ԽԱՂԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ, ՊԱՐՈՆԱՅՔ ԵՐԴՎՅԱԼ ԱՏԵՆԱԿԱԼՆԵՐ
Արխիվ 12-16ԽԱՂԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ,
ՊԱՐՈՆԱՅՔ ԵՐԴՎՅԱԼ ԱՏԵՆԱԿԱԼՆԵՐ
Մեկնարկեց ԱԺ արտահերթ նստաշրջանը, որի ընթացքում վավերացվելու է Հայաստանի` ԵՏՄ անդամակցության համաձայնագիրը: Ավելի վաղ, երբ Սահմանադրական դատարանը քննում էր համաձայնագրի սահմանադրականությունը, ՍԴ շենքի մոտ տեղի ունեցավ փոքրաքանակ, բայց եզակի լաչառությամբ աչքի ընկնող բողոքի ցույց, որի ընթացքում, սակայն, հասարակական կարգը պահպանող ոստիկանները դրսեւորեցին աննախադեպ սառնասրտություն:
Ու թեեւ որոշ քարոզչամիջոցներ տարածեցին լացակումած վերնագրերով նյութեր, թե բողոքողների դեմ բռնություն կիրառվեց, սակայն տեսանյութերը վկայում են օրենքի պահապանների առավել քան կոռեկտ պահվածքը:
ԻՍԿ ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ...
Արտահերթ նստաշրջանը բացվեց առավել քան խաղաղ: Ճիշտ է, քննարկվող հարցը չէր էլ ենթադրում կարծիքների սուր բախում, քանզի խոսքը սահմանամերձ բնակավայրերին արտոնություն տալու մասին է, բայց, այնուամենայնիվ, իշխանական եւ ոչ իշխանական խմբակցությունները շատ սիրալիր էին իրար նկատմամբ: Եվ հետաքրքիր է` դա ստեղծված իրավիճակի գիտակցո՞ւմն է, որը ԼՏՊ-ի խոսքով` նշանակում է, որ ԵՏՄ-ն "անշրջելի իրողություն է", թե՞ անդորր է` վերջին փոթորկից առաջ: Չնայած, փոթորիկ էլ եթե լինի, այն կլինի ընդամենը մեկ բաժակ ջրում:
Բոլորը հասկանում են, որ ԵՏՄ-ի իրողությունը իրոք անշրջելի է, հետեւաբար առկա է ընդամենը 2 խնդիր. առաջին` հարմարվել այդ իրողությանը եւ երկրորդ` դա անել առանց սեփական դեմքը կորցնելու: Ու թերեւս դրանով կարելի է բացատրել, թե ինչու ԲՀԿ ու ՀՅԴ խմբակցություններում դեռեւս 100 տոկոսանոց հստակություն չկար, թե ինչպես պետք է քվեարկեն ընդամենը մեկ օր անց: Գումարած դրան` առկա է նաեւ "եռյակի" (կամ միգուցե զույգի՞) ձեւաչափի հետագա ճակատագիրը: Պարզ է, որ ԲՀԿ-ն չի անսալու ՀԱԿ-ի պաղատանքներին` հնարավորինս շուտ հանրահավաքներ կազմակերպելու վերաբերյալ: Դե, իսկ ԲՀԿ-ի հսկողության տակ "համաժողովրդական շարժման շտաբների" ստեղծումը ավելի շուտ գործունեության իմիտացիա է, քան բուն գործունեություն է: ԽՍՀՄ օրոք ասում էին, որ եթե ուզում ես որեւէ հարց բարեհաջող քնացնել, ստեղծիր հանձնաժողով, իսկ հիմա փոքր-ինչ այլակերպելով` կարելի է ասել, որ հարց քնացնելու համար ստեղծիր շտաբ:
Նույն "համընդհանուր" մասշտաբով սեփական ներկայությունը ցույց տալու համար Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակեց հուզումնախառն հռչակագրի նախագիծ, որն առատորեն համեմված է իշխանափոխություն բառով: ԲՀԿ-ն առայժմ դա ոչ գովաբանում է, ոչ էլ փնովում, բայց պարզ է, որ ե՛ւ "Ժառանգությունը", ե՛ւ Րաֆֆին ԲՀԿ-ին 100 տարի պետք չեն:
Հավասարապես նաեւ` ՀԱԿ-ի կարիքը չեն զգում: Ի վերջո, նույն ԲՀԿ-ին պետք է ընդամենը չկոչվել իշխանություն, հանգիստ ձգել մինչեւ հերթական ընտրությունները եւ այդտեղ վաստակել սեփական մանդատները` ճանապարհին չստեղծելով լուրջ հակասություններ իշխանության հետ: Ավելորդ միավորներ` ՀԱԿ, "Ժառանգություն", ԲՀԿ-ին ամենեւին էլ պետք չեն: Իսկ ինչ վերաբերում է մանր-մունր կուսակցություններին, ապա դրանք կամ կտարրալուծվեն ԲՀԿ-ում, կամ կունենան շատ համեստ ներկայացվածություն գործընթացներում: Իսկ թե ինչով պետք է բուռն գործունեության իմիտացիա ապահովվի` բոլորի կողմից գրեթե մոռացված "քառյակի" 12 կետերը ձեզ փեշքեշ: Ճիշտ է, հիմա ԲՀԿ-ն ասում է, որ իրեն հիմնականում հետաքրքրում է 10-րդ կետը` 100 տոկոս համամասնական ընտրակարգը, բայց նման է, որ սահմանադրական բարեփոխումներին այդ կուսակցությունը դժվար թե խանգարի: ԲՀԿ-ն ցույց տվեց, որ չի ցանկանում դառնալ օգտագործվող ռեսուրս Լեւոն Տեր-Պետրոսյանի համար, ու հավասարապես, դժվար թե ցանկություն ունենա այդպիսի ռեսուրս լինել Ռոբերտ Քոչարյանի համար: Եթե, իհարկե, վերջինս չորոշի բացեիբաց դուրս գալ առօրյա քաղաքական դաշտ եւ հրաժեշտ տալ ՀՀ երիտասարդ թոշակառուի կարգավիճակին: Բայց հիշենք, թե ժամանակին ինչում էր Ռոբերտ Սեդրակիչը մեղադրում Լեւոն Ակոպիչին` որ վերջինս առաջին նախագահի ծանր տեղը թողած` ինքն իրեն վերածեց "շարքային ընդդիմադիրի": Իսկ կցանկանա՞ ինքը` Քոչարյանը, դառնալ "շարքային ընդդիմադիր", այն էլ` ԵՏՄ-ի ռեալ պայմաններում, երբ կտրուկ մանեւրը դեպի Արեւմուտք անհնարին է: Ավելի ճիշտ` հնարավոր է, բայց միայն լուսանցքային ուժի կարգավիճակով: Այդպիսի կարգավիճակը, անշուշտ, կսազի Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց դժվար թե Ռոբերտ Քոչարյանը դա համարի հրապուրիչ ապագա ինքն իր համար:
ԱՍՔ "ՋՂԱՁԳՎՈՂՆԵՐԻ" ՄԱՍԻՆ
Բնականաբար, ներքին "մայդանային" պայմանների իսպառ բացակայությունը որոշ չափով լրացնում է Ադրբեջանն իր ռազմական սադրանքներով եւ հույժ ագրեսիվ հռետորաբանությամբ: Հայկական ուղղաթիռը խոցելուց հետո մինչ օրս այդպես էլ չկա հնարավորություն օդաչուների մարմինները դուրս բերելու, դրա փոխարեն առկա է միայն Բաքվի նորանոր սպառնալից եւ սադրիչ հայտարարությունները: Ինչ վերաբերում է հայկական կողմի պատասխանին, ապա անշուշտ ե՛ւ Սեյրան Օհանյանի ու Մովսես Հակոբյանի խոստացածը իրականություն դառնալու է, ե՛ւ Սերժ Սարգսյանի մեսիջը պարզորոշ հասել է հասցեատերերին: Այն է, որ հայկական կողմը այս անգամ թույլ չի տա, որ իրեն կարողանան թերագնահատել եւ փորձել կրկին հարցը լուծել պատերազմով:
Բայց այդ ամբողջում այժմ առկա է ոչ այնքան ռեալ գործողությունների, որքան տեղեկատվական պատերազմի պահը: Տեղեկատվական-հոգեբանական պատերազմում ե՛ւ մազութային սուլթանատը, ե՛ւ նրա իրական տերը` "Բրիթիշ Պետրոլիումը", իր ստվերային վերազգային վերնախավով հանդերձ, հասկացել են, որ ուղղակի ռազմական սպառնալիքով հնարավոր չէ ընկճել կամ խուճապի մատնել ՀՀ քաղաքացիներին եւ դա, ընդհակառակը, հանգեցնում է համախմբման: Հիմա նրանք մեթոդները փոքր-ինչ այլափոխել են: Մի կողմից` Սաքունցի տիպի իզգոյները տիրաժավորում են դավաճանական բնույթի հայտարարություններ, մյուս կողմից` շարքային "կիբերասկյարների" ցանցը ձգտում է ամեն կերպ տիրաժավորել ադրբեջանական ԶԼՄ-ներում հավաքված ամբողջ աղբը: Դրա նպատակը բավականին պարզ է` փորձել ստեղծել տպավորություն, իբր ՀՀ ղեկավարությունը ի վիճակի չէ վճռականորեն պատասխանել այդ լկտիությանը, ու այդ տարբերակով ցանել անվստահության եւ դժգոհության սերմերը: Սակայն դա չի կարող երկար աշխատել, քանզի այդ նույն քարոզչական ցանցը քայլ առ քայլ բացահայտվում է ու կորցնում իր արդյունավետությունը:
Իսկ ինչ վերաբերում է անբարոյականություն տարածող տարատեսակ գենդերաստական գրանտածիծներին, ապա նկատելի է, որ նրանք ավելի ու ավելի մտնում են ստվեր, եւ տարատեսակ սեմինարները անցկացնում գրեթե գաղտնի պայմաններում, նյութերն էլ տարածվում են հանրությանը` գրեթե կամ ամբողջովին անհայտ անգլալեզու "մասնագիտացված" կայքերում: Նույնիսկ "Ֆեյսբուքում" այդպիսի նյութեր, համենայնդեպս, այդ սոցցանցի հայկական հատվածում գրեթե չեն տարածում: Դե պարզ է, այդպիսի գործունեությամբ զբաղվողները հասկանում են, որ նման գաղափարների տարածման համար մթնոլորտը դառնում է ավելի ու ավելի աննպաստ, հետեւաբար ձգտում են երեւալ ուղիղ այնքան, որքան պետք է փողաբեր գրանտային ստինքից չկտրվելու համար:
Բայց ուշագրավ է, թե ինչ դրսեւորումներ է իրեն թույլ տալիս, այսպես կոչված, "տիտղոսային" արեւմտամետ ընդդիմությունը: Դա կարելի է տեսնել "Ժառանգություն" կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանի քայլի օրինակով: Երեւանի ավագանու "Բարեւ Երեւան" խմբակցության երիտասարդ ներկայացուցիչը հացադուլ է հայտարարել` բողոքելով ԵԱՀԿ-ի անգործությունից` հայ օդաչուների ճակատագրի հարցում: Եվ, ի դեպ, նա շեշտել է, որ իր բողոքը ՀՀ իշխանությունների դեմ չի ուղղված: Ըստ երեւույթին, այդպիսի չափավոր մոտեցումներով նաեւ հիմք է դրվում ապագա լիբերալ ընդդիմության վարքականոնների համար: Ու արդեն կարելի է զգուշավորությամբ կանխատեսել, թե ինչպիսի տեսք կունենա ներքաղաքական դաշտը 2017-ին: Կունենանք ազգային պահպանողական ուժ` ի դեմս ՀՀԿ-ի եւ իր դաշնակիցների, կունենանք բուրժուական ուժ` ԲՀԿ-ի բազայի վրա, եւ կունենանք ոչ հզոր, բայց երեւացող չափավոր լիբերալ արեւմտամետ ուժ, որը, թերեւս, լինի "հավաքովի":
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

