"ՀԱՅ ՄԵԾ ԳԻՏՆԱԿԱՆԻ ԵՐԱԶԱՆՔՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԱՆԿԱՏԱՐ ՄՆԱՑ"ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՌԱՖԱՅԵԼ ՄԵԼԻՔ-ՕՀԱՆՋԱՆՅԱՆԸ
Արխիվ 12-16ԱՆԿԱՏԱՐ ՄՆԱՑ"ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՌԱՖԱՅԵԼ
ՄԵԼԻՔ-ՕՀԱՆՋԱՆՅԱՆԸ
Նոյեմբերի 7-ին իր մահկանացուն կնքեց մեծ գիտնական, քիմիկոս, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի եւ բնության ու հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի հայկական մասնաճյուղի նախագահ ՌԱՖԱՅԵԼ ԳԵՂԱՄԻ ՄԵԼԻՔ-ՕՀԱՆՋԱՆՅԱՆԸ: Նշենք, որ գիտնականը այս տարի օգոստոսի 1-ին նշեց իր 75-ամյակը: Նա այն եզակի հայ գիտնականներից է, որին ճանաչում եւ հարգում են գրեթե ամբողջ աշխարհում: Իր գիտական ողջ գործունեության ընթացքում ձեռք է բերել մեծ ճանաչում, մեծ գիտական ներդրում ունի քիմիայի ու բժշկության ոլորտում` մասնավորապես 30-ից ավելի հայտնագործությունների ու 200 գիտական աշխատությունների հեղինակ է: 1959-ից մինչ այժմ աշխատելով ՀՀ ԳԱԱ Ա. Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում` ձեռնամուխ է եղել պիրիմիդին ածանցյալների հիմքի վրա նոր հակաուռուցքային պատրաստուկների սինթեզի ստեղծմանը, բնական հակաբիոտիկների եւ մասնավորապես սպարսոմիցինի եւ նրա նմանակների կառուցվածքի ձեւափոխմանը, ինչպես նաեւ բնական նոր հակաուռուցքային միջոցների որոնմանը:
ՍԻՄ կուսակցությունը եւ "Իրավունք" թերթի ողջ անձնակազմը ցավակցում է մեծ գիտնականի հարազատներին` մահվան կապակցությամբ:
Իսկ ստորեւ ներկայացնում ենք ակնարկը` նրա անկատար մնացած երազանքի մասին:
Չնայած ՌԱՖԱՅԵԼ ԳԵՂԱՄԻ ՄԵԼԻՔ-ՕՀԱՆՋԱՆՅԱՆՆ իր գիտական ողջ գործունեության ընթացքում ձեռք էր բերել մեծ ճանաչում, ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ամբողջ աշխարհում, սակայն նրա մի վաղեմի երազանքն այդպես էլ անկատար մնաց: "Իրավունքի" հետ զրույցներից մեկում գիտնականը նեղսրտել էր, որ իր ընկերոջը` ճապոնացի հայտնի նկարիչ, գիտնական, քաղաքական գործիչ ՏԱԴԱՍԻ ԳՈԻՆՈՅԻՆ տված խոստումը չի կարողանում իրականություն դարձնել.
"Ուտագավա մշակութային դպրոցը, որը գոյություն ուներ 18-19-րդ դարերում, տվեց շատ արվեստագետներ` ճապոնական փորագրությունների ասպարեզում` Ուտագավա Տոյոկունի սերունդ, Ուտագավա Կունիսադա, Ուտագավա Հիրասիգե եւ այլն: Ժամանակին Վան Գոգն իր սիրուհուց նվեր է ստացել "Օսախի կամուրջը վարար անձրեւի տակ" նկարը, որի հեղինակը Ուտագավա Հիրոսիգեն է: Այնուհետեւ նա ստանում է երկրորդ նկարը` "Ծաղկած սալորենի": Նվեր ստացած նկարների տպավորության մասին Վան Գոգը նամակագրությամբ կիսվում է իր ընկերների հետ: Այնուհետեւ դիմում է եղբորը, որպեսզի գնի իր համար նմանատիպ տարբեր փորագրություններ: Այժմ Վան Գոգի թանգարանում պահպանվում են շուրջ 400 նման փորագրություններ",- "Իրավունքի" հետ զրույցում գրեթե մեկ տարի առաջ պատմեց Ռ.Մելիք-Օհանջանյանն:
Ու ոգեւորությամբ նշեց, որ իր ընկեր ճապոնացի հայտնի նկարիչ, գիտնական, քաղաքական գործիչ ՏԱԴԱՍԻ ԳՈԻՆՈՆ նախ վերականգնել է Ուտագավայի դպրոցի ավանդույթները (քանի որ դրանք 20-րդ դարասկզբում գրեթե գոյություն չունեին), ապա հավաքել Վան Գոգի նկարների հավաքածուի ամբողջական պատկերները` շուրջ 250 նկար: Վան Գոգի այդ հավաքածուն, որը ձեռք է բերել Տադասի Գոինոն, ցուցադրվել է աշխարհի առաջավոր թանգարաններում: Պրոֆեսոր Ռաֆայել Մելիք-Օհանջանյանի ակտիվ աջակցությամբ 1994 թվականին առաջին անգամ այդ հավաքածուն ցուցադրվեց Հայաստանի Ազգային պատկերասրահում, այնուհետեւ Ս. Պետերբուրգի Էրմիտաժում, Ա. Ս. Պուշկինի անվան գեղարվեստի թանգարանում, Ուկրաինայում, Լատվիայում, ԱՄՆ-ում, Մալթայում: Ցուցահանդեսի փակման ժամանակ պրոֆեսոր Գոինոն պաշտոնապես հայտարարեց, որ այդ արվեստի քարոզչությունը որ երկրից սկսվել է, այսինքն` Հայաստանից, նվիրում է հենց այդ երկրին, մասնավորապես պրոֆեսոր Մելիք-Օհանջանյանի կողմից հիմնադրված Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղին: Մի պայմանով, որ այդ ակադեմիան հիմնադրի 19-րդ դարի ճապոնական այդ ունիկալ փորագրութունների (որը հավաքել է Վան Գոգը) մշտապես գործող թանգարան: Սկսած դեռեւս 1999 թվականից, պրոֆեսոր Ռ. Մելիք-Օհանջանյանը դիմել է ՀՀ բոլոր նախագահներին ու վարչապետներին, ինչպես նաեւ բարերարներին, որպեսզի տարածք հատկացվի` Երեւանում մշտապես գործող թանգարան ստեղծելու համար, սակայն` ապարդյուն:
Ցավալի է, բայց փաստ, որ հայ մեծ գիտնականի երազանքն ու ճապոնացի ընկերոջը տված խոստումն այդպես էլ անկատար մնաց: Իսկ թե ինչ կլինի Տադասի Գոինոյի Հայաստանին նվիրաբերած Վան Գոգի այդ հավաքածուի հետ, ցույց կտա ժամանակը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

