ԵՎՐՈՊԱՆ ՀԱՐԳՈՒՄ Է ՀՀ` ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՄԱՆ ՍՈՒՎԵՐԵՆ ՈՐՈՇՈՒՄԸ
Օրերս հայաստանյան պատվիրակությունը "Եվրանեսթ" արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում մասնակցեց ԽՎ-ի 4 մշտական հանձնաժողովների հերթական նիստերին: Թե արդյո՞ք համապատասխան հանձնաժողովներում քննարկված հարցերում եղել են կետեր, որոնք հակասել են ՀՀ` ԵՏՄ անդամակցմանը, "Իրավունքը" նախ փորձեց պարզել հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ՀՀՇամետ պատգամավոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՑ, ով նշեց.
"Որեւէ հարց չի առնչվել Հայաստանի` ԵՏՄ անդամակցությանը, քանի որ դա մի ֆորմատ է, որտեղ Հայաստանի պատվիրակությունը Եվրամիության հետ ուղիներ է որոնում` ավելի համահունչ գործել եւ շարունակել մեր համագործակցությունը: Ինչ վերաբերում է ՀՀ` ԵՏՄ անդամակցմանը, դա մեր սուվերեն որոշումն է եւ մեր ներքին քննարկման հարցը, եւ որեւէ հանձնաժողովում նման հարց չի բարձրացվել": Մեր հարցին ի պատասխան` Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակությունը ղեկավարող ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՆ էլ հավելեց. "Ադրբեջանցիները փորձեցին հարց բարձրացնել, թե այսօր Հայաստանը` լինելով ԵՏՄ անդամ, շարունակելո՞ւ է Եվրամիության հետ իր հարաբերությունները: Բայց անմիջապես մեր եվրոպական գործընկերներն իրենք Ադրբեջանի պատվիրակության հարցը կասեցրին` ասելով, որ դա իրենց խնդիրը չէ, եւ բոլորս էլ շահագրգռված ենք, որ պետությունները եւ քաղաքական ուժերը Եվրախորհրդարանում հետագա երկխոսությունը զարգացնեն եւ ընդլայնեն: Այնպես որ, նման խնդիր արհեստականորեն փորձվեց մեկ-երկու ձեւակերպմամբ առաջ բերել, բայց անմիջապես կանխվեց, որովհետեւ դա այլեւս քաղաքական օրակարգում չկա": Ապա պարոն Զաքարյանը հստակեցրեց. "ԵՏՄ անդամակցման հարցում Հայաստանն ունի իր սուվերեն որոշումը, եւ բոլորը հայտարարել են այդ սուվերեն որոշման նկատմամբ իրենց հարգանքն ու մոտեցումները: Եվ այս առումով, բնականաբար, շարունակելու ենք զարգացնել մեր բազմաբնույթ քաղաքականությունը նաեւ Եվրախորհրդարանում":