանքն ու ընդդիմությունը ընդունեցին օրենք, որով սահմանամերձ համայնքների բնակիչների կոմունալ ծախսերի կեսը վճարում է պետությունը: Հետխորհրդային իրականությունում համատարած ներմուծված վայրի լիբերալիզմի տեսակետից դա հավասարազոր է "սրբապղծության", սակայն մեր ԱԺ-ում անցավ լիակատար համաձայնության պայմաններում:
Մթնոլորտն է փոխվել, եւ այդ փոփոխությունը ԵՏՄ-ի անդամակցության համաձայնագրի ստորագրման ուղղակի հետեւանք է:
"ԵՌՅԱԿԻ" ՓՈԽԱՐԵՆ` ԲԱԶՄԱԹԻՎ "ԵՌՅԱԿՆԵՐ", "ԶՈՒՅԳԵՐ" ԵՎ ԱՅԼՆ
Բավականին սահուն կերպով էլ անցյալի գիրկն ուղարկվեց նաեւ իշխանափոխության կատեգորիան, համենայնդեպս, դրա մայդանային տարբերակը: Այն, ինչ անվանվել է "համաժողովրդական շարժում", հիմա ունի մեկ տեր` ի դեմս ԲՀԿ-ի: Եվ մոտ ապագայում հրապարակների ալեկոծում չի երեւում` ի հեճուկս Լեւոն Ակոպիչի եւ Րաֆֆի Ռիչարդիչի: Ճիշտ է, օրինակ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը այդ իրողության հետ համակերպվում է նույնպիսի դժվարությամբ, ինչպես կհամակերպվեր ծանր ողբերգության հետ, բայց ինչպես ասել էր ԼՏՊ-ն` ԵՏՄ-ն այլեւս "անշրջելի իրողություն է": Եվ վերաձեւակերպելով խորհրդային տարիների հայտնի ասացվածքը, որը նաեւ հոյակապ ֆիլմի վերնագիր է, կարող ենք ասել, որ ԵՏՄ-ն արցունքներին չի հավատում: Տարատեսակ մայդաններն այլեւս քաղաքական ֆանտաստիկայի ոլորտից են: Եվ ընդդիմադիր կամ ոչ իշխանական գործունեության ընդամենը մեկ տեսակ է մնացել` պատրաստվել հերթական ընտրությունների:
Հենց դա էլ արվում է: Ճիշտ է, իներցիայով դեռ ձեւականորեն օգտագործվում է իշխանափոխություն տերմինը, բայց ամեն ինչ տեղավորվում է հենց հաջորդ ընտրություններին պատրաստվելու ձեւաչափում: Զորօրինակ, վարչապետն առաջարկեց, որպեսզի ընդդիմության հետ համատեղ ստեղծվեն 3-ական հոգուց բաղկացած աշխատանքային խմբեր` չարաբաստիկ 12 կետերը առարկայական քննարկելու համար, ԱԺ նախագահն էլ հրավիրեց խմբակցությունների խորհրդակցություն: Բայց առայժմ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ "Ժառանգությունը" չհամաձայնեցին, նազուտուզ արեցին:
Եվ թե ինչքան կտեւի այդ կետերի շուրջ քննարկումների, առաջարկությունների, համաձայնությունների ու մերժումների շրջանը, ոչ ոք չգիտի: Բայց մի բան պարզորոշ երեւում է, որ ոչ իշխանական ուժերի համար ԱԺ ամբիոնը դարձել է պոպուլիստական ելույթների տեղ, ուր յուրաքանչյուրը ձգտում է ցույց տալ, թե ինքն ինչքան պուպուշ է եւ ժողովրդի մասին մտածող, եւ ինչքան "քըխ" է ՀՀԿ-ն:
Բայց մի կարեւոր փոփոխություն տեղի ունեցավ ԲՀԿ-ի ձեռամբ: Այդ կուսակցության առաջնորդը որոշեց բոլորի հետ հաղորդակցվել երկկողմանի պայմանավորվածությունների ձեւաչափով, այդ թվում եւ ոչ խորհրդարանական ուժերի հետ: Այսինքն` ճամբարի լիդերը ԲՀԿ-ն է, որն առանձին-առանձին պայմանավորվում է ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ: Ով հոժար է, կօգտվի կրտսեր գործընկերոջ բոլոր հնարավորություններից, այդ թվում եւ նյութաֆինանսական օժանդակությունից, ով հոժար չէ` բարի գալուստ քաղաքական լուսանցք:
Իսկ ընդդիմադիր ուժերից ով ցանկություն ունենա գործել ԲՀԿ-ի կցորդի կարգավիճակից դուրս` պետք է օժանդակություն փնտրի, եւ, համենայնդեպս, այդ օժանդակությունը "քեռի Սեմի" մոտ գտնելը գնալով դառնալու է ավելի ու ավելի դժվար եւ ժամանակի ընթացքում` անհնարին: Սկզբունքորեն չափավոր լիբերալ արեւմտամետի վարքագիծ դրսեւորողներ արդեն տեսնում ենք` որպես կանոն, ծայրահեղություններից իրեն հեռու պահող Թեւան Պողոսյան, բավականին զգուշավոր Խաչատուր Քոքոբելյան, ճկունության հրաշք աստիճաններ ի ցույց հանող Ռուբիկ Հակոբյան եւ վերջապես` ԵԱՀԿ-ի անգործության դեմ հացադուլ սկսած "Ժառանգության" երիտասարդ խոսնակ Դավիթ Սանասարյան: Ի դեպ, նույն տիրույթի գործիչ կարելի է համարել եւ "Ժառանգությունից" փաստացի պոկված Ստյոպա Սաֆարյանին:
ՄԱՐԳԻՆԱԼՆԵՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ ԸՆԴՀԱՏԱԿ
Ինչ վերաբերում է ծայրահեղ արեւմտամետ դրսեւորումներին, ապա այդ դիրքերից հանդես եկողներին այժմ այնքան էլ հեշտ չէ գտնել: "Նախախորհրդարանի" պես միավորումը թեեւ խոսում է "հեղափոխական" գործողությունների մասին, սակայն դրանց սկիզբը նշանակել է մյուս տարվա ապրիլի 24-ին: Իսկ մինչ այդ, ինչպես կասեր ժողովուրդը, կամ էշը կսատկի, կամ` իշատերը: Համենայնդեպս, ԵՏՄ անդամակցության ռեալ պայմաններում դժվար թե ընդհանրապես տեղ լինի հեղափոխական մեթոդներին:
Ինչ վերաբերում է մյուսներին, ապա, այսպես կոչված, "եվրոպական ընտրություն" հռչակողները բավականին քիչ են երեւում անգամ "Ֆեյսբուքում": Նույնիսկ այս պահին նրանք ինչ-որ տեղ նմանվում են թանգարանային նմուշների: Իսկ տարատեսակ գրանտակեր հաստատությունները ընդհանրապես դաշտում չեն երեւում: Մասնավորապես, գենդերաստներն ու համասեռամոլության լոբբիստները հայալեզու տիրույթում գրեթե բացակայում են, բացառությամբ այն դեպքերի, երբ կարողանում են "շիթիլ լինել" 6-րդ շարասյան ներկայացուցիչ որեւէ ծախու չինովնիկի ու նրա շվաքի տակ սեփական քայքայիչ ծրագրերը փորձել ներկայացնել` որպես պետության կողմից գրեթե հավանություն ստացած մի բան:
Միակ տեղը, ուր նրանք լիովին անկեղծանում են, անգլալեզու գրեթե անհայտ կայքէջերն են, եւ կարելի է ասել, որ գրանտային 30 արծաթի "ասպետները" գործնականում գրեթե ընդհատակում են: Լրատվական-քարոզչական դաշտում էլ, չնայած այդ դաշտի գերակշիռ մասը նստած է ամերիկյան հարկատուի փողի վրա, նույնպես աստիճանաբար նվազում է գենդերաստների եւ այլ "եվրաարժեքների" պաշտպանների տեղեկատվական ներկայությունը: Դե պարզ է, օրինակ, լրատվական կայքը չի կարող հետեւելով գրանտակերների գործելաոճին (ովքեր գրեթե գաղտնի սեմինարներ եւ խորհրդաժողովներ են անցկացնում) եւ հանդես գալ գաղտնի հրապարակումներով: Իսկ յուրաքանչյուրը մտածում է նաեւ ԵՏՄ-ի պայմաններում գործելու մասին, եւ դժվար թե շատերին հրապուրի "ռեժիմի դեմ հերոսական պայքարի" դոնքիշոտությունը:
Այդ պատճառով այժմ տեղեկատվական-հոգեբանական պատերազմի ամենակեղտոտ հատվածը տեղափոխվել է սոցիալական ցանցեր, հիմնականում "Ֆեյսբուք", ուր բազում կեղծանուն օգտատերեր, կամ ինչպես ընդունված է ասել` "ֆեյքեր", իրենց հացն են վաստակում ադրբեջանական քարոզչության նմուշները տիրաժավորելով եւ դրանով իսկ փորձելով առավելագույնս պղտորել մթնոլորտը: Օգտագործվում են նույնիսկ ամիսներ առաջ մոգոնված հեքիաթները` իբր 5 միլիարդ դոլարով Արցախն Ադրբեջանին վաճառելու վերաբերյալ, էլ մնացյալ ցնդաբանությունների մասին չենք էլ խոսում: Բայց պարզ է, որ ընդհատակյա ցանցերի սկզբունքով գործող միավորումները եւ դրանցում ընդգրկված անհատները անխուսափելիորեն վաղ թե ուշ հայտնվելու են ազգային անվտանգության մարմինների տեսադաշտում:
Այնպես որ, բացահայտ հակապետական դիրքերում մնում են միայն նրանք, ովքեր վաղուց "վառված"-պրծած են ու այլեւս չունեն կերպարանափոխության որեւէ ռեսուրս: Խոսքը հիմնականում սաքունցանման երեւույթների մասին է, որոնք այնքան էլ շատ չեն: Իսկ մյուսների համար, թերեւս կարեւոր զբաղմունքներից մեկը կդառնա 1000 թումանով մկան ծակ փնտրելը...
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

