ԿՈՍՏՅՈ՞ՒՄՆ Է, ՈՐ ՔԵԶԻ ՊԻՏԻ ԶԱՐԴԱՐԻ
Արխիվ 12-16ԿՈՍՏՅՈ՞ՒՄՆ Է, ՈՐ ՔԵԶԻ ՊԻՏԻ ԶԱՐԴԱՐԻ
Ինչքան մոտենում է ՍԴ-ում Հայաստանի` ԵՏՄ անդամակցության համաձայնագրի սահմանադրականության քննարկումը եւ ԱԺ-ում խորհրդարանական վավերացումը, այնքան ավելի զավեշտի է վերածվում քաղաքական դաշտի ոչ իշխանական հատվածը եւ տեղեկատվական-քարոզչական դաշտի մեծ մասի վարքագիծը: Համացանցում պտտվում են օլիգոֆրենի մակարդակի տեսահոլովակներ, թե ինչ "քըխ" է Եվրասիական միությունը, իսկ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության հայաստանյան պլատֆորմը, որը գլխավորում է ոչ անհայտ Բորիս Նավասարդյանը, իր տարածած հայտարարությունում անգամ կշտամբել է Եվրամիությանը, թե ինչու չի խանգարել Հայաստանին մտնել ԵՏՄ:
Բնականաբար, զավեշտը իրեն զգացնել է տալիս նաեւ խորհրդարանում:
ՀԱՆՎԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ (18+)
Երեկ խորհրդարանում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՀ 2015 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ առաջարկեց դուրս գալ ԱԺ դահլիճից, լրագրողների առաջ հանել իրենց կոստյումները, որպեսզի պարզվի, թե ում կոստյումն ինչ արժե, քանի որ, ըստ Ն.Փաշինյանի, նախարարի կոստյումն արժե ուսուցչի 4 տարվա աշխատավարձը: Ի պատասխան, Ն. Փաշինյանի հանվելու կոչերին, Գ. Խաչատրյանը նշեց, որ լրագրողների մոտ հանվելու ունակություններ չունի:
Դե, դրանից արդեն ոչ միայն զավեշտի, այլեւ, կներեք, գենդերի հոտ է գալիս: Իսկ եթե լուրջ, ապա այս քառօրյային Նիկոլը քանիցս անում է սկանդալային հայտարարություններ, սակայն սկանդալի փոխարեն ստացվում է համատարած ծիծաղ: Պարզ է, որ սույն արեւմտամետին հուշել են, որ ակտիվանալու, իրեն պատռելու ժամանակն է: Նույնն է անում եւ Զարուհի Փոստանջյանը, ով "ԼՂՀ անկախության ճանաչման" իր հերթական նախագծով արդեն այնքան է զզվեցրել արցախցիներին, որ Արցախի պաշտոնյաները հունից դուրս գալով` արդեն ոչ այնքան կիրթ բառապաշարով են բնութագրում նախագիծն էլ, նրա հեղինակին էլ: ԱԺ-ում էլ դա հակազդեցության արժանացավ, եւ հակազդում էին նույնիսկ ՀԱԿ-իստները, եւ նույնիսկ իրավապաշտպան գործունեության պլատֆորմով անկախ պատգամավոր ընտրված Էդմոն Մարուքյանը: Իսկ Փոստանջյանը արդեն բաց տեքստով էր խոսում, որ ցանկալի է համարում օտարերկրյա խաղաղապահներ բերել:
Դե, եթե արեւմտյան որոշ "քաղաքացիական ակտիվիստներ" սեփական ճակատին են գրում "գենդեր" խարանը ու այդպես նկարվում, ապա ինչու երիտասարդ գործակալի կուրսեր անցած ոչ այնքան երիտասարդ Փոստանջյանը չպետք է բացեիբաց իր վրա վերցնի դավաճանի խարանը...
Սակայն բնորոշումները մի կողմ, եւ փաստը մնում է փաստ, որ "եռյակի" երկու կուսակցություններ ՀԱԿ-ն ու "Ժառանգությունը" "ԼՂՀ անկախության ճանաչման" հարցով իրար հասցրին անվանել էլ գող փիսո, էլ քաչալ շուն: Այսինքն` "եռյակում" բացահայտվեց հակասությունների եւս մեկ շերտ:
Դե, իսկ ՀԱԿ-ԲՀԿ հակասության մասին շատ է գրվել: Որ ՀԱԿ-ն ուզում է հնարավորինս շուտ հանրահավաքներ անել, իսկ ԲՀԿ-ն հանրահավաք չի ուզում եւ ՀԱԿ-ին առաջարկում է սեփական ուժերով անել սրտի ուզած ցանկացած փողոցային միջոցառումը: Բայց պարզից էլ պարզ է, որ առանց ԲՀԿ-ի, ոչ մի հանրահավաք էլ չի լինի: ԼՏՊ-ին պետք է շտապ հանրահավաքներով գոնե ցուցադրել, որ փորձում է ցնցումներ առաջացնել եւ խանգարել երկրի մուտքը ԵՏՄ, իսկ ԲՀԿ-ին բոլորովին պետք չէ արմատականացումը, քանզի դա նշանակում է կուսակցության ակնթարթային պառակտում` "նարնջագույն" եւ գործարար թեւերի: ՀՀ նախագահն էլ, կառավարությանն առաջարկեց կրկին անդրադառնալ "քառյակի" պահանջած 12 կետերին, եւ ԲՀԿ-ն արդեն կոնկրետ քաղաքական զբաղմունք էլ ունի: Հանգիստ կարող են մանրամասնորեն քննարկել ամեն մի կետը, ամեն մի կետի իրականացման "ճանապարհային քարտեզ" գծել ու այդպես ոչ իշխանական եւ ոչ ընդդիմադիր կեցվածքով հասնել մինչեւ 2017-ի ԱԺ հերթական ընտրությունները:
Այսպիսով, ԲՀԿ-ի պարագայում ամեն ինչ իր հունի մեջ է` ե՛ւ իշխանությունից պահանջելիք ունեն, որի արդյունքները կարող են ներկայացնել ընտրազանգվածին, ե՛ւ ցնցումներ չեն առաջացնում, ու իրենք իրենց ռիսկերի տակ չեն դնում, ե՛ւ կուսակցության պառակտման սպառնալիք չկա: Բոլորը գոհ ու շնորհակալ են, ոչ շիշն է վառվում, ոչ քյաբաբը: Իսկ վառվողի դերում մնում են ԲՀԿ-ի ռեսուրսը օգտագործելու ձգտող առաջին եւ երկրորդ նախագահները: Դե, եթե Լեւոն Ակոպիչին բավականին կոպիտ ու ոչ նրբանկատ ձեւով են ցույց տվել իր տեղը, ապա Ռոբերտ Սեդրակիչի հետ տարատեսակ ստվերային պայմանավորվածությունները հենց ստվերում էլ տարբեր պատրվակներով քայլ առ քայլ "գլխից ռադ կանեն":
Ու հենց այդ իրավիճակն էր պատճառը, որ, օրինակ, ԱԺ քառօրյայի հայտարարությունների ժամին հերթագրվել էին միայն ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի պատգամավորները: Ոչ ԲՀԿ-ի, ոչ էլ ՀԱԿ-ի հետքն անգամ չէր երեւում, նրանք էլ գերադասում էին թերեւս շառից, փորձանքից ու լրագրողներից հեռու լինել:
ՄԵԿՆԱԾ ԳՆԱՑՔԻ ՀԵՏԵՎԻՑ ՎԱԶԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Եթե Ռոբերտ Քոչարյանն ունի սեփական պատկառելի ռեսուրսը ու առանց ԲՀԿ-ի էլ միգուցե կարող է փորձել սեփական շահերն առաջ տանել, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը քաղաքական մակաբույծի պես "քաղաքագիտական վերլուծության" շրջանակում լիուլի օգտվում էր ԲՀԿ-ի ռեսուրսից, մնում է օդում: Ոչ այն է համաձայնել արհամարհված գրպանային կցորդի կարգավիճակին, ոչ այն է դուռը շրխկացնելով հեռանալ: Երբ ծերուկը հայտարարում էր, որ ԵՏՄ անդամակցությունն անշրջելի իրողություն է, նա դա հասցեագրում էր նաեւ Արեւմուտքին, հասկացնել տալով, որ Մայդան անելու գնացքը գնացել է: Հիմա նա չի կարող պախարակել ԲՀԿ-ին, քանզի տարիներով դիֆիրամբներ էր երգում եւ համոզում հանրությանը, որ ԲՀԿ-ն "քըխ" չէ, օլիգարխիկ չէ, ժողովրդասեր է ու ոչ մի կապ չունի մարտիմեկյան արյան հետ: Միանգամից հակառակն ասողի ճակատին անմիջապես կկպչի "աբիժնիկի" խարանը, ինչը օր ծերության ԼՏՊ-ին ամենեւին պետք չէ:
Ուստի նրան մնում է բացահայտ կամ կիսաստվերային տարբերակով "վերաֆորմատավորել" սեփական գործունեությունը գոնե ընդդիմադիրի կարգավիճակը եւ ընդդիմադիր ընտրազանգվածը պահպանելու համար: Բոլոր տեսակի մայդանները նաեւ ԲՀԿ-ի "շրջադարձի" շնորհիվ հաջողությամբ լցված են զուգարանակոնք եւ ջուրն էլ քաշած է, եւ մնում է միայն ընդդիմադիր ընտրազանգվածի տոկոսների համար պայքարելու տարբերակը: Եվ այդտեղ գալիս է կրկին Նիկոլի եւ Բագրատյանի հետ ուս ուսի տված գործելու պահը, քանզի, օրինակ, Րաֆֆին այն աստիճանի չուլ դարձած գործիչ է, որ նույնիսկ սեփական կուսակցությունն է նրանից ձանձրացել: Ինչեւէ, հեռանկարում թերեւս ուզած-չուզած ամբողջ արեւմտամետ հանրույթը լցվի մի կաթսայի մեջ, ու, խոշոր հաշվով, ԼՏՊ-ի համար այդքան էլ էական չէ` ԲՀԿ-ի հետ միասին լինել "բուրժուադեմոկրատ", թե` այդ ամբողջ խառախուռայի հետ միասին լինել "լիբերալ-դեմոկրատ", ինչը նույնիսկ նրա ՀՀՇ-ական հոգուն ավելի հարազատ է: Բայց կրկին այդտեղ հարցերի հարց է, թե ով պետք է լինի "լիբերալ-դեմոկրատների" առաջնորդը: Շատերը կգտնվեն, որ կուզենան ծերուկին այդտեղից քշել: Բայց այդ մասին, ինչպես ասում են ԲՀԿ-ականները, հաջորդ դասին: Եվ եթե 25 տարի առաջ կար "գնացքից թռցնող" գաղափարական առաջնորդ, ի դեմս Վազգեն Մանուկյանի, ապա ԵՏՄ "գնացքի հետեւից վազող" լինելու համար պարզապես ծերուկի շնչառությունը չի հերիքի:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

