Կարծես թե, "ցեցն ընկել է" ոչ իշխանական "եռյակի" ջանը: Արի ու տես, որ վերջիններիս հակասությունները օր օրի էլ ավելի ցցուն են դառնում: ՀԱԿ-ը կարոտել է Ազատության հրապարակը, ԲՀԿ-ն որոշել է հաստատվել մարզերում, դե իսկ "Ժառանգությունն" էլ, "ո՛չ շիշ, ո՛չ քյաբաբ" իրավիճակում է: Թե որոնք են լինելու "եռյակի" հետագա քայլերը, երբ իրարամերժ հայտարարություններ են հնչում "եռյակի" անդամ ներկայացուցիչների կողմից, ու այլեւս խորհրդարանում չեն աջակցում մեկը մյուսին, փորձեցինք պարզել ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՑ: Սակայն տիկին Զոհրաբյանը խիստ անտրամադիր էր, ավելին` ի լուր լրագրողների, երեկ խորհրդարանի միջանցքում հայտարարեց, թե այս շաբաթ չի խոսելու` անձնական խնդիրների պատճառով:
Բայց զոհրաբյանական սթրեսը, պարզվում է, տարածվել է ողջ խմբակցության վրա, քանի որ տիկին Զոհրաբյանի հետեւից նույն դեմքով ու որեւէ հարցերի չպատասխանելու հաստատակամությամբ դուրս եկան նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանը եւ Վահե Հովհաննիսյանը: Ուշագրավ էր նաեւ այն, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԲՀԿ-ին համահունչ նույնպիսի անկումային տրամադրություն ուներ եւ խոսելու զրո ցանկություն: Էլ ավելի տարօրինակ էր այն, որ խորհրդարանական հայտարարությունների ժամին որեւէ ԲՀԿ-ական ելույթով հանդես չեկավ, մինչդեռ ընդամենը մի քանի օր առաջ կոկորդ էին պատռում համացանցում եւ այլուր: Ինչեւէ, երեկոն ավելի բովանդակալից էր ԲՀԿ-ականների համար: Կարծես թե, ԱԺ "Բարգավաճ Հայաստան" խմբակցությունը հասկացել է, որ "եռյակից" այլեւս հույս չկա ու որոշել է սեփական դարդերը խեղդել` մի բաժակ կոնյակի մեջ: Ինչպես պարզել է "Ժառանգություն" կուսակցության անդամ, Երեւանի ավագանու "Բարեւ Երեւան" խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի անցկացրած հետաքննությունը` հենց իր տան պատուհանից. "Ոնց որ թե, կանյաչնիում, հիմա` ԲՀԿ-ում լուրջ հավաք է: Շարքով-կարգով, հագած-կապած հարյուրներով ներս մտան":