"ՊԵՏՔ Է ԱՄԵՆԱՅՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՆԵՆՔ ԵՏՄ-Ի ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ"
Արխիվ 12-16"ՊԵՏՔ Է ԱՄԵՆԱՅՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ
ԻՐԱԿԱՆԱՑՆԵՆՔ ԵՏՄ-Ի ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ"
Եկող շաբաթ արտահերթ նիստ կամ նստաշրջան կլինի` ԵՏՄ-ի համաձայնագիրը քննարկման դնելու եւ վավերացնելու համար: Բայց մինչ քննարկումները` կանցկացվեն նաեւ լսումներ: "Այնպես որ, ոչ մեկի մտքով թող չանցնի, թե կարող է ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետ կապված ՀՀ-ն ի վերջո չանդամագրվի ԵՏՄ-ին",- մեզ հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ:-Դա բացառված է, չնայած լուրջ քաղաքական շրջանակներում նման խոսակցություններ չեն էլ տարվում: Բայց եւ այնպես, նման խոսակցություններ տարածողներին ի պատասխան` ասեմ, որ նման բան չի կարող լինել: Ավելինª արդեն մյուս շաբաթ տեղի կունենա արտահերթ նիստ կամ նստաշրջան` կախված հարցի մեծությունից, որով կսկսենք ԵՏՄ-ի անդամակցության վերաբերյալ համաձայնագրի վավերացման գործընթացը: Որից հետո կլինեն օրենսդրական փոփոխությունները, որովհետեւ պայմանագիրը իր մեջ ներառում տնտեսական մեխանիզմներ, եւ դրանց հետ կապված` միանշանակ կարող եմ ասել, որ այդ գործընթացը լուրջ խթան կհանդիսանա նաեւ ՀՀ-ի տնտեսության զարգացմանը: Այնպես որ, մենք պետք է ամենայն պատրաստակամությամբ եւ պատասխանատվությամբ մոտենանք ԵՏՄ-ին անդամակցությանը:
- Ինչպե՞ս կմեկնաբանեք մեկ-երկու անձանց այն տեսակետը, որ ով ԵՏՄ-ի համաձայնագրին կողմ քվեարկի, նա ազգի դավաճան է:
- Կարող եմ նույն հակադարձ մոտեցումը ես ասել, որովհետեւ որեւէ մեկն իրավունք չունի ինձ ազգի դավաճան անվանել, որովհետեւ ես անձամբ կողմ եմ քվեարկելու: Դա աբսուրդ մոտեցում է, երբ նշում են, թե Հայաստանն անդամագրվելով ԵՏՄ-ին, կորցնում է իր անկախության որոշակի մասը: Բացարձակապես: Այն անդամ երկրների հետ, որոնց մենք պետք է միանանք ԵՏՄ-ի համաձայնագրի շրջանակներում, ազատ առեւտրի համաձայնագիրը անկախության կորո՞ւստ է. ոչ: Դա պարզապես միասնական գործելու, տնտեսական քաղաքականություն իրականացնելու նախաձեռնություն է, միասնական շուկայի պաշտպանության խնդիրն է: Կցանկանամ մեկ անգամ եւս շեշտել, որ թե՛ ՌԴ-ն, թե՛ Ղազախստանը, թե՛ Բելառուսը ոչ իրենց ՀՆԱ-ով չեն զիջում ՀՀ-ին, ոչ իրենց տնտեսական հզորությամբ: Այնպես որ, այս միասնական համակարգում հանդես գալը պայմանավորված է թե՛ մեր տնտեսական շահերով, թե՛ աշխարհաքաղաքական զարգացումներով, թե՛ մշակութային կապերով եւ թե՛ միասնական մեկ ընտանիքում երկար ժամանակ միասին լինելու հանգամանքով: Հավատացեք, որ ցանկացած տնտեսական վերլուծություն խոսելու է դրա օգտին: Բայց դա չի նշանակում, որ անդամագրվելով ԵՏՄ-ին` մենք խզում ենք մեր հարաբերությունները Եվրամիության հետ, ոչ: Սա նաեւ հնարավորություն է` ունենալով տնտեսական այս միավորումը Եվրամիության հետ համագործակցության գործընթացը շարունակել ավելի ամուր դիրքերից: Դրանով է պայմանավորված` վերջին ժամանակահատվածում Եվրամիության երկրների կողմից` բարեփոխումների շրջանակներում մոտ մինչեւ 180 միլիոն եվրոյի հատկացումներ, որպեսզի իրականացնենք Եվրամիության մեխանիզմների ներդրումը: Մի ուրիշ բան էլ ասեմ. խոսում են, որ տեսեք, Վրաստանը գնում է դեպի Եվրամիություն, ուրեմն մեր հարաբերությունները մեր հարեւան երկրի հետ կվատթարանան: Բայց` ոչ: Տեսեք, Վրաստանը գնում է դեպի Եվրամիություն, Իսկ Հայաստանը` ԵՏՄ, բայց ՀՀ-ն եւ Վրաստանը պահպանում են ազատ առեւտրի համաձայնագիրը: Այսինքնª որեւէ բացասական փոփոխություն հայ-վրացական հարաբերությունների մեջ չի լինի: Նորից մեկս մյուսի հետ առեւտուր է անելու առանց մաքսի:
- Իսկ ի՞նչն էր պատճառը, որ 2015թվականի բյուջեի մեջ հաշվի չառնվեց ԵՏՄ-ին անդամագրվելու փաստը:
- Պարզապես ԱԺ-ն դեռ չի վավերացրել անդամակցության այդ փաստաթուղթը: Վավերացումից հետո, երբ վերջնականապես կհստակեցվեն այն ուղղությունները, որտեղից լրացուցիչ մուտքեր են լինելու, այդ ժամանակ բյուջեն կվերանայվի, անխոս: Ուստի քանի դեռ դե ֆակտո պայմանագիրը վավերացված չէ, ցանկացած անձ կարող է ասել, որ առանց վավերացնելու ինչի՞ հաշվին են այն բյուջեում դրանք ներառում:
- Անցնենք այլ հարցերի. ըստ Ձեզ` ինչո՞ւ Հայաստանում բենզինի գները չեն իջնում, երբ միջազգային շուկայում կա էական գնանկում:
- Բենզինի գները ինչ-որ չափով իջել են: Այլ հարց է` համարժե՞ք են իջել, թե` ոչ. ես դրան հստակ պատասխանել չեմ կարող: Կարծում եմ` մրցակցային խնդիր, ամեն դեպքում, գոյություն ունի:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

