ԼՕՌ. "ՕՏԻՏԸ ԿԱՐՈՂ Է ԼՍՈՂՈՒԹՅԱՆ ԱՆԿՄԱՆ ԲԵՐԵԼ"
Արխիվ 12-16ԼՕՌ. "ՕՏԻՏԸ ԿԱՐՈՂ Է ԼՍՈՂՈՒԹՅԱՆ ԱՆԿՄԱՆ ԲԵՐԵԼ"
- Որդիս օտիտ է տարել: Ականջից նույնիսկ արյան արտահոսք ենք նկատել: Հարգելի բժիշկ, խնդրում եմ մանրամասնել` ի՞նչ է օտիտը, ի՞նչ բարդություններ կարող են երեխայի մոտ զարգանալ հետագայում: Լսել եմ` օտիտը կարող է ինքնըստինքյան լավանալ: Բացի դեղորայքային բուժումից, կարելի՞ է կիրառել արոմաթերապիա:Հարցին պատասխանել էթիվ 2 բուժմիավորմանԼՕՌ բաժանմունքի վարիչՀ ԱՅԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ.
-Օտիտ (ականջաբորբ)` հունարենից թարգմանաբար նշանակում է ականջի բորբոքում: Այն լայն հասկացություն է: Դրանք, կարող են լինել միջին եւ արտաքին ականջի բորբոքումներ: Արտաքին ականջի բորբոքումը արտաքին ականջի եւ արտաքին լսողական անցուղու մաշկի բորբոքումն է: Ցանկացած հիվանդություններ, որոնք կարող են լինել մաշկի վրա` ֆուրունկուլներ, էկզեմաներ կարող են լինել նաեւ ականջում: Ավելի կարեւոր նշանակություն ունի միջին ականջի` թմբկաթաղանթից ներս ընկած հատվածի բորբոքումը: Այս հիվանդությունը հիմնականում հանդիպում է երեխաների մոտ: Կան հետազոտություններ` համաձայն որոնց, մինչեւ 5 տարեկան երեխաների մոտ 90%-ը կյանքում մեկ կամ մի քանի անգամ հիվանդանում են օտիտով:
Ինչո՞վ է դա պայմանավորված: Բանն այն է, որ երեխաների մոտ անկատար է իմուն համակարգը: Այն գտնվում է զարգացման փուլում: Արդյունքում ցանկացած վարակ կարող է հեշտությամբ ներթափանցել: Պատճառներից մյուսը` եվստախյան փողն է, որը միացնում է ականջի խոռոչը քթի խոռոչին: Եվստախյան փողը երեխայի մոտ ավելի լայն եւ ուղիղ է: Ուստի քթի խոռոչից, այս դեպքում, վարակն ավելի արագ է ներթափանցում ականջի խոռոչ: Իսկ օտիտների հիմնական զարգացման պատճառը քթում առկա վարակներն են. ժողովրդի լեզվով ասած` գրիպի հետեւանքով առաջացած բարդությունները: Դա որոշ չափով ճիշտ է: Սուր շնչառական հիվանդությունների ժամանակ, որպես բարդություն, լինում է օտիտի զարգացում: Նորածինների մոտ օտիտ կարող է զարգանալ պառկած դիրքից. երեխաները ավելի շատ պառկած դիրքում են գտնվում, կերակրելուց, մանավանդ, եթե կերակրելը կատարվում է արհեստական ճանապարհով: Յուրացվող սննդի մնացորդները կարող են անցնել վերին շնչուղիներ, այնուհետեւ եվստախյան փող եւ առաջացնել օտիտ:
Տարբերում են հիվանդության փուլեր: Կատարալ բորբոքում, որի ժամանակ ուղղակի բորբոքում է տեղի ունենում, կան ցավային զգացողություններ: Եթե չբուժվեց, կարող է վերածվել թարախային օտիտի: Եթե վիրուսն է առաջացրել օտիտը` կարող է ականջից արյան արտահոսք լինել: Դա հուշում է այն մասին, որ ականջի թաղանթը վնասված է: Եթե այդ վնասված մասը լինում է փոքր ծավալի (վնասված մասը կոչվում է պերֆորացիա)` մեծամասամբ լավացումը տեղի է ունենում ինքնըստինքյան: Եթե շատ ուժեղ չէ բորբոքումը, ժամանակին է բուժական միջոցներ ձեռնարկվել ու չկա բարձիթողի վիճակ, ապա հիմնականում հետեւանք չի թողնում: Բարձիթողի վիճակը, պարբերաբար արտադրության առկայությունը կարող են աստիճանաբար առաջացնել լսողության անկում:
Օտիտի հիմնական բուժումը դեղորայքային է` հակամանրէային միջոցներ, ականջի կաթիլներ, սուր շնչառական վարակների կանխարգելում:
Նորածինների մոտ օտիտի զարգացման պատճառը նաեւ այն է, որ փոքրիկը չի կարող ասել, թե հստակ որ մասն է նրան անհանգստացնում: Եթե երեխան անհանգիստ է, հրաժարվում է ուտելուց, ջերմում է, որոշ դեպքում ձեռքը կարող է տանել դեպի ականջը, անպայման հարկավոր է մանկաբույժի խորհրդատվություն: Կարեւոր գործոններից մեկն էլ, ի դեպ, երեխային կրծքով կերակրելն է: Այն լավագույն կանխարգելիչ միջոց է համարվում. երեխայի կլման ակտի ժամանակ ականջներում ավելի արագ է տեղի ունենում օդափոխություն: Եթե նույնիսկ մայրական կաթն անցնի վերին շնչուղիներ`որեւէ վնաս չի կարող պատճառել:
Արոմաթերապիա օտիտների դեպքում չի օգտագործվում: Այն կարող է ունենալ ընդհանուր կազդուրիչ նշանակություն:
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

