"ՕԴՆՈԿԼԱՍՍՆԻԿԻ" "ԻՆՏԻՄԱՅԻՆ" 3000 ԴՈԼԱՐԱՆՈՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Արխիվ 12-16"ՕԴՆՈԿԼԱՍՍՆԻԿԻ" "ԻՆՏԻՄԱՅԻՆ"
3000 ԴՈԼԱՐԱՆՈՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ (շորթում) հոդվածի 1-ին մասի սանկցիան 2-րդից տարբերվում է ... 3 տարով: Այսինքն, մեկից մյուսը "թռնելով", դատարանը կարող է մեղադրյալին բանտախուց ուղարկել 3 տարի ավել կամ պակաս ժամկետով:Ինչո՞ւ ենք որոշել գրել այդ մասին: Այն պարզ պատճառով, որ ուղիղ 2 ամիս առաջ "սիրաշատ" եւ ստաժավոր բանտարկյալ Նարեկ Պեպանյանի գործով առաջին ատյանի դատաքաննության արդյունքները հետաքննելուց, մենք խոստացել էինք անդրադառնալ դրան` վերադաս ատյանի որոշումից անմիջապես հետո:
ՔՐԵԱԿԱՆ "ԴԵՄՊԻՆԳԸ" ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՉԱՆՑԱՎ
"Կոշ" ՔԿՀ-ում պատիժ կրող Նարեկը տարբեր հեռախոսահամարներով ինտիմ բնույթի հեռախոսազրույցներ էր ունեցել տուժող Նունեի հետ եւ "Օդնոկլասսնիկի" իր կայքէջում տեղադրել էր Նունեի պոռնկագրական բնույթի լուսանկարները, ապա որոշել էր դրանք վաճառել... Նունեին:
Ինչքանո՞վ:
Հենց այդտեղ է թաղված շան գլուխը: Նարեկն ու Նունեն դատարանում ասել էին, թե շանտաժի գումարային արտահայտությունը կազմել էր 1000 դոլար, իրավապահները ու դատավորը "պարզել" էին, որ Նարեկը ցանկացել էր շորթել 3000 դոլար: Նարեկը ստացել էր ընդամենը... 400 դրամ, այն էլ` ոչ թե Նունեից, այլª շանտաժիստին բացահայտելու նպատակով իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում: Սակայն էականն այն չէր, թե որքան գումար էր ստացել Նարեկը. խնդիրն այն էր, թե որքան նա "կստանա" դատարանից. առավելագույնը 4 տարի ազատազրկում` հոդվածի 1-ին մասով, թե՞ 7 տարիª երկրորդով: Դատական առաջին ատյանում որոշել էին, որ մեղադրյալը փորձել էր շորթել խոշոր չափի, այն էª 3000 դոլար ու "քոքել" էին 2-րդ մասը:
"ՀԵՌԱԽՈՍ Ա ԷԼԻª ՆՈՒՅՆԸ ՉԻ՞"
Նարեկի պաշտպան Անահիտ Սաղաթելյանը վերաքննիչ դատարանից պահանջել էրª "փոփոխել Պեպանյանին առաջադրված մեղադրանքը` այն համապատասխանեցնելով փաստացի կատարած արարքին, որը համապատասխանում է ՀՀ քր. օր. 182 հոդ. 1-ին մասի հատկանիշներին եւ կայացնել օրինական, պատճառաբանված եւ հիմնավոր նոր դատական ակտ": Տիկին Սաղաթելյանին խնդրեցինք պարզաբանել, թե ինչպիսին պետք լինի "օրինական նոր ակտը": Պատասխանը ավելի քան համոզիչ էր. "Պաշտպանության կողմը պահանջել էր, որպեսզի դատարանում հետազոտվի այն հեռախոսը, որը որպես ապացույց նշված էր քրեական գործում եւ որով պարզվում էր, որ խոսքը գնացել էր 1000 դոլարի մասին": Այդ պահանջին դատարանը հակադարձել էր մոտավորապես հետեւյալ կերպ. "Հեռախոս ա էլի. համարի մի թիվը էս կողմ, մի թիվըª մյուս...":
Նույնը չէ. տարբերությունը կազմում է առնվազն այն 3 ավել տարիները, որոնք բանտում պետք է անցկացնի Նարեկը` "թըփ-շըփ" իրականացված նախնական ու դատական քննություններով:
"ԱԶԱՏ" ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ
Եթե ոչ դատարանի, ապա ընթեցողի համար իրավիճակը ներկայացնելու համար մեջբերենք վերաքննիչ բողոքից ընդամենը մեկ հատված. "Դատարանը մեղադրական դատավճռի հիմքում դրել է իրեղեն ապացույց ճանաչված այլ փաստաթղթերը` "Ղ Տելեկոմ" եւ "Օրանժ Արմենիա" ՓԲԸ-ներից ստացված լազերային սկավառակները, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ-ից ստացված լազերային սկավառակը, Դիանա Պետրոսյանի կողմից ներկայացված "Nokia 2700 classic" եւ "Samsung C3010" մոդելի բջջային հեռախոսները, ՀՀ ԱՆ "Կոշ" ՔԿՀ-ում խուզարկությամբ Նարեկ Պեպանյանի եւ Մ.Սանթոյանի քնելատեղերից եւ անձնական իրերից հայտնաբերված եւ առգրավված "Nokia 2730" մոդելի բջջային հեռախոսը` 094-xxxxxx համարի հեռախոսաքարտով, "Nokia 101" մոդելի բջջային հեռախոսը` 095-xxxxxx համարի հեռախոսաքարտով եւ "Nokia 10280" մոդելի բջջային հեռախոսը` 094-xxxxxx համարի հեռախոսաքարտով: Այդ բոլոր իրեղեն ապացույցները դատական նիստերի դահլիճ չեն բերվել եւ դատարանում դատաքննությամբ չեն հետազոտվել...": Ի պատասխան նշվածիª վերաքննիչ դատարանը մեջբերումներ էր արել ապացույցների ազատ գնահատման եւ վերլուծության վերաբերյալ քրեադատավարական օրենքի դրույթներից եւ... մերժել էր բողոքը: Հավանաբար, քննիչի, դատախազի ու դատարանի համար այդ դրույթները նշանակում են, որ իրենք ազատ են ապացույցների հետ վարվել իրենց հայացողությամբ եւ կարող են բազմակողմանի ու օբյեկտիվ ուսումնասիրել անգամ բացակայող ապացույցները:
Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց առաջին ատյանի դատավոր Մնոյանի դատավճիռըª ազատազրկում 5 տարի 4 ամիս ժամկետով:
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

