"ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԸ ՄԻԱԲԱՆ ԼԻՆԵՆ"
Արխիվ 12-16"ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԸ ՄԻԱԲԱՆ ԼԻՆԵՆ"
Ինչպես ժողովուրդն է ասում` իսկական տղամարդը պետք է տուն կառուցի, ծառ տնկի եւ որդի ունենա: Բժիշկ Վիգեն Կարապետյանը այդ ամենն արել է` ե՛ւ տուն է կառուցել, ե՛ւ որդիներ ունեցել, բայց ոչ թե Հայաստանում, այլ` Ֆրանսիայում: Սակայն օտար միջավայրում ընտանիք կազմելով` նա երբեք չի հեռացել իր արմատներից, զավակներին դաստիարակել է հայեցի, սովորեցրել խոսել հայերեն եւ հայ մնալ: Ինչպես Վիգեն Կարապետյանը, այնպես էլ նրա վեց զավակները յուրաքանչյուր տարի այցելում են Հայաստան: Պարոն Կարապետյանի` Հայաստան կատարած հերթական այցելության ընթացքում էլ կայացավ "Իրավունքի" հետ նրա զրույցը, որում անդրադարձավ իր ընտանիքի պատմությանը, թե ինչ պայմանով ամուսնացավ ֆրանսուհու հետ, ինչպես նաեւ հոր` Կարո Կարապետյանի թողած պատգամի եւ ֆրանսահայ երիտասարդների մասին:
"ԻՆՉ ԱՐՅՈՒՆ ՈՒՆԵՍ ՄԵՋԴ, ԱՅԴ ԱՐՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՓՆՏՐԵՍ"
-Հայրս եւ մայրս ամուսնացել են Լիբանանում, մայրս ֆրանսուհի է եղել: Նախքան ամուսնանալը հայրս կնոջն ասել է, որ պետք է Երուսաղեմում ապրեն:
Մայրս խոստացել է, որ կապրի այնտեղ, որտեղ հայրս է ցանկանում` սա միակ միջոցն էր, որպեսզի մայրս ամուսնանար իր սիրելի տղամարդու հետ: Հետո ծնվում եմ ես, որից հետո մայրս վերցնում է ինձ ու մեկնում Ֆրանսիա: Մինչեւ 16 տարեկան ես ֆրանսիացի էի ամբողջությամբ, չգիտեի` ո՞վ է հայրս, որտե՞ղ է Հայաստանը. չկար հայկական կյանք եւ գիտակցություն: Այդ ժամանակ որոշեցի հանդիպել հայրիկիս, այսինքն` արմատներիս, ինչ արյուն ունես մեջդ, այդ արյունը պետք է փնտրես: Հանդիպումը հայրիկիս հետ տեղի ունեցավ Երուսաղեմում, որտեղ ես ծնվել էի, որից հետո սկսվեցին մեր զբոսանքները հայկական վայրերում: Այդ ժամանակ ես խոսում էի ֆրանսերեն, սակայն հասկանում էի, որ իմ փնտրած լեզուն հայերենն էր: Դրան նպաստեց նաեւ հայրս, ով ասաց. "Եթե ցանկանում ես իմ որդին լինել, պետք է խոսես հայերեն, հաճախես այն եկեղեցին, որտեղ մկրտվել ես":
"ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ՀԱՅՐԻԿԻՍ ՊԱՏԳԱՄԸ ԿԱՏԱՐՎԵՑ"
-Իմ հայրը` Կարո Կարապետյանը, նույնպես բժիշկ է եղել, ով նաեւ գրում էր բանաստեղծություններ եւ նորավեպեր, նրա գրական անունը Անել է: Նա 2011 թվականին մահացավ եւ մահվանից առաջ ցանկություն հայտնեց, որ մի եկեղեցի կառուցվի` ի հիշատակ իր ծնողների` Ռաքելի եւ Հարութի, ովքեր Երուսաղեմ էին գաղթել Արեւմտյան Հայաստանի Զեյթուն գավառից: Հայրս ինձ ասել էր, որ հայերը Երուսաղեմում հողեր ունեն, որոնք վանքապատկան են, եւ այստեղ կիսակառույց եկեղեցի կա: Նա ասաց. "Եթե Հորդանան գետի ափին չկարողանաս կառուցել եկեղեցի, ապա կարող ես հենց այնտեղ կառուցել": Ցանկանում էի, որ եկեղեցին կառուցվի հայկական ճարտարապետությամբ, եւ այդ հարցում ինձ օգնեց ճարտարապետ Արտակ Ղուղլյանը: Ի վերջո կառուցվեց Սուրբ Կարապետը: Փառք Աստծո, դժվարությունները հաղթահարելով` կարողացա հորս ցանկությունն իրականացնել: Եկեղեցու օծումը տեղի ունեցավ այս տարվա հոկտեմբերին: Եկեղեցու նկարների օծմանը մասնակցեց նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով պետական այցով ժամանել էր Հորդանան:
Եկեղեցին համարվում է ուխտատեղի, որտեղ մկրտվում եւ ամուսնանում են մարդիկ: Դարեր ի վեր Հիսուս Քրիստոսի կյանքի հետ առնչվող վայրերում եկեղեցիներ չեն կառուցվում, ուստի եկեղեցու ընտրության վայրը կապ ունեցավ այս հանգամանքի հետ: Ուրախ եմ, որ հայրիկիս պատգամը կատարվեց: Եկեղեցին պետք է հոգով կառուցես եւ հոգին ապրեցնես այնտեղ: Ես կասեմ, որ այս եկեղեցին սուրբ է եւ օծված է Հիսուսի սիրով: Սուրբ Կարապետը թող հայերի փրկության խորհրդանիշը լինի:
"ՏԱՐԻՆԵՐ ԱՆՑ ԿԻՆՍ ՍՈՎՈՐԵՑ ՀԱՅԵՐԵՆ, ՈՐԻՑ ՀԵՏՈ
ՄԵԿՆԵՑԻՆՔ ԵՐՈՒՍԱՂԵՄ ԵՎ ԱՄՈՒՍՆԱՑԱՆՔ"
-Կյանքում շատ հետաքրքիր դեպքեր կատարվեցին: Երբ սովորում էի Բժշկականում` հանդիպեցի կնոջս, ով ֆրանսուհի էր: Որոշ ժամանակ շփվեցինք ու հասկացանք, որ սիրում ենք իրար: Սակայն նրան ասացի, որ իր հետ չեմ կարող ամուսնանալ, քանի որ ես ցանկություն ունեմ հայկական ընտանիք ստեղծել: Կինս լսելով իմ պայմանը` ցանկություն հայտնեց, որ հայերեն կսովորի եւ զավակներին կսովորեցնի խոսել միայն հայերեն: Տարիներ անց նա վարժ խոսեց հայերեն, որից հետո մեկնեցինք Երուսաղեմ եւ ամուսնացանք: Ունեցանք վեց զավակներ, բոլորին կնքեցինք հայկական անուններով: Այսպիսի օրենք գործեց իմ ընտանիքում, որ երեխաներից ոչ ոք ֆրանսերեն չպետք է խոսի, իսկ ով խոսում էր, ապա գնում էր "պատժի անկյուն", որտեղ մնում էր մեկ ժամ: Այդ անկյունով բոլորն անցան, մինչեւ հայերենը դարձավ նրանց լեզուն: Կինս շատ պարզ կին է եւ շատ է հավանում Հայաստանը, քանի որ այս երկիրն էլ նրա նման պարզ է: Ի դեպ` նրա անունը ֆրանսիական էր, մենք նրան տվեցինք Շնորհիգ անունը:
"ՈՐՈՇԵՑԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼ`
Ի ՀԻՇԱՏԱԿ ԻՄ ՆԱԽՆԻՆԵՐԻ"
-Իմ եւ հայրենիքիս` Հայաստանի առաջին հանդիպումը տեղի ունեցավ 1988 թվականին, երբ Ֆրանսիայից որպես բժիշկ եկա Սպիտակ, որպեսզի երկրաշարժից տուժածներին օգնեի: 10 օր Գյումրիում մնալուց հետո որոշեցի Հայաստանում տուն կառուցել` ի հիշատակ իմ նախնիների, որոնք 50 հոգով կոտորվեցին հայկական ջարդերի ժամանակ: 1993 թվականին Հայաստանի իմ տունն արդեն պատրաստ էր, որից հետո ամեն տարի իմ զավակներին բերում էի Հայաստան, որպեսզի երկար ժամանակ հայրենիքից հեռու չմնան: Վերջին տարիներին իմ եւ ընտանիքիս Հայաստան այցելությունը հաճախակի է դարձել` տարեկան 2-3 անգամ:
Այսօր արդեն հինգ զավակներս ամուսնացել են, նրանք նույնպես պահպանում են իրենց ինքնությունը եւ ծառայում հայկական եկեղեցուն: Նրանք Աստծո հայ զավակներն են, քրիստոնյա հայ:
"ԿԱՆ ՄԻԱՅՆ ՄԻ ՔԱՆԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ, ՈՐՈՆՔ
ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱԶԳԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ"
-Հայախոսությունը սփյուռքի մեջ բավականին նահանջել է: Փարիզում հայախոսություն գոյություն չունի, հայերեն խոսում են միայն նորեկները: Կան մի քանի ընտանիքներ, որոնք իրենց ազգասիրությունը պահպանում են: Իրենց հայեր հայտարարողներ կան, որոնք մասնակցում են ցույցերի` ի պաշտպանություն Հայաստանի եւ Հայ Դատի: Բայց շատ չնչին տոկոսն է, որ իրենց երեխաներին ուղարկում է հայկական դպրոց: Տեղի հայությունը այցելում է եկեղեցի, բայց նրանց մեջ երիտասարդները քիչ են. հիմնականում հայկական եկեղեցի գնում են մեծահասակները: Ես ցանկանում եմ, որ սփյուռքում եւ Հայաստանում հայերը միաբան լինեն, միաբանվեն Քրիստոսի սիրով եւ այդ սերը պահեն իրենց մեջ, որպեսզի կարողանանք բոլոր դժվարությունները հաղթահարել:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

