«ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՑԻՆԻԿ ՁԵՎՈՎ ԱՆՏԵՍՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔԸ»

Արխիվ 12-16

«ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՑԻՆԻԿ ՁԵՎՈՎ ԱՆՏԵՍՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔԸ»


Նոյեմբերի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը, ինչի հետեւանքով հայկական կողմն ունի երեք զոհ (ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը, իսկ անձնակազմի անդամներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը): Ադրբեջանի կողմից վայրագ ամենաթողության եւ դրա հետեւանքների մասին էլ «Իրավունքը» զրուցեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ:


«ԼՂՀ ՊԲ-Ն ԼԻԱՐԺԵՔ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ԱՄԵՆԱԿՈՇՏ ՀԱԿԱՀԱՐՎԱԾԸ ՀԱՍՑՆԵԼՈՒ»


-Պարոն Զաքարյան, այս շաբաթ ԱԺ քառօրյայի ընթացքում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կրկին բարձրացրեց Արցախի անկախության ճանաչման հարցը, որին հաջորդեցին Ադրբեջանի հերթական սադրիչ գործողությունները: Արդյո՞ք այստեղ տրամաբանական շղթա չեք տեսնում:
- Կապ չեմ տեսնում այդ գործողությունների մեջ: Ադրբեջանն արդեն 20 տարի է պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը եւ նաեւ չի հետեւում վստահության մթնոլորտի ձեւավորման միջազգային հանրության պահանջներին: Ուսումնավարժական թռիչքների ընթացքում խոցել չզինված ու անզեն ուղղաթիռը, խոսում է զուտ ավանտյուրիստական եւ սադրիչ գործողություններ իրականացնելու մասին: Բայց ցավալի է, որ Սոչիում, Ուելսում եւ Փարիզում ձեռքբերված պայմանավորվածություններից հետո, երբ հստակ ընդգծվում էր խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը եւ վստահության մթնոլորտի ձեւավորումը, Ադրբեջանն ուղղակի ցինիկ ձեւով անտեսում է միջազգային հանրության կարծիքը, արհամարհում` Մինսկի խմբի համանախագահ պետությունների հորդորները եւ ջանքերը: Ավելին` իր գործողություններով ավելացնում է տարածաշրջանում նոր, հնարավոր ռազմական բախումների հավանականությունը: Սա ուղղակի սպառնալիք է` տարածաշրջանում փխրուն խաղաղության եւ կայուն զարգացումների դեմ, եւ հայկական կողմը` Լեռնային Ղարաբաղի հանրապետության պաշտպանության բանակը, լիարժեք բարոյական իրավունք ունի ամենակոշտ հակահարվածը հասցնելու եւ Ադրբեջանի համար ամենացավոտ գործողություններն իրականացնելու շփման գծի ողջ երկայնքով: Տեղի ունեցածի ողջ քաղաքական, իրավական եւ բարոյական պատասխանատվությունը Ադրբեջանի ուսերին է:
- Այս իրավիճակում մի՞թե Մինսկի խմբի համանախագահները չպետք է ավելի վճռական քայլերի գնան: Հատկապես, որ կատարվածի գլխավոր մեղադրանքները ուղղվելու են հենց նրանց դեմ:
- Շատ լավ հասկանում եմ Մինսկի խմբի համանախագահների հավասարակշռված եւ պարիտետային մոտեցումները, կոչերը, բայց ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում գոյություն ունեն իրավիճակներ, որ պարիտետը այլեւս իմաստազրկվում է, եւ կոնկրետ կողմերից մեկին պետք է հստակ մատնացույց անել ու դատապարտել գործողությունները: Պարբերաբար Ադրբեջանը խախտում է բոլոր ձեռքբերված պայմանավորվածությունները, հետեւաբար նա պետք է լինի Մինսկի խմբի համանախագահների համակ ուշադրության եւ պահանջների ներքո: Այլապես, մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ Ադրբեջանի համար հայտարարությունները կամ բանավոր խոսքը որեւէ արժեք ուղղակի չունեն:

«ՍԱ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԱՆՏՅՈՒՐԱ ՀՐԱՀՐԵԼՈՒ ՆՈՐ ՓՈՐՁ Է»


-Որոշ ռուս վերլուծաբաններ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանում կատարվածին` նշել են, թե սա Ռուսաստանի դեմ երկրորդ ռազմաճակատ բացելու փորձ է...
- Չեմ կարծում, որ Ադբեջանն այդ կշիռն ու ոգին ունի: Ադրբեջանը նույնիսկ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դեմ չի կարող որոշակի գործողություններ իրականացնել, էլ ուր մնաց Ռուսաստանի դեմ ռազմաճակատ բացի: Դա շատ լավ հասկանում է Ադրբեջանը: Նրանց հարիր է միայն մեջքի հետեւից եւ թաքուն կրակոցներ ու սադրիչ գործողություններ իրականացնելը. սա է Ադրբեջանի պատկերն ու իրենց իշխանությունների նկարագիրը: Ինչ-որ ավելի գլոբալ խաղերի մեջ մտնելն Ադրբեջանի համար շատ բարդ խնդիր է, եթե նույնիսկ նման խնդիր ցանկանա տեսականորեն իր առջեւ ունենալ: Այնպես որ, սա զուտ բանակցային գործընթացը ձախողելու, բանակցությունների տրամաբանական խաղաղ զարգացումը հունից հանելու եւ ռազմական ավանտյուրա հրահրելու նոր փորձ է, ինչը մենք միշտ ասել ենք, որ, ցավոք, շարունակվելու է: Կյանքը տարբեր իրավիճակներում ցույց է տվել, որ Ադրբեջանը վախենում է մի շատ անխուսափելի երեւույթից, բայց վաղ թե ուշ կանգնելու է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը ճանաչելու գործընթացի առաջ: Իսկ դրանից խուսափելու միակ տարբերակը սադրիչ ավանտյուրիստական գործողություններն ու բանակցային գործընթացը ձգձգելն ու խաթարելն է, որովհետեւ, եթե բանակցային գործընթացում Ադրբեջանը ցուցաբերեր կառուցողական մոտեցում եւ ընդուներ միջազգային նորմերն ու սկզբունքները, ապա վաղուց արդեն տեսանելի կլիներ բոլոր լուծումները եւ գործնական քայլերը: Ադրբեջանը ամեն կերպ տարբեր մեխանիզմներով, լարվածություն մտցնելով նոր իրավիճակներ ստեղծելով, սպառնալիք հանդիսանալով` փորձում է ձախողել եւ խուսափել իր իսկ ստանձնած պարտավորությունների իրականացումից:
- Արեւմտյան ուժերին չհաջողվեց Հայաստանում մայդանային իրավիճակ ստեղծել, հնարավո՞ր է, որ որոշել են նման ադրբեջանական սադրանքների միջոցով խաթարել հայաստանյան անդորրը` ընդդեմ ԵՏՄ-ի:
- Որեւէ կողմին ձեռնտու չէ Հարավային Կովկասում անկայունությունները, քանի որ դրանից տուժում են բոլոր պետությունների շահերը, եւ այդ վերլուծությունները ես լուրջ չեմ համարում: Մինսկի խումբն ունի խիստ հավասարակշիռ եւ խիստ պատասխանատու ձեւաչափ` տարածաշրջանի խաղաղության եւ կայուն զարգացման համար: Եվ Մինսկի խումբն է միակ իրավասու միջազգային կառույցը եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար միջազգային մանդատ ունեցող այն ձեւաչափը, որտեղ պետք է ընթանան խաղաղ բանակցային գործընթացները: Իսկ խաղաղ բանակցային գործընթացը, բնականաբար, չի ենթադրում հրահրողներ եւ  տարածաշրջանում սպառնալիքների ավելացում: Ինչ վերաբերում է` Հայաստանի ԵՏՄ անդամակցման գործընթացին, ապա բոլոր պետություններն էլ ամենաբարձր մակարդակով պաշտոնապես հայտարարել են, որ հարգանքով են վերաբերում Հայաստանի որոշմանը եւ նաեւ շատ հասկանալի կերպով ընդունում են, որ մեզ համար այդ որոշումը հենված է ազգային պետական շահերի վրա` հիմքում ունենալով անվտանգության եւ տնտեսական զարգացման խնդիրներ:

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
ԵՎ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ ՄԵԿՆԵԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ
ԲՈԼՈՐ ՈՒԺԵՐԻՆ»


-Ի դեպ, ՀՀ ԵՏՄ անդամակցման հարցը կառավարությունն ուղարկել է Սահմանադրական դատարան, որտեղից էլ այն մյուս շաբաթ կբերվի խորհրդարան ու ԱԺ համապատասխան հանձնաժողովներում կիրականացվեն քննարկումներ: Այս փուլում ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում:
- Բոլոր քաղաքական ուժերն արդեն իսկ այս հարցում հիմնականում արտահայտել են իրենց դիրքորոշումները: Դրանք, իհարկե, քաղաքական դիրքորոշումներն են, եւ մենք ունենք մի պատկեր, որ ճնշող մեծամասնությունը կողմ է արտահայտվել Հայաստանի կայացրած որոշմանը` միանալ Եվրասիական տնտեսական միությանը: Մնացած խնդիրներն արդեն զուտ իրավական ոլորտի են: Հետագայում բոլոր օրենքները, որոնք հաջորդ տարի կբերվեն խորհրդարան` օրենքների ներդաշնակեցման նպատակով, բնականաբար, կարող է լինել նաեւ  քննարկումներ` ձեւակերպումների առումով: Բայց այստեղ խոչընդոտներ կամ իրավիճակ, որ կարող է հարցականի տակ դնել գործընթացը, անկեղծ ասած, չեմ տեսնում:
- Իսկ խորհրդարանում ԵՏՄ անդամակցման հարցի քննարկումը, ապա նաեւ վավերացումը, կարո՞ղ է պատճառ կամ առիթ դառնալ ոչ իշխանական «եռյակի» փլուզման համար, քանի որ այս հարցում նրանք խիստ հակասությունների մեջ են:
- Դա «եռյակի» խնդիրն է: Ինչի շուրջ, որ հավաքվել է «եռյակը», կարծում եմ` այդ խնդիրները կամ քաղաքական նոր իրավիճակը կարող են պատճառ հանդիսանալ հետագայում իրենց համագործակցության շարունակվելուն կամ ձեւաչափը փոփոխելուն: Այսինքն` "եռյակի" հետագա գործունությունը շարունակելու կամ չշարունակելու համար բազմաթիվ գործոններ կարող են լինել: Ամեն դեպքում, այս պահին չեմ կարծում, որ պետք է կարեւորել դա, այլ կարեւոր է այն հանգամանքը, որ իշխանությունը շարունակում է համագործակցության եւ երկխոսության ձեռք մեկնել ընդդիմադիր բոլոր ուժերին, ինչ ձեւաչափով էլ նրանք պատրաստ լինեն համագործակցելու: Մենք գտնվում ենք բավականին բարդ եւ պատմական զարգացումների փուլում. ներքաղաքական առումով սահամադրական բարեփոխումների նախաշեմին ենք եւ միաժամանակ գտնվում ենք տարածաշրջանային եւ արտաքին քաղաքական զարգացումների փուլում: Հետեւաբար, հնարավորինս կոնսոլիդացված եւ հնարավորինս ընդհանրական քաղաքական մոտեցումներն առավել քան ամրացնելու են Հայաստան պետության գործողությունները ե՛ւ ներսում, ե՛ւ դրսում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում