ԱՐՏԱՔԻՆ ՍԱԴՐԱՆՔՈՎ ԷԼ ՉԻ ՍՏԱՑՎԻ ԽԱՓԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ԱՐՏԱՔԻՆ ՍԱԴՐԱՆՔՈՎ ԷԼ ՉԻ ՍՏԱՑՎԻ ԽԱՓԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Անշուշտ, ամենից շատ քննարկվող լուրն է շփման գծում ուսումնավարժական թռիչք կատարող հայկական ուղղաթիռի խոցումը թշնամու կողմից: Դա 1994-ին զինադադար հաստատելուց հետո ամենալուրջ ադրբեջանական սադրանքն է, եւ հասկանալի է, որ դա արդեն քանիցս օգտագործված կեղտոտ տեխնոլոգիայի կրկնությունն է. երբ չի ստացվում երկրի ապակայունացումը ներսից եւ "ներքին եվրամայդանի" հրահրումը, ապա մազութային սուլթանատի ձեռքերով հրահրվում է "արտաքին եվրամայդան"` ռազմական սադրանքի տեսքով:
ՄԻԱԺԱՄԱՆԱԿՅԱ
ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՐՈՀ
Հաշվի առնենք այն պահը, երբ տեղի էր ունեցել սադրանքը. մինչեւ ՍԴ-ում ԵՏՄ անդամակցության համաձայնագրի քննելը մնացել էր 2 օր, մինչեւ համաձայնագրի խորհրդարանական վավերացումը` 5 օր, մինչեւ անդամակցության` ուժի մեջ մտնելը` 50 օր: Սադրանքի իմաստի քննությունը զուտ Ադրբեջանի պետական շահի տեսակետից անիմաստ է, քանզի դա ոչ թե իրական պետություն է, այլ "Բրիթիշ Պետրոլիումին" կից քվազիպետություն, որի կառավարումն արտաքին է: Ու այդ պայմաններում Ադրբեջանի ձեռքերով իրականացվում է արկածախնդիր սադրանք, որը ռեալ պատերազմի վերածվելու դեպքում շատ վատ հետեւանքներ կունենա Բաքվի համար:
Հակառակորդը նաեւ համացանցում զետեղել էր ուղղաթիռի խոցման տեսանյութը (որը մի քանի ժամ հետո անհետացել էր), բայց այդ տեսանյութը հնարավորություն տվեց պարզել իրողությունը:
Ու ի հայտ եկավ այն, որ ադրբեջանական պաշտոնական պնդումներին հակառակ` ուղղաթիռը խոցվել է մեր օդային տարածքում: Ավելին, "Ոսկանապատ" կայքէջում արդեն իսկ հրապարակված ռազմատեխնիկական վերլուծությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական կոնկրետ դիրքում եղել է հստակ առաջադրանք` խոցել հայկական ուղղաթիռներից որեւէ մեկը, այլ ոչ թե կոնկրետ որեւէ թիրախ: Կարճ ասած, ընդամենը կար առաջադրանք` անպայման խփել որեւէ ուղղաթիռ, իսկ դրանից հետո անել հաջորդ սադրիչ քայլը` հայտարարել, որ Ադրբեջանը թռիչքների համար փակ է համարում Արցախի երկինքը: Բնականաբար, Սերժ Սարգսյանի քայլը` ժամեր անց եւ ցուցադրաբար օդային ճանապարհով մեկնել Արցախ եւ շրջայց կատարել ռազմական օբյեկտներով, շատ ճշգրիտ եւ տեղին էր: Դրանով ի ցույց դրվեց Բաքվի կողմից "երկինք փակելու" դատարկ լինելը:
Իսկ այժմ հիշենք, թե ինչպես միջադեպից օրեր առաջ ԱՄՆ-ում համապատասխան կուրսեր անցած Զարուհի Փոստանջյանը սկզբում Արցախում, իսկ այնուհետ ՀՀ ԱԺ-ում առաջ էր քաշում "անկախության ճանաչման" նախագիծը, հարուցելով Արցախի պաշտոնյաների զայրույթը, իսկ ԱԺ-ում էլ արդեն չթաքցնելով, որ ցանկալի է համարում օտարերկրյա "խաղաղապահների" մուտքը տարածաշրջան: Ի դեպ, երեկ "անկախության ճանաչման" կեղծ թեզը տիրաժավորեց նաեւ "Ժառանգության" առաջնորդը:
Սակայն զուտ "Ժառանգության" ներկայացուցիչների քայլերով "ներքին գրոհը" չսահմանափակվեց: Նորից կրկնվեց փորձը` տարբեր "կիբերասկյարների" միջոցով համացանցը հեղեղել խուճապարար գրառումներով եւ խաղաղության կեղծ կոչերով: Պացիֆիստական, գրեթե վանյանական քարոզչությանը լծվեցին նաեւ կոնկրետ գրանտակերները: Այսպես, ոչ անհայտ Բորիս Նավասարդյանի գլխավորած Երեւանի մամուլի ակումբը տարածեց "Կայծից բոց մի բորբոքեք" վերնագրով զազրելի մի հրապարակում, ուր դժգոհություն է հայտնվում տեղեկատվական դաշտում զայրույթի եւ վրեժի ծարավի տրամադրություններ արտահայտող լրատվահոսքերի կապակցությամբ. "Այն հեղեղը, որ վերնագրերի տեսքով այսօր լցրեց համացանցը, բառացիորեն վառոդի հոտ է արձակում. "Երեք հայի կյանքի համար` տարածքային կորուստներ պատճառել Ադրբեջանին", "Բաքուն սպասում է իր ազատագրմանը. մեռցնել հանուն Հայրենքի", "Պետք է համարժեք պատասխան տալ, թե չէ թուրքն ավելի նենգ կդառնա", "Ադրբեջանցիները իրենք իրենց կրակը գցեցին" եւ այլն: Սրանք հիմնականում սոցիալական ցանցերի օգտատերերի գրառումներ են, որոնք վաղուց արդեն դադարել են միայն իրենց վիրտուալ ընկերներին ուղերձ լինելուց: Դրանք դարձել են լրահոսի մի մասը, հաճախ` հիմնական եւ օրակարգ թելադրող: Այդ վերնագրերը, հետեւաբար եւ համանման տրամադրությունները նաեւ հանրությանը քիչ թե շատ հայտնի անհատների կարծիքներ են, որոնք վերջիններս հնչեցնում են այս օրերին մամուլի ասուլիսների ժամանակ: Իսկ մեր լրատվամիջոցները վաղուց արդեն դադարել են խմբագրել ասուլիսին հնչեցված անգամ ծայրահեղ տեղեկությունները, աշխատել դրանց վրա կամ առնվազն համադրել դրանք`այլ` քիչ թե շատ հավասարակշռված մտքերով: Եվ իրենց լսարանին չթողնել այդ բառացիորեն ծանր` պատերազմական լեզվի եւ մտածողության բեռի տակ":
Զավեշտալի է` մամուլի ակումբ կոչվող հաստատությունը տարակուսում է, թե ինչու լրագրողներն ու լրատվամիջոցները չեն զբաղվում պացիֆիստական բնույթի ինքնագրաքննությամբ: Ու եզրափակիչ մասն էլ շատ պերճախոս է. "Տասնամյակներով սառեցված հակամարտության իրականության լուսաբանումը շատ քիչ է առաջընթաց ապրում` անընդհատ օգտագործելով ատելության խոսքը: Մինչդեռ կարծես թե դեռեւս հայտնագործված չէ` ատելությո՞ւնն է ծնում ատելության խոսք, թե՞ հակառակը":
ՄԱՅԴԱՆՉԻՆԵՐԻ ՀՈԳԵՎԱՐՔԸ
Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը` պարզ է դառնում, թե "ատելության խոսքի դեմ պայքարի" քողի տակ ինչ գործառույթ է իրականացվում: Եթե սկզբում "ատելության խոսք" որակվում էր հիմնականում համասեռամոլական եւ աղանդավորական կառույցների քննադատությունը, ապա այժմ "ատելության խոսք" սկսել են որակել բնական հայրենասիրության եւ ազգային արժանապատվության դրսեւորումները: Հիշենք, թե, այսպես կոչված, եվրաչափանիշներով ինչ է ենթադրվում "ատելության խոսքի" դեմ պայքարի տակ: Դա խոսքի, կարծիքի եւ մամուլի ազատության կոշտագույն սահմանափակումն է, ինչպես նաեւ խստագույն պատիժներն այն քաղաքացիների, լրագրողների, քաղաքական գործիչների դեմ, ովքեր համարձակվել են հնչեցնել տեսակետ, որը "պայքարիստները" համարում են "ատելության խոսք": Հիշենք մեր երկրում "ատելության խոսքի" դեմ պայքարի էվոլյուցիան: Սկսեցին "Իրավունք" թերթի դեմ ոհմակային դատական եւ քարոզչական հարձակումից այն բանի համար, որ թերթը համարձակվել էր համասեռամոլների լոբբիստների հոշոտումից պաշտպանել Կոնչիտայի մասին բացասական կարծիք հայտնած Արշակյան քույրերին: Իսկ հիմա հասել են նրան, որ Երեւանի մամուլի ակումբը "ատելության խոսքի" "հանցակազմի" տակ է մտցնում վանյանական "խաղաղասիրության" չափանիշներին չհամապատասխանող ռազմաքաղաքական տեսակետները: Դե, զուգահեռ էլ ոմանք, զորօրինակ, Եվրադատարանի դատավորի 3 թեկնածուներից մեկը` փաստաբան Արա Ղազարյանը, հավասարության նշան են դնում համասեռամոլների թանին թթու ասելու եւ 1915-ի Ցեղասպանության միջեւ:
Հիմա ինչո՞ւ սկսվեցին այդ քարոզչական գրոհները հայրենասիրության դեմ: Շատ պարզ պատճառով` հայ ժողովուրդը ոչ մի կերպ չի ուզում համախմբվել սեփական երկրում Մայդան սարքելու ինքնասպան գաղափարի շուրջ, բայց միաժամանակ ակնթարթորեն է համախմբվում արտաքին վտանգի պարագայում: Նույն "եռյակում" տարաձայնությունների հսկայական շերտի կուտակման իրողության պայմաններում միակ բանը, որ "եռյակն" արել է միասնաբար այս վերջին մի քանի օրերին, դա միասնական հայտարարությունն է` ադրբեջանական սադրանքի վերաբերյալ:
Այսինքն, ինչ է ստացվում: Մայդան սարքել չհաջողվեց բացահայտ արեւմտամետների միջոցով, քանզի ԵՏՄ-ի դեմ ուղղակի տեսակետը մերժվում է բնակչության ջախջախիչ մեծամասնության կողմից: Մայդան չստացվեց սարքել նաեւ "քառյակի", այնուհետ "եռյակի" միջոցով բնակչության` իշխանությունից դժգոհ շերտերի մոբիլիզացման տարբերակով: Ի վերջո, ԲՀԿ-ն, որի վիթխարի ռեսուրսից փորձում էին օգտվել բացահայտ արեւմտամետ Րաֆֆին եւ "ավազակապետություն կազմաքանդող" Լեւոնը, ե՛ւ ՀԱԿ-ին ե՛ւ "Ժառանգությանը" տարավ-բերեց եւ հասցրեց մի իրավիճակի, որ արդեն ուշ է հրապարակային մայդանային գործողություններ կատարելը: Ու ԲՀԿ-ն իր արած գործի գիտակցումով զարմանալի, ապշեցուցիչ պասիվություն դրսեւորեց ԱԺ-ում, Միքայել Մելքումյանն էլ դառնորեն հիասթափեցրեց ՀԱԿ-ի եւ "Ժառանգության" գործընկերներին, նշելով, որ պետք չէ իշխանությանը հավերժական հակառակորդ համարել:
Արդյունքում տակը մնաց ՀԱԿ-ի "մանթրաժը" եւ այն, ինչը ԼՏՊ-ն անվանել էր "ջղաձգումներ": Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում արդեն կերավ պատմական աղմկարար Արշակ Սադոյանի հացը, "Ժառանգություն" խմբակցության ներկայացուցիչները նյարդային բառապաշարով զբաղվեցին ՀՀԿ-ում "սրիկաների եւ կոռուպցիոներների" փնտրտուքով, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հրապարակեց, այսպես կոչված, "համաժողովրդական շարժման հռչակագրի" նախագիծ, որն արդեն ծիծաղ է առաջացնում: Այդ կուսակցապետի տարածածը ոչնչով չի տարբերվում, ասենք, ֆեյսբուքյան այն օգտատերերի զվարճանքից, որ ժամանակ առ ժամանակ հրապարակում են "հրաշք ծրագրեր", թե ինչ կանեին նախագահ լինելու դեպքում, կամ քաղաքական բոլոր խնդիրների վերջնական ու ամենաճիշտ լուծումն իմացող մայրաքաղաքային տաքսիստների խոսք ու զրույցից:
Դե, այսօր էլ արեւմտամետների հերթական միկրոբողոքն է լինելու ՍԴ շենքի մոտ, ուր քննվելու է ԵՏՄ համաձայնագրի սահմանադրականությունը: Պարզ է, որ մայդանչիների հոգեվարքային շարժումները ոչինչ չեն փոխելու: Բայց նաեւ պարզ է, որ մազութային սուլթանատի ձեռքերով իրականացված հերթական ռազմական սադրանքը ներքին խուճապի եւ ցնցումների չբերեց, այլ ընդհակառակը` նոր համախմբման հիմքերը դրեց: Եվ պարզ է, որ այլեւս ոչինչ չի կարող Հայաստանին հետ պահել իր կատարած ճշմարիտ եւ ազգային պետական շահից բխող քաղաքակրթական ընտրությունից:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

