ԱՐՈՆՅԱՆԻ ԿԱՅՈՒՆ, ԲԱՅՑ ԱՆՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ
Արխիվ 12-16ԱՐՈՆՅԱՆԻ ԿԱՅՈՒՆ, ԲԱՅՑ ԱՆՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ
Մոսկվայում ընթացող աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված հուշամրցաշարը հատում է եզրագիծը: Նախավերջին` 6-րդ տուրում Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը դարձյալ սպիտակներով ոչ-ոքի խաղաց այս անգամ առաջատար Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Պարտիան ավարտվել է 33-րդ քայլում: Այս խաղից հետո Արոնյանը 3 միավորով երրորդն է, իսկ առաջատարը Ալեքսանդր Գրիշչուկն է, ով վաստակել է 5 միավոր: Վլադիմիր Կրամնիկը սպիտակներով հաղթեց Ալեքսանդր Մորոզեւիչին եւ 4 միավորով երկրորդն է:
Այսպիսովª մրցաշարի կայացած 6 տուրերում հայ գրոսմայստերը բոլոր պարտիաներն ավարտել է ոչ-ոքի արդյունքով: Թվում է, թե 6 պարտիաների արդյունքում չգրանցել եւ ոչ մի պարտություն, այսինքն` խաղատախտակը չլքել առանց միավորի, ցանկացած այլ շախմատիստի դեպքում կարող էր գնահատվել որպես կայուն ելույթ: Բայց երբ խոսքը աշխարհի լավագույն շախմատիստներից մեկի մասին է, ապա այսպիսի արդյունքը անընդունելի է: Մրցաշարի մեկնարկից առաջ Լեւոն Արոնյանը նշել էր մրցաշարի առանձնահատուկ լինելու մասին եւ կարեւորել էր մրցաշարի շրջանակներում լավ ելույթներ ունենալը: Բայց փաստն այն է, որ Արոնյանին բնորոշ շախմատ այդպես էլ չտեսանք, եւ սա առավել քան մտահոգիչ է, քանի որ վերջին ժամանակներս սա միակ մրցաշարը չէ, որտեղ հայ գրոսմայստերը հանդես է գալիս ոչ իր կարգին համապատասխան: Արդյունքումª ՖԻԴԵ-ի համաշխարհային դասակարգման աղյուսակում Արոնյանն իջավ մինչեւ 5-րդ հորիզոնական, թեեւ նոյեմբերի աղյուսակում մի փոքր բարելավում կաª 4-րդ տեղ: Առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է:
Հավելենք, որ Լեւոն Արոնյանը նոյեմբերի 21-25-ը Սենթ Լուիսում մրցախաղ կանցկացնի ԱՄՆ-ի ուժեղագույն շախմատիստ Հիկարու Նակամուրայի հետ, տեղեկացնում է Armchess-ը: Գրոսմայստերները կանցկացնեն չորս դասական եւ 16 կայծակնային պարտիաներ: Մրցանակային հիմնադրամը կազմում է 100 հազար դոլար:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

