ԿԱՅՖԸª ՓՈՍՏՈՎ
Արխիվ 12-16ԿԱՅՖԸª ՓՈՍՏՈՎ
Ուկրաինացիներից ոմանք Մոսկվայում իրենց ոչ միայն կաշկանդված չեն զգում, այլեւ "հատուկ" ծառայություններ են մատուցում Ռուսաստանի Դաշնության տարբեր մարզերի բնակիչներին... չինարեն լեզվով:
Իրավապահները ձերբակալել էին Ուկրաինայի 2 քաղաքացու, որոնք նարկոխառնուրդ ("սպայս") էին մատակարարում իրենց հաճախորդներին: Մեկ չափաբաժին թմրանյութը փաթեթավորվում էր, փաթեթի վրա ստացողի ու առաքողի հասցեները գրվում էին չինական հիերոգլիֆներով, եւ ծանրոցը հանձնվում էր փոստային բաժանմունքին: Հանցագործների բնակարանը խուզարկելուց հայտնաբերվել էր 16 կիլոգրամ "սպայս":
ՊԱՐՏՔԻ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՇՈՐԹՈՒՄ
Ռուսաստանի ջրահեռացման ծառայությունները յուրահատուկ եւ բավականին արդյունավետ միջոց էին կիրառել պարտապան բնակիչներից գումարներ կորզելու համար: Նրանք պաշտոնապես տեղեկացնում էին ծառայության համար չվճարած քաղաքացիներին, թե նրանք հրավիրվում են դատարան` իրավախախտումներ կատարելու առնչությամբ: Այնուհետեւ, "չափավոր" ահաբեկված քաղաքացին տեղեկացվում էր, որ պարտքը մարելու դեպքում դատարան ներկայանալու անհրաժեշտությունը կվերանա: Իրավապահ մարմինները, սակայն, այդ նախաձեռնությունը որակեցին որպես անօրինական, եւ արդեն քրեական գործի քննության առնչությամբ բաժին ներկայանալու ծանուցագրեր են ստանում քաղաքակիրթ ահաբեկիչները:
ՓՈՐՁԱՆՔԻՑ ՀԵՌՈՒ
Պետերբուրգի Օրենսդիր ժողովի պատգամավոր Վիտալի Միրոնովը մի երիտասարդի հետ հայտնվել էր ոստիկանության բաժնում: Երիտասարդը Իսակիեւյան եկեղեցու մոտակայքում հարձակման չհաջողված փորձ էր կատարել պատգամավորի նկատմամբ, եւ վերջինիս ոստիկանությունում առաջարկվել էր հաղորդում տալ հանցագործության վերաբերյալ: Օրենսդիրը համոզմունք էր հայտնել, թե երիտասարդը տառապում է հոգեկան հիվանդությամբ, սակայն հաղորդում այնուամենայնիվ տվել էր: Իրավապահները երիտասարդի հանցավոր արարքը որակել էին որպես մանր խուլիգանություն:
ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ
ՉՍԻՐԵԼ
Վերջերս մեր ընթերցողները տեղեկացվել էին, որ հանրաճանաչ երգչուհի Լոլիտային հարեւանները ոչ միայն ձգտում են վտարել իր բնակարանից, այլեւ փորձում են տեղավորել նրան բանտախցումª հանրային գույքը վնասելու մեղադրանքով:
Մեկ այլ հանրահայտ դերասանի բախտը փոքր-ինչ բերել է. նրան ընդամենը թալանել են: Գողացված իրերից բացի, Գենադի Խազանովի առանձնատան բոլոր իրերը հանցագործների այցից հետո գտնվել էին իրենց տեղերում եւ իդեալական վիճակում: Հանցագործության "կոռեկտությունը" հուշել է իրավապահներին, որ անկոչ հյուրերը լավատեղյակ էին իրենց հետաքրքրող իրերի գտնվելու տեղերին, հետեւաբար գործել էին դերասանի մոտ շրջապատից մեկի ցուցումներով: Գողերը "բավարարվել" էին սեյֆով, ժամացույցով եւ ամանեղենով:
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

