ԵՐԲ ՄՇԱԿՈՒԹԱՍԵՐ ՓՈՔՐԻԿՆԵՐԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ ԵՆ ԱՆԴԱՍՏԻԱՐԱԿ «ՄՈՆՍՏՐՆԵՐԻ»
Արխիվ 12-16ԵՐԲ ՄՇԱԿՈՒԹԱՍԵՐ ՓՈՔՐԻԿՆԵՐԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ ԵՆ ԱՆԴԱՍՏԻԱՐԱԿ «ՄՈՆՍՏՐՆԵՐԻ»
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակներում օրերս «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց Միշա Գալուստյանի մասնակցությամբ ռուսական «Այ քեզ նվեր» ֆիլմը: Սակայն ֆիլմի ավարտից հետո հանդիսատեսը ոչ թե ասաց. «Այ քեզ նվեր», այլ` «Այ քեզ բա՜ն»: Առաջին պահին թվաց, որ ֆիլմի ընթացքում դահլիճում ցունամի է եղել, հետո ավելի մանրամասն շուրջներս նայելով` կարծեցինք, որ, այնուամենայնիվ, Հայաստանում էլ մայդան եղավ: Եվ շուրջը տիրող քաոսից սթափվեցինք միայն այն ժամանակ, երբ դահլիճ մտան կինոթատրոնի հավաքարարները ու սկսեցին հերթով հիշատակել ներկա փոքրիկ հանդիսատեսի ծնողների նախնիներին:
Բայց սա այն դեպքն էր, որ լիովին արդարացված էր տիկնանց վրդովմունքը, քանի որ բոլոր
նստարաններն ու դահլիճի հատակը գրեթե ամբողջությամբ ծածկված էր տրորված ադի-բուդիով, դատարակ շշերով եւ այլ տարատեսակ աղբով: Լավ, մի՞թե այդ հրաշք փոքրիկները, երբ լույսերն անջատվում է, վերածվում են «մոնստրների», կամ ինչո՞ւ իրենց անդաստիարակ երեխաների ձեռքը չեն բռնում նրանց կողքին նստած ծնողները, թե՞ նրանք էլ են ֆիլմի ընթացքում զբաղված «ուտուշ-խմուշով»:
Ի վերջո, սիրելի ծնողներ, եթե ձեզ այդպես էլ չի հաջողվել դաստիարակել սեփական երեխաներին ու ինքներդ էլ չեք փայլում դաստիարակվածությամբ, ապա կինոթատրոնների փոխարեն գնացեք գազանանոց, բայց ոչ թե կենդանիներին դիտելու, այլ ազատ վանդակներում տեղավորվելու համար:
Կույտը մշակեց
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

