«ԿՈՆՑԵՐՏՆԵՐԻ ԵՐԵԿՈ» ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀՈՒՄ
Արխիվ 12-16«ԿՈՆՑԵՐՏՆԵՐԻ ԵՐԵԿՈ» ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀՈՒՄ
Նոյեմբերի 21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, պրոֆեսոր ԳԵՂՈՒՆԻ ՉԹՉՅԱՆԻ ծննդյան 85-ամյա հոբելյանին նվիրված «Կոնցերտների երեկո» խորագիրը կրող համերգ:
Երեկոյին կմասնակցեն Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան:
Հեղինակային համերգի ընթացքում կհնչեն Գեղունի Չթչյանի «Բարի լույս» նախերգանքը, Կոնցերտ ջութակի եւ նվագախմբի համար` մենակատար Անուշ Նիկողոսյան, Կոնցերտ դաշնամուրի եւ նվագախմբի համար` մենակատար Հայկ Մելիքյան, Կոնցերտ ձայնի եւ նվագախմբի համար` մենակատար մեցցո սոպրանո Ջուլիետ Գալստյան:
Պրոֆեսորը ծնվել է 1929թ. օգոստոսի 30-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): 1950թ. ավարտել է Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային եւ կոմպոզիցիայի բաժինները, 1953թ.` Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը: 1953թ-ից եղել է Սարաջեւի անվան երաժշտական դպրոցի ստեղծագործական դասարանի հիմնադիր-ղեկավարը: 1971թ-ից դասավանդել է Երեւանի կոնսերվատորիայում (1990թ.` պրոֆեսոր): 1986թ-ից եղել է ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության հաշվիչ հանձնաժողովի անդամ, 1981-89թթ` ՀԵԿՄ կուսկազմակերպության առաջին քարտուղարը, 1989թ-ից` Հանրապետական Կանանց խորհրդի նախագահության հիմնադիր-անդամ եւ Հանրային ռադիոյի գեղարվեստական խորհրդի անդամ: Գրել է Բալետային սյուիտ (1954թ.), «Յոթ մանկական սիմֆոնիկ պատկերներ» (1964թ.), «Բարի լույս» նախերգանքը (1967թ.), «Հայաստան» կամերային սիմֆոնիան (1988թ.), կոնցերտներ` ձայնի (1963թ.), ջութակի (1976թ.), դաշնամուրի (1981թ., երեքն էլ` նվագախմբի հետ) համար, «Հայկական խորաքանդակներ» դաշնամուրային շարքը (1972թ.), կանտատներ երգչախմբի համար («Իմ Հայաստան», 1959թ., «Տարվա եղանակներ», 1973թ.), «Անհայտ զինվորը» պոեմ-ռեքվիեմը (1975թ.), խմբերգեր, սոնատներ, ռոմանսներ, 9 վոկալ շարքեր, մանկական, երգեր, պիեսներ: Հայ երաժշտական արվեստը ներկայացրել է ԱՄՆ-ում, Կանադայում, Անգլիայում, Լեհաստանում, Բուլղարիայում: Ունեցել է հեղինակային կամերային եւ սիմֆոնիկ ստեղծագործությունների համերգներ Երեւանում, Հայաստանի քաղաքներում, Մոսկվայում, Սան Ֆրանցիսկոյում, Ռիգայում: Մամուլում հանդես է եկել հոդվածներով, գրախոսականներով, հուշերով: Արժանացել է մի շարք պատվոգրերի, մրցանակների, 1970թ.` Մոսկվայի Համամիութենական մրցույթի 1-ին մրցանակի դափնեկրի, 1980թ.` ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը, 2009թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2011թ.` ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

