"ԴԻՐՔԱՊԱՀ" ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԼՈՒՐՋ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՎՈՒՄ
Արխիվ 12-16"ԴԻՐՔԱՊԱՀ" ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ԼՈՒՐՋ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՎՈՒՄ
Կառավարությունը գործնական քայլեր է կատարում երեք տասնյակից ավելի սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու հարցում` բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի եւ այլ վարձավճարների մասնակի փոխհատուցում: ՀՀ կառավարության հաստատած ցանկում ներառված 31 սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու գործընթացը կարգավորող "Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին" ՀՀ օրենքի նախագիծը կառավարության հավանությանն արժանացավ անցած շաբաթ օրվա արտահերթ նիստի ընթացքում, իսկ այսօր արդեն այն Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում է: Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության տակ գտնվող համայնքների բնակիչների սոցիալական բեռը որոշակի չափով նվազեցնելու հանգամանքով: Նշված համայնքների բնակիչները գտնվում են կյանքին եւ գույքին սպառնացող մշտական վտանգի ներքո, ինչը էականորեն սահմանափակում է սեփական բարեկեցությունը ապահովելու նրանց հնարավորությունը:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն` օրենքի նախագծով սահմանվում է, որ սահմանամերձ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված եւ սահմանամերձ համայնքում մշտական բնակություն ունեցող անձանց սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի եւ ոռոգման ջրի վարձավճարները մասամբ փոխհատուցվում են ՀՀ պետբյուջեի միջոցներից: Փոխհատուցման ենթակա ծավալները եւ փոխհատուցման կարգը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է ՀՀ կառավարությունը:
Նախագծով մասնակի փոխհատուցվում է նաեւ վերը նշված անձանց սահմանամերձ համայնքի տարածքում ունեցած հողերի հարկի եւ անշարժ գույքի գույքահարկի ծախսը:
Հավելենք նաեւ, որ կառավարության արտահերթ նիստի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ համարժեք գումար կստանան նաեւ այն բնակիչները, ովքեր գազից չեն օգտվում, որպեսզի ջեռուցման այլընտրանք ունենան:
Այս օրենքի նախագծով սահմանվում է նաեւ, որ սահմանամերձ համայնքների` ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետեւանքով օթեւանից զրկված բնակիչներին ՀՀ կառավարությունը պետբյուջեի միջոցների հաշվին մեկամսյա ժամկետում կապահովի համարժեք օթեւանով` նույն համայնքի տարածքում: Սահմանամերձ համայնքներում եւ դրանց հարակից տարածքներում ականի պայթյունից, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետեւանքով վիրավորված ՀՀ քաղաքացիների բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակում, զոհված քաղաքացիների ընտանիքներին ՀՀ պետբյուջեից տրվում է միանվագ օգնություն կառավարության սահմանած կարգով` հուղարկավորության եւ գերեզմանի բարեկարգման, տապանաքարի պատրաստման եւ տեղադրման ծախսերի համար: Օրենքն ուժի մեջ է մտնում 2015թ. հունվարի 1-ից եւ գործում է մինչեւ 2018թ. հունվարի 1-ը:
Երբ խորհրդարանում քննարկվում էր "Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին" օրենքի նախագիծը, օգոստոսյան հայտնի իրադարձություններից հետո, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշյալ օրինագծի վերաբերյալ իր անհամաձայնությունն արտահայտելուց զատ` առաջարկել էր հատուկ պետական ռազմավարական քաղաքականություն մշակել, իր ձեւակերպմամբ, "սահմանապահ" համայնքների նկատմամբ եւ դրանով որոշակիորեն թեթեւացնել այդ համայնքների բնակիչների սոցիալական բեռը: Կառավարության հավանությանն արժանացած "Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին" ՀՀ օրենքի նախագիծը գրեթե ամբողջությամբ բավարարում է ընդդիմադիր պատգամավորի պահանջները:
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ սահմանամերձ համայնքների վերաբերյալ կառավարության փաթեթի վերջնական տարբերակն իրենից համալիր գործողությունների գործընթաց է ներկայացնում, ինչը ոչ միայն ռազմավարական խնդիր է լուծում սահմանապահ համայնքների համար, այլեւ` քաղաքական դաշտում լիարժեք կոնսեսուս ապահովում:
ԱՐՏԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

