Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ՈՐ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՑ ՀՈՒՇԵՐ ՉՄՆԱՆ
Արխիվ 12-16ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՑ ՀՈՒՇԵՐ ՉՄՆԱՆ
Հայաստանի, հատկապես մայրաքաղաք Երեւանի տարբեր հատվածներում տեղադրված հուշարձանների մի մասը գտնվում է մարդաշատ վայրերում, որի արդյունքում էլ ամեն օր այդ հուշարձանները ենթարկվում են "հալածանքի": Մեկն իր սիրո պատմությունն է արձանին անմահացնում, մյուսը` անունը, մեկ ուրիշը` պարզապես խզբզում է, որից հետո արձանը դառնում է անճանաչելի: Ճիշտ է, անձրեւեներից հետո դրանք որոշ չափով մաքրվում են, սակայն կորցնում են իրենց նախկին տեսքը, եւ հուշարձանից միայն հուշեր են մնում: Չգիտես, սա մեր հասարակության վայրենության հետեւանքո՞վ է, թե` համապատասխան մարմինների թույլ վերահսկողության: Չնայած` նկատենք, որ Կասկադի տարածքում գտնվող որեւէ հուշարձանին օձն իր պորտով, ղուշն իր թեւով չի կարող մոտենալ, ինչը չենք կարող ասել մայրաքաղաքի մյուս հուշարձանների մասին: Մնում է միայն հուշարձանները "նախշող" մարդկանց տուգանել եւ այդ ճանապարով փրկել դրանք ոչնչացումից: Այս անգամ "Իրավունքի" ուշադրության կենտրոնում հրատապ այս խնդիրն է:
ՀՀ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ.
- Այդ հարցով պետք է դիմեք ոստիկանություն, քանի որ նրանք են իրականացնում պարեկային ծառայություն: Քաղաքապետարանը չունի պարեկային ծառայություն, որպեսզի այդ ամենը վերահսկի: Մենք միայն կարող ենք դատապարտել նման արարքները: Կան իրավապահ մարմիններ, որոնք զբաղվում են այդ գործով, սա պարզապես խուլիգանություն է, իսկ խուլիգանության դեպքում իրավապահ մարմիններն են զբաղվում: Քաղաքապետարանը ստիպված է միայն հետո այդ ամենը մաքրել: Պետք է ասեմ նաեւ, որ ոչ բոլոր հուշարձաններն են, որ մեր ենթակայության տակ են:
ՀՀ ճարտարապետների միության նախագահ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆ.
- Սա մեր հասարակության պատկերն է: Հնարավոր չէ յուրաքանչյուր արձանի մոտ ոստիկան կանգնեցնել, որպեսզի նա հսկի արձանը: Եթե հուշարձանները քանդվում են, եւ դրանց վրա ուշադրություն չեն դարձնում, հասարակությունն էլ առիթից օգտվում է եւ ասում` ի՞նչ կա որ, մի տեղում էլ իմ անունը գրեմ: Պետք է բարձրացնել հասարակության գիտակցությունը, ի վերջո այդ ամենը նրա պատմությունն է: Ես չեմ զարմանում, քանի որ ցույց են տալիս հայ մեծանուն գիտնական Վիկտոր Համբարձումյանի արձանը, իսկ հասարակությունը նրան չի ճանաչում, ասում է` արցախյան հերոսի արձան է: Այսքանից հետո զարմանալի չէ, որ այդ նույն հասարակությունը խզբզում է հուշարձանների վրա: Երբ Ալ. Սպենդիարյանի, Հովհ. Թումանյանի արձանները այդպես բարբարոսության ենթարկեցին ու մնացին անպատիժ, դրանից հետո մարդիկ հասկացան, որ ամեն ինչ կարող են անել եւ անպատիժ մնալ ու այդ իներցիայով էլ մինչեւ այժմ շարժվում են: Այս ժողովրդին նորից կրթել է պետք:
Թեմայի շուրջ "Իրավունքը" դիմել է նաեւ ՀՀ մշակույթի նախարարություն. պատասխանը ստանալուն պես կներկայացնենք թերթի առաջիկա համարներից մեկում:
Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

