ՈՐՈՆՔ ԷԻՆ ԵՐԵՎԱՆ-ԳՅՈՒՄՐԻ ՄԱՅՐՈՒՂՈՒ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Արխիվ 12-16ՈՐՈՆՔ ԷԻՆ ԵՐԵՎԱՆ-ԳՅՈՒՄՐԻ ՄԱՅՐՈՒՂՈՒ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Նոյեմբերի 10-ի երեկոյանª ժամը 19:15-ի սահմաններում Շիրակի մարզումª Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ-Գուսանագյուղ խաչմերուկում տեղի ունեցավ ուղեւորափոխադրող տրանսպորտային միջոցի մասնակցությամբ հերթական ողբերգական դեպքը: Ինչպես հայտնի էª "Գազել" եւ "Կամազ" ավտոմեքենաների բախման արդյունքում տեղում զոհվեցին "Գազելի" յոթ ուղեւորները: Սխալ կլինի ասելը, բայց ինչ-որ տեղ պետք է նաեւ գոհ լինենք, որ մյուս յոթ ուղեւորները միայն մարմնական վնասվածքներ ստացան, քանի որ մինչեւ վերջ մոխրացած "Գազելում" նույնիսկ մեկ ուղեւորի ողջ մնալն իսկական հրաշք էր:Թե որն էր վթարի պատճառը, հասկանալի է, միայն նախաքննությունը ցույց կտա: Սակայն արդեն երեկ նախնական տեղեկություններ, այդ թվումª Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի կողմից տրամադրվեցին: Թեեւ միանգամայն զգուշավոր, խիստ նախնական տոնայնությամբ եւ վթարի իրական պատճառները նշանակված փորձաքննությունների հետ կապելով, սակայն պարոն Ասլանյանի խոսքից կարելի է որոշակի հետեւությունների հանգել: Ըստ այդմ, թեեւ կանգառի նշանի առկայությանը ¥դատախազը պնդում է, որ այդ նշանի առկայությունն անձամբ է ստուգել¤ "Կամազը" երկրորդական փողոցից մտել է Երեւան-Գյումրի ավտոմայրուղի, եւ նույն ուղղությամբ ընթացող "Գազելը" հարվածել է բեռնատարի հետնամասին: Արդյունքումª միկրոավտոբուսը, ըստ ամենայնիª գազաբալոնների պայթյունից, միանգամից հրդեհվել է: Վթարի երկու ակտիվ դերակատարներից մեկըª բեռնատարի վարորդ Մանվել Վարդանյանը ձերբակալված է, իսկ առաջինըª միկրոավտոբուսի վարորդը զոհվել է տեղում:
Եվ ահա, թեեւ վթարի պատճառները թվում են բավականին պարզ, այսինքն, որ պատճառը մայրուղի դուրս գալու պահին "Կամազի" թույլ տված կոպիտ սխալն է, սակայն երեկ այլ վարկածներ եւս շրջանառության մեջ մտան: Դրանցից ամենակարեւորը. ճանապարհային այդ հատվածը միանգամայն ուղիղ է, այսինքնª կա բավարար տեսանելիություն: Այդ դեպքում նախª "Գազելի" վարորդն արդյոք չունե՞ր մի փոքր շուտ "Կամազի" սխալը տեսնելու եւ վթարից խուսափելու հնարավորություն: Եվ դա էլ միանգամից տարավ քննարկումների այն շղթային, որ կա՛մ միկրոավտոբուսի վարորդն էլ է զգոնությունը կորցրել, կա՛մ "Գազելի" արագությունն է եղել թույլատրվածից մեծ: Արագության հետ կապված հարցին դատախազ Ասլանյանը դեռ մեկնաբանություն չի տալիս. "Մեկնաբանություններն ավելորդ են այս պահին, քանի որ համապատասխան փորձաքննությունների արդյունքները դեռ հայտնի չեն": Բայց ահա, այսպես ներկայացնենք, մարզային իրավապահ համակարգը ներկայացնող եւ դեպքի վայրում գտնված մեր աղբյուրը մեզ հետ զրույցում փորձեց տեսածի հիման վրա որոշ տրամաբանական եզրակացություններ հայտնել, թեեւ իր հերթին ընդգծելով. "Գիտեք, ավտովթարները, առհասարակ, այնպիսի դեպքեր են, որտեղ պարտադիր չէ, որ թեկուզեւ մասնագետների կողմից ամենահավանականը համարվող վարկածը հաստատվի: Մի քանի ակնթարթի, մեքենայի արագության կամ դիրքի չնչին տարբերություն, բազում այլ ոչ անմիջապես տեսանելի գործոնների առկայություն, եւ վթարի պատկերը կարող է նույնիսկ գլխիվայր շրջվել":
Եվ խնդրելով այս ամենը չանտեսել, մեր զրուցակիցն անցավ իր տպավորությունները ներկայացնելուն:
"Վթարված մեքենաների լուսանկարները երեկվանից լայնորեն շրջանառվում են համացանցում, այսինքնª հիմնականում արդեն պատկերացում կա, թե ինչ վնասվածքներ են եղել: Այսինքնª բոլորն էլ հավանաբար նկատել են, որ "Գազելի" դիմային հատվածն ամբողջությամբ ջախջախված է, ինչը նախ վկայում է, որ հենց այդ, այսինքնª դիմային հատվածով էլ միկրոավտոբուսը հարվածել է բեռնատարի հետնամասին: Բայց ամենակարեւորը. "Գազելի" դիմային հատվածի պատկերը նաեւ, իհարկեª նախնական տարբերակով, ցույց է տալիս, որ եղել է շատ ուժեղ հարված: Կա շատ ուժեղ հարվածի մասին խոսող մեկ հանգամանք եւս. բեռնատարը վթարից հետո հայտնվել էր մայրուղուց դուրս: Բայց ավելի շուտ այն տպավորությունն էր, որ դրա պատճառը միայն բախումը չէր. ըստ իս` բեռնատարի վարորդը վերջին պահին, այնուամենայնիվ, նկատել է, որ վթար է լինելու, խուսափելու համար փորձել է մեքենան կտրուկ դեպի աջ թեքել: Սակայն ծանր բեռնատարը, առավել եւս, որ նա նոր-նոր էր շրջադարձ կատարելով մտել մայրուղի, չէր կարող շատ մեծ լինել, ինչն իհարկե կդժվարացներ դեպի աջ թեքվելը: Բայց այդ մանյովրը, կարծում եմ, ինչ-որ չափով եղել է, իսկ դրա հաջորդած հարվածն էլ արդեն "Կամազին" դուրս է բերել ճանապարհից:
Այս իրավիճակից երկու հարց է առաջանում: Նախ` ինչ արագություն պետք է ունենար "Գազելը"ª նման հարված հասցնելու համար: Առավել եւս, որ երկու մեքենաները շարժվում էին նույն ուղղությամբ, այսինքնª հարվածի վերջնական արագությունը ստանալու համար նրանց արագությունները հանվում են: Եվ երկրորդը, որ խաչմերուկ մտնելովª "Կամազի" վարորդը պարզապես չի նկատել "Գազելին" կամ թերագնահատել է նրա արագությունը: Առավել եւս, որ դեպքը տեղի է ունեցել մութ պահին: Չնայածª մթության պատճառով հավանաբար նաեւ "Գազելը" չի նկատել շրջադարձ կատարող "Կամազին"ª կողային, մեղմ ասած, սահմանափակ լուսավորության պատճառով: Եվ միայն այն պահին, երբ "Կամազը" ուղղվել է, այսինքնª տեսանելի է դարձել նրա հետին լուսավորությունը, արագությունն արդեն "Գազելին" հնարավորություն չի տվել խուսափել վթարից:
Բայց կա նաեւ "Գազելի" դիմային վնասվածքները մասամբ բացատրող մեկ այլ տարբերակª պայթյունը: Կա տպավորություն, որ միկրոավտոբուսը եւս փորձել է արգելակելª վթարից խուսափելու համար: Ի վերջո, նախնական տպավորությամբ` եղել է վթար, եւ այն կանգ է առել: Բախումը, անշուշտ, նաեւ հատկապես առաջնամասում նստած ուղեւորներին, վարորդին վնասվածքներ հասցրել է, հաշվի առնելով, որ կան կոտրվածքներ ստացածներ: Սակայն ոչ թե վթարն էր մեծ թվով զոհերի հիմնական պատճառը, այլ հրդեհը: Բայց այստեղ էլ իրավիճակը պետք է հասկանալ. "Գազելներում", ինչպես հայտնի է, գազաբալոնները տեղակայվում են հետնամասում: Այսինքն, եթե այս դեպքում հարվածը լիներ հետեւից, ապա միանշանակ կարելի էր խոսել գազաբալոնների վնասվելու եւ դրան անմիջապես հաջորդած պայթյունի մասին: Սակայն այս դեպքում միկրոավտոբուսի հետնամասն անվնաս է: Այսինքնª ավելի հավանական է այն տարբերակը, որ նախ վնասվել է մեքենայի դիմային հատվածում գտնվող գազասնուցման համակարգը, որը կարող էր, սակայն, անհամեմատ փոքր պայթյունի հանգեցնել: Չբացառենք, որ այդ պայթյունը նաեւ կնպաստեր մեքենայի դիմային հատվածի նման մեծ վնասվածքներին, եւ եթե այդպես է, ապա "Գազելի" արագությունը կարող էր եւ նախնական պատկերացրածից ավելի փոքր լինել: Բայց նաեւ դիմային հատվածում բռնկված հրդեհը մինչ հասներ գազաբալոններին եւ մեծ պայթյուն առաջացներ, մի որոշ ժամանակ էր պետք: Վիրավորների մոտ այրվածքները բավականին քիչ են. համենայնդեպս, նրանց առողջական վիճակը հիմնականում գնահատվում է միջին ծանրության: Իսկ դա նշանակում է, որ մինչ պայթյունը "Գազելը" հասցրել է կանգնել եւ ուղեւորների հատվածի առաջին մասերում նստածները կամ դուրս են շպրտվել, կամ հասցրել են դուրս գալ: Իսկ վերջնամասում նստածները, մինչ հասցրել են ուշքի գալ, տեղի է ունեցել պայթյունն ու ամբողջական հրդեհը:
Իհարկեª այս իրավիճակում մեղքի հիմնական բաժինը "Կամազի" վարորդինն է: Բայց նաեւ պետք է վերջնականապես պարզել բոլոր հանգամանքները, հասկանալ, թե մյուս բոլոր գործոններն ինչքանո՞վ են նպաստել տեղի ունեցածին:
Եվ, վերջապես, սա եւս մեկ դաս է, որ ճանապարհներին պետք է շատ զգույշ, երթեւեկության կաոնները պահպանելով ավտոմեքենա վարել: Թե չէ, մի անգամ "Կամազի" վարորդը կլինի մեղավոր, մյուս անգամª "Գազելի" կամ "Մերսեդեսի": Բայց անկախ մեղավորներից, տուժում են նաեւ միանգամայն անեղ ուղեւորները: Սա է, որ բոլորը պետք է գիտակցեն, բայց չէ, հաստատ մեր վարորդների կուլտուրան դեռ այդ մակարդակին չի հասել":
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

