ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Արխիվ 12-16ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գյումրու ավագանին դեռ այս տարվա մարտին կասեցրեց քաղաքում գործող թիվ 22 միկրոավտոբուսային երթուղու գործունեությունը: Թեեւ որպես պաշտոնապես պատճառ նշվում էր, թե քաղաքապետարանի տրանսպորտի բաժինը խախտում է արձանագրել երթուղու աշխատանքում, սակայն միաժամանակ կային խոսակցություններ, որ խոսքն իրականում եկամտաբեր բիզնեսների վերաբաշխման մասին էր: Այսինքն, որ երթուղին սպասարկող "Սրընթաց ուղիներ" ընկերությունը պատկանում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքին, եւ այդ բիզնեսին ցանկանում էին տեր դառնալ գործող քաղաքապետի մերձավորները:Շատ չանցածª աղմուկն աստիճանաբար հանդարտվեց, սակայն օրերս Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ավագանու նիստին հաղորդեց, որ քաղաքապետարանը երկրորդ հայցն է ներկայացրել "Սրընթաց ուղիներ" ընկերության դեմ: Ուստիեւ մեկնաբանությունների ակնկալիքով դիմեցինք նախկին քաղաքապետինª ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ, ով խոսակցությունը սկսեց իրեն յուրահատուկ ոճով.
- Մարդու արածների մասին պետք է մեկնաբանություն անել... Սատանայություն է, կա չէ՞ բարի հրեշտակ եւ չար սատանա, բանսարկու: Դե հիմա տվյալ անձնավորությանը Դուք ինքներդ ոնց ուզում եքª որակեք: Մարդկանց պետք է ճանաչեք իրենց գործերով, ոչ թե բերանի խոսքով, համամիտ չե՞ք: Էլ ինչ ասեմ, հիմա մեր անունի հետ խաղացող մարդիկ էլ սատանայություն անողներ են: Համ էլª էդ ընկերությունը մեր ընտանիքին չի պատկանում:
- Այդ դեպքում ինչո՞ւ են գյումրեցիները կապում դա Ձեր անվան հետ:
- Գյումրեցիները չեն կապում, նմանատիպ սատանեքն են կապում. գյումրեցիներին մի կապեք սատանեքի հետ: Տվյալ անձնավորությունը, անունն էլ չեմ ուզում տալ, ի՞նչ իրավունք ունի խոսել գյումրեցիների անունից, երբ ինքն ընդհանրապես գյումրեցու հետ կապ չունի: Ինքը Կիրովաբադի անունից թող խոսա, որովհետեւ իրենք ծագումով էդ կողմերից են: Էս երեսուն տարի Գյումրիում ո՞վ է դրան տեսել, դրա համար էլ ոչ մի գյումրեցի իրեն չի ընդունում:
- Բայց չէ՞ որ գյումրեցիներն են իրեն ընտրել...
- Դուք չգիտե՞ք, որ չեն ընտրել. ինքն ընտրված մարդ չէ: Եթե ընտրեին, մենք իրեն կհարգեինք: Զարմանում եմ, որ լրատվության մեջ այդքան փորձ ունեք, եւ չեք կարողանում նկատել ժողովրդի բերանի խոսքը, այլ հիմք եք ընդունում մի քանի թափթփուկների ասածներն ու դա ներկայացնում ամբողջ ժողովրդի անունից: Բայց վստահ եմ, որ ինքդ շատ լավ գիտեսª տվյալ անձնավորությունը ընտրվե՞լ է, թե նշանակվել: Հիմա էլ նոր ռեկլամի ձեւ է ընտրել, իբր Գյումրու մասին գիրք է պատվիրել, որ գրեն: Ուղղակի անհարմար է, Գյումրին էնպիսի մի գիրք ունի, որ բոլոր քաղաքները, այդ թվում օտարերկրյա` կնախանձեին:
- Պարոն Ղուկասյան, օգտվելով առիթից, կցանկանայինք Ձեր կարծիքը իմանալ այն շրջանառվող լուրերի մասին, որ Գյումրին վաղուցվա գողականների քաղաք է եղել եւ դրա վառ ապացույցը` Գյումրիում թաղված "օրենքով գողերի" գերեզմաններն են:
- Գողականը լրագրողներն են... Հետո, գիտե՞ք, գողականը լրիվ այլ հասկացողություն է: Հիմա կյանքն ուրիշ է, այլ ձեւով են մարդիկ ապրում: Նմանատիպ բաներ չկան. Գյումրին մշակույթի, արվեստների, առողջ, ազգասեր, դուխով տղամարդկանց քաղաք է: Այնպես, որ հերիք է` ամեն թափթփուկի խոսքերը որպես հիմք ընդունեք:
- Վերջերս ակտիվ խոսակցություներ են շրջանառվում, որ Դուք կրկին քաղաքականություն եք ուզում վերադառնալ: Դա ճիշտ է՞:
- Իսկ դա ո՞ւմ է հետաքրքրում: Դա տանջո՞ւմ է, ցավեցնո՞ւմ է մարդկանց:
- Ի՞նչը:
- Իմ հետ գալը:
- Դե, ոմանց միգուցե:
- Հա... դե, որ ցավեցնում է, կապրենք կտեսնենք:
- Որոշ ժամանակ առաջ ասում էիք, որ հիասթափվել եք քաղաքականությունից, հիմա այդպես չի՞:
- Ես ընդհանրապես քաղաքականությունից հիասթափված եմ, ու չեմ սիրում քաղաքականություն: Բայց աշխատանք շատ եմ սիրում: Էնպես որ, ոչինչ չի բացառվում, ոնց ասեցի` կապրենք կտեսնենք:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

