ԿԱՑՆԻ ԿՈԹՈՎ ԾԵԾԵԼ Է ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆՈՒՄ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ԲՈՒԺՎԱԾ ԿՆՈՋԸ
Օրերս Լոռու մարզի Միխայլովկա գյուղում ամուսինը կացնի կոթով ծեծել է հոգեբուժարանում երկու անգամ բուժված կնոջը: Այս տեղեկությունը մեզ հաղորդեց գյուղապետ Դիլբարյանը: - Նրանց տունը եթե ոչ ամեն օր, ապա շաբաթը երկու անգամ նման կռիվներ, ծեծեր լինում են:
Մեկ-մեկ էրեխեքի հետ են իրար ծեծում: Էս անգամ էլ կենցաղային հարցերի շուրջ հերթական վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ 59-ամյա ամուսինը ծեծել է իրենից 20 տարի փոքր կնոջը:
ԿՐԱԿՈՂԻ ԳՅՈՒՂԱՊԵՏ ՀԱՅՐԸ ՈՐԴՈՒ ԱՐԱՐՔԸ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ
Նոյեմբերի 4-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կալանավորել է Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի բնակիչ, 41-ամյա Հակոբ Վիրաբյանին: Նշենք, որ այդ նույն օրը Ներքին Պտղնիի առաջին փողոցում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ: Կալանավորված Հակոբ Վիրաբյանի հայրը` Առաքել Վիրաբյանը, մեզ հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ, թե ինչու են նրա որդուն ձերբակալել` ասելով. "Հա, տղա է, էլի, համ էլ ես իմ անձնականի հետ կապված չեմ խոսում":