Լ. ԻԳԻԹՅԱՆԻ ԹԵԹԵՎ ՁԵՌՔՈՎ ԳԵՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՎԵՐԱԾՎԻ ԿԱՀՈՒՅՔԻ ՑԵԽԻ՞
Արխիվ 12-16Լ. ԻԳԻԹՅԱՆԻ ԹԵԹԵՎ ՁԵՌՔՈՎ
ԳԵՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ
ԿՎԵՐԱԾՎԻ ԿԱՀՈՒՅՔԻ ՑԵԽԻ՞
Վերջին ամիսներին "Գեղագիտության ազգային կենտրոնում" գտնվող քանդակի արվեստանոցը վերածվել է կահույքի ցեխի, քանի որ կենտրոնի գլխավոր տնօրեն, Երեւանի ավագանու անդամ Լեւոն Իգիթյանը, առանց պատկան մարմինների հետ համաձայնեցնելու, այնտեղ կահույքագործական հաստոցներ է տեղադրել, ինչը խոչընդոտում է 10-15 աշակերտների դասերին:asekose.am-ի հետ զրույցում քանդակի արվեստանոցի աշխատակից Հրաչ Համբարձումյանը պատմել է, որ հաստոցները մոտ 2 ամիս առաջ են արվեստանոց բերվել, սակայն իրենց պայքարն ապարդյուն է անցել, քանի որ. "Հակառակը` ստիպում են, որ մենք դուրս գանք այդտեղից": Ավելին` աշխատակցին ասել են. "Սա դառնալու է փայտի ցեխ, հետո, թե` չէ, մուլտֆիլմի արտադրամաս: Ասացինք, որ այդ հաստոցներով դժվար թե մուլտֆիլմ նկարեն: Դրանք երկաթից են եւ ծանր: Ասաց` ես եմ տնօրենը, ես եմ որոշում": Արդյունքում, երեկ Լ. Իգիթյանը, առանց որեւէ հիմնավորման, աշխատանքից ազատել է Հ. Համբարձումյանին:
"Իրավունքը" դեռ կանդրադառնա այս թեմային, քանի որ Լ. Իգիթյանի հեռախոսը բնականաբար անջատված է...
Իսկ մինչ այդ, հիշեցնենք, որ վերջերս իտալական ժամանակակից արվեստի ամենավառ ներկայացուցիչներից մեկի` համաշխարհային համբավ վայելող գեղանկարիչ, քանդակագործ, գրաֆիկ ԲՐՈՒՆՈ ԲՐՈՒՆԻԻ նախատեսված վարպետության դասը "Գեղագիտության ազգային կենտրոնում" այդպես էլ չկայացավ, քանի որ, ինչպես "Իրավունքի" հետ զրույցում, Բրունո Բրունիի հայաստանյան ցուցահանդեսի համադրող, "Անտիկյան" ցուցասրահի հիմնադիր ԱՐՄԻՆԵ ԱՆՏԻԿՅԱՆԸ նշեց` մեր երկրում ամեն ինչ շատ դժվար է իրականություն դառնում. "Ահռելի ջանքեր են պահանջվում` ինչ-որ բան անելու համար: Վարպետության դասը, որը շատ կարեւոր էր, չկայացավ, իսկ Բրունոն համարվում է առաջիններից մեկը լիտոգրաֆիայի ասպարեզում` համաշխարհային մակարդակով, ու մտածում էինք, որ անպայման այդ վարպետության դասը սկսնակ արվեստագետների շրջանում մեծ հետաքրքրություն կառաջացնի: Բայց առաջին փորձը չստացվեց, որովհետեւ նախ` լիտոգրաֆիայի միակ հաստոցը Երեւանում, որը Իգիթյան կենտրոնում է, եթե չեմ սխալվում մոտ 200 տարվա չօգտագործման արդյունքում բավականին տուժել էր: Էլ չեմ ասում, որ նյութերի շատ լուրջ խնդիր կար: Փորձեցին գտնել փոխարինող նյութեր, չստացվեց, որովհետեւ չկարողացանք համարժեք կազմակերպել: Կարծես թե, այն կողմից ցանկությունն էլ այդքան մեծ չէր` երեխաներին սովորեցնելու կամ ավել բան տալու: Պարզվեց` Հայաստանում չունենք լիտոգրաֆիստներ եւ ունենալու ցանկություն էլ չունենք, ինչպես եւ շատ ասպարեզներում: Իսկ Բրունոն իր կողմից նույնիսկ պատրաստ էր լիտոգրաֆիայի համար հատուկ քար բերել Հայաստան, ինչն այստեղ շատ մեծ գումարի հետ է կապված":
Այնուամենայնիվ, եթե նույնիսկ "Գեղագիտության ազգային կենտրոնի" աշխատակիցները աչք փակեն այս ամենի վրա, ապա գոնե Երեւանի ավագանու անդամները պարտավոր են սթափության կոչ անել պարոն Իգիթյանին, որը նույնպես ավագանու անդամ է: Այլապես, ո՞վ իմանա, թե հաջորդը որ մշակութային կենտրոնի հերթն է, որը արվեստանոցից կվերածվի արհեստանոցի:
Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

