ԿԳԱ՞ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՎԵՐՋԸ
Արխիվ 12-16ԿԳԱ՞ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՎԵՐՋԸ
Նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրեց այն ժամանակացույցը, որով կընթանա Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի վերջին փուլը: "Մինչեւ ամսի 17-ը կամ նոյեմբերի 17-ին կունենանք ՍԴ-ի որոշումը: Այնուհետեւ փաթեթը կուղարկենք Ազգային ժողով, եւ այն կքննարկվի հանձնաժողովներում: Այնուհետեւ, կարծում եմ, դեկտեմբերի սկզբին կմտնի նիստի օրակարգ...":
ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ԶԲԱՂՎԱԾ Է "ՊՏԻՉԿԱՆԵՐ" ՇԱՐԵԼՈ՞Վ
Հասկանալի է, թեեւ գործնականում այս գործընթացը կարելի է համարել ավարտված, սակայն ներհայաստանյան դաշտում գոնե քարոզչական մակարդակով հակազդեցության մանր-մունր փորձեր դեռ կարելի է տեսնել: Իսկ ահա արտաքին խաղացողները կարծես թե վերջնականապես են հաշտվել նրա հետ, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կանխել այլեւս ոչ մի կերպ հնարավոր չէ: Օրինակ, եթե դեռ մեկ-երկու ամիս առաջ Համաշխարհային բանկից եւ Արժույթի միջազգային հիմնադրամից հնչում էին նախազգուշացնող կարծիքներ, թե այդ անդամակցությունից ինչ ծանր, գրեթե արհավիրքային հետեւանքներ պետք է սպասի Հայաստանը, ապա ներկայումս լսվում են բոլորովին այլ գնահատականներ: Մասնավորապեսª Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Լորա Թակն արդեն այն միանշանակ կարծիքին է, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի համար ոչ թե տնտեսական մեծ անկումներ, այլ. "Նոր ու հետաքրքիր ժամանակներ են սկսվում": Եվ, իհարկե, մեր "լավագույն բարեկամ" ՀԲ-ն էլ միշտ պատրաստ է մեր երկրի կողքին կանգնել, օժանդակել. "Ճիշտ գնահատելու նոր հնարավորությունները, լավագույնս օգտվելու դրանցից եւ հնարավորինս նվազեցնելու մարտահրավերները":
Սա, իհարկե, առկա իրողություններց ելնելովª Հայաստանի հետ հարաբերությունները կառուցելու արեւմտյան եւ առաջին հերթինª ամերիկյան առաջարկի տեսք ունի: Բայց այս վիճակում անգամ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը համառորեն չի հրաժարվում հայ-թուրքական հաշտեցման տխրահռչակ ծրագրերից: Չնայած, եթե մեկ-երկու տարի առաջ ամերիկյան դեսպանն առնվազն խոսում էր, թե ուր որ է` կսկսի գործել Հայաստան-Թուրքիա երկաթուղին, ապա այս օրերին պարոն Հեֆերնի առավելագույն հավակնությունն այսպես կոչված "Մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցք" զբոսաշրջային ծրագիրն է, որը նախատեսում է հունական Սալոնիկից Թուրքիայով եւ Վրաստանով զբոսաշրջիկներին հասցնել մինչեւ հայաստանյան Մեղրի: Իմաստը, ըստ պարոն Հեֆերնի, հետեւյալն է. "Գաղափարը կայանում է նրանում, որ մարդկային հարաբերությունները ժամանակի ընթացքում նպաստում են երկրների միջեւ երկկողմանի հարաբերությունների բարելավմանը": Այսինքնª զբոսաշրջիկներն այնքան պետք է գնան ու գան, մինչեւ որ Հայաստանն ու Թուրքիան "հասկանան", թե ինչ լավ բա՞ն է "երկկողմանի հարաբերությունների բարելավումը":
Միանգամայն "փայլուն" միտք է, միայն թե դա վկայում է, որ մեր տարածաշրջանում ամերիկյան քաղաքականությունն այնքան է խեղճացել, որ այն կյանքի կոչելու համար Հայաստան գործուղված դեսպան Հեֆերնին մնում է միայն խոսել տուրիստների գնալ-գալու հաշվին ավելի քան մեկդարյա պատմություն ունեցող հայ-թուրքական գլոբալ հակասությունները կարգի բերելու մասին, թերեւս թաքուն հուսալով, որ դրա արդյունքում էլ Հայաստանը հեռու կմնար Եվրասիական միությունից: Չնայած լավ է, որ նման "աշխարհացունց" գաղափարների ետեւից է ընկել. դա հուշում է, որ այլ, ավելի լուրջ եւ գործուն քայլեր պարզապես չունի: Բայց հազիվ թե ինքն էլ լրջորեն հավատա այդ "զբոսաշրջիկային քաղաքականությանը": Պարզապես ուր որ է` հեռանալու է ներկայիս պաշտոնից, վերադառնալու է Վաշինգտոն, իսկ այնտեղ հաստատ կհարցնենª Ջոն, այդ ինչպե՞ս ձախողեցիր Հայաստանի եվրոպականացման գործն ու թույլ տվեցիր, որ գնա Եվրասիա: Դե ուրեմն այդ գլոբալ ձախողումը մարսելու եւ, ասենք, ամազոնյան ջունգլիների ինչ-որ հնդկացիական ցեղի մոտ դեսպան դառնալու տխուր ճակատագրից խուսափելու համար մնում է հնարավորինս շատ նման տուրիսական ծրագրերով "պտիչկաներ" շարել, որ Վաշինգտոնում գոնե դրանով արդարանա:
ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻ ԹԵՄԱՆ ՆՈՐԻՑ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
Չնայած եթե հայ-թուրքական հաշտեցման թեմայից որեւէ հույս չկա, ապա բոլորովին հակառակ իրավիճակն է նկատվում մի կողմից հայ-վրացական, մյուս կողմից էլª հայ-իրանական հարաբերությունների շուրջ:
Այն, որ վերջին օրերին վրացական կառավարությունից միանգամից դուրս մղվեցին մի շարք առանցքային պաշտոններ զբաղեցնող ¥պաշտպանության նախարարություն, ԱԳՆ եւ այլն¤ արեւմտամետ գործիչներ, որոնք, ըստ էության, ի սկզբանե այդ պոստերին նշանակվել էին որպես երաշխիք, որ Վրաստանը չի հեռանա արեւմտյան ուղղությունից, արդեն իսկ խոսում էր, որ մեր հարեւանների մոտ բավականին հետաքրքիր զարգացումներ են խմորվում: Ավելի վաղ էլ ՌԴ երկաթուղային համակարգի ղեկավար Վլադիմիր Յակունինն էր հերթական անգամ անդրադարձել Աբխազական երկաթուղու թեմայինª նշելով. ""Ռուսական երկաթուղիներն" իր կողմից դիտարկում է Աբխազիայով եւ Վրաստանովª դեպի Հայաստան երկաթուղու բացման հարցը": Եվ ահա վրացական այդ իրադարձություններից հետո ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանն էլ իր հերթին հայտարարեց. "Ինչպես հայկական կողմը, այնպես էլ ռուսական եւ վրացական կողմը խիստ կարեւորում են աբխազական հատվածի երկաթուղային կապի վերականգնման գործընթացը... Բանակցությունները փակ են ընթանում... ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը եւս ներգրավված է այդ գործընթացների մեջ" եւ այլն: Վերջում էլ պարոն Առաքելյանը հույսեր է հայտնում, որ շուտով կկարողանան "կարեւոր հայտարարությամբ հանդես գալ":
Իհարկեª վրացական կողմը չհապաղեց հերքել, թե ոչ մի գաղտնի բանակցություն էլ չկա: Բայց մյուս կողմից էլª նման բանակցությունների մասին նոր չէ, որ խոսակցություններ են ի հայտ գալիս: Իսկ վրացիների հերքումները կարելի է հասկանալ. եթե կան գաղտնի բանակցություններ, ապա այդ գաղտնիությունը հենց վրացական կողմի համար է անհրաժեշտությունª մի կողմից թուրք-ադրբեջանական տանդեմի հետ ժամանակից շուտ չբախվելու, մյուս կողմից էլª ԱՄՆ-ում խանդի նոպաներ չառաջացնելու համար:
Իսկ իրականում Աբխազական երկաթուղին հենց Վրաստանի համար է, որ դառնում է առաջնահերթ խնդիր: Բանն այն է, որ Եվրասիական միության գործարկումից հետո եվրաասոցացված Վրաստանը եվրասիական դարձած ռուսական շուկա իր ապրանքներն արտահանելու հարցում փորձելու է լուծել Հայաստանի միջոցով` կիսալեգալ պայմաններում. հակառակ դեպքում ստիպված է օգտվել ոչ ԵՏՄ անդամների համար սահմանված մաքսադրույքներից, ինչը վրացական շատ ապրանքներ միանգամից դարձնում է անմրցունակ: Սակայն եթե հիմա Վրաստանը կարողանում է իր ապրանքներն ադրբեջանական երկաթուղով հասցնել Ռուսաստան, ապա գալիք տարվանից դրանց վրա հայաստանյան կնիք դնելու դեպքում հազիվ թե կարողանա օգտվել ադրբեջանական երկաթուղուց, քանի որ դրանում Ադրբեջանը կտեսնի նաեւ հայկական ապրանքները վրացականի անվան տակ իրենց երկաթուղով Ռուսաստան հասցնելու մեծ ռիսկ: Այս խնդիրը, մեր տվյալներով, վրաց-ադրբեջանական կուլուարներում արդեն իսկ որոշակի բախումներ են առաջ բերել, ինչից խուսափելու լավագույն տարբերակը վրացիների համար դարձել է Աբխազական երկաթուղու վերագործարկումը:
Եվ սրան զուգահեռ նաեւ Իրանից ստացվեց տեղեկատվություն, որ ստորագրվելու է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման մասին հուշագիր: Այս առումով Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության փոխնախարար Ալի Նուրզադին նախ նշելով, որ ունեն բոլոր հարեւանների հետ երկաթուղային կապ հաստատելու ծրագիր, այնուհանդերձ ընդգծեց նաեւ, որ Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը կնպաստի նաեւ տարանցիկ փոխադրումների ընդլայնմանը: Այսինքնª այս դեպքում եւս սկսում է տեսանելի դառնալ ԵՏՄ-ի գործոնը, հաշվի առնելով, որ եթե նախկինում խոսքն ընդամենը Իրանն ու Հայաստանը երկաթուղով իրար կապելն էր, ապա ներկայումս արդեն Իրանն այդ երկաթուղով կկապվի նաեւ եվրասիական շուկայի հետ, առավել եւս, եթե սկսի առարկայանալ նաեւ Աբխազական երկաթուղու թեման:
Իսկ այս ընդհանուր գործընթացն էլ իր հերթին է հուշում, որ Եվրասիական միության ամենահարավային եւ, միաժամանակ, ԵՏՄ-ի համար Մերձավոր Արեւելքին սահմանակից միակ հատվածիª Հայաստանի հետ երկաթուղային կապի եւ այդ կապը դեպի Իրան հասցնելու խնդիրը հենց ՌԴ-ի համար է սկսում օրակարգային ռազմավարական նշանակություն ստանալ: Իսկ Հայաստանը պարզապես պետք է կարողանա այդ գործոնը մշտապես ռուսական կողմի աչքի առաջ պահել: Եվ այդ դեպքում, կարծում ենք, մեր երկրի երկաթուղային շրջափակման վերջին շատ երկար չենք սպասի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

