"ԲՀԿ-Ի ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԿՈՉԵՐԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ԵՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ"
Արխիվ 12-16"ԲՀԿ-Ի ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԿՈՉԵՐԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ԵՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ"
Երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից, ամենայն վիրավորվածությամբ, հարց բարձրացրեց, թե ինչու չեն անջատվում ՀՀԿ խմբակցության այն պատգամավորների խոսափողները, ովքեր մեղադրանքներ են հնչեցնում ընդդիմության հասցեին. "Կխնդրեի պատկան մարմիններին ուշադրություն դարձնեն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի այն հայտարարությանը, որ նա ասում է, թե ընդդիմության ելույթներից, գործունեությունից նավթադոլարների հոտ է գալիս: Թող պարոն Բաղդասարյանին հրավիրեն Ազգային անվտանգություն եւ հարցնեն, թե ինչ նկատի ուներ` դա ասելով":Սրան ի պատասխան` "Իրավունքի" հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ նա անհանգստացած է Նիկոլ Փաշինյանի անհանգստությամբ. "Եթե իրենք խնդիրներ ունեն, ապա թող գնան համապատասխան մարմիններ եւ ինչ-որ բան գրեն: Ցանկանում եմ վերջնական սահմանափակել նման խոսակցությունները եւ ասել, որ նման ելույթներից նավթադոլարների հոտ է գալիս: Այո, եթե մարդիկ կանգնում եւ մեղադրում են մեր պետությանը, մեր պետության առաջին դեմքին` դավաճանության մեջ, ապա այդպես է: Ես կարծում էի, որ այս խոսակցությունները ավարտվել են, բայց ախր սա Նիկոլ Փաշինյանի գործը չէ, որի մասին նա խոսում է: Նա պարզապես պաշտպան է կանգնում այն անձանց, ովքեր նման ելույթներ են ունենում, եւ այո՛, նման ելույթներից նավթադոլարների հոտ է գալիս: Թող գնան մի հատ այդ ելույթները ուսումնասիրեն, թող իրենք դիմեն անվտանգությանը եւ հետո մեղադրեն":
Պարոն Բաղդասարյանին ուղղեցինք նաեւ այլ ներքաղաքական հարցեր.
- Նոյեմբերի 14-ին Սահմանադրական դատարանը եւ այնուհետ` նոյեմբերի 17, 18-ին` Հայաստանի ԵՏՄ-ի անդամակցության պայմանագրի վավերացման հարցը կբերվի Ազգային ժողով: Ձեր կարծիքով` հնարավո՞ր է ֆորսմաժորային տարբերակ տեղի ունենա, ասենք, օրինակ պատգամավորների քվեարկության քարտերը նորից գողանան, կամ բոյկոտեն եւ այն չընդունվի:
- Այսօր քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը` մոտ 99 տոկոսը այդ պայմանագրի նկատմամբ ունի դրական վերաբերմունք, խոսքս խորհրդարանական ուժերին է վերաբերում: Եվ միայն քաղաքական ուժերի մեջ գտնվող մեկ կամ երկու պատգամավոր, եթե դեմ են արտահայտվում, ապա դրանով ոչինչ չի փոխվի: Այդ հայեցակարգը, որը հիմա քննարկվում է Սահմանադրական դատարանում, որպեսզի տրվի սահմանադրական համապատասխանեցում, մինչ ստորագրումը ներկայացվել է հանրությանը` առանց որեւէ բառ փոխելու, նույնությամբ մտել է Սահմանադրական դատարան: Այսինքն` բոլոր քաղաքական ուժերը տեղյակ են եւ ուսումնասիրել են դա, չնայած որ նորից կլինեն հանրային լսումներ, որովհետեւ սա ճակատագրական քայլ է: Երբ կգա ԵՏՄ-ի հարցը, ԱԺ եւս մեկ անգամ թիվ մեկ քաղաքական ամբիոնից կքննարկվեն, եւ ամեն ինչ կտեղեկացնենք հանրությանը:
- Պարոն Բաղդասարյան, ակնհայտ տարաձայնություն է առաջացել ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ: ՀԱԿ-ը կողմնակից է հանրահավաքների, իսկ ԲՀԿ-ն` մարզերում շտաբների ստեղծմանը...
- Բազմիցս ասել ենք, որ այդ միավորումը դատապարտված է, քանի որ ներսում կան տարբեր քաղաքական ուժեր, գաղափարներ, որի կյանքը կարճ է: Դրա վառ ապացույցը տեսանք աչքներիս առաջ, սկզբում քառյակ, հետո եռյակ, երկյակ, իսկ հետագայում չգիտես ինչ կլինի: Սրանք մարտավարության ձեւեր են, որոնք նրանք են ընտրում: Իսկ եթե ԲՀԿ-ն հակված չէ հանրահավաքների, թող ՀԱԿ-ը կազմակերպի դա, կամ "Ժառանգության" հետ, ի վերջո ժամանակին ՀՀ առաջին նախագահն ունեցել է 90% ձայներ, իսկ վերջերս էլ "Ժառանգության" առաջնորդը` 40%, ի՞նչ է պատահել այդ ձայներին: Թող հավաքեն մարդկանց, բացատրեն իրենց անելիքները: Եվ հետո այդ հավաքներին արդեն ասելիք չկա, դուք ինքներդ ախր լսում եք դա: Նորից եմ կրկնում` ցանկանում եմ, որ ավելի շատ մարդ գնա այդ հանրահավաքներին ու լսեն, թե ինչ են ասում այնտեղ, ինչու են այդ մարդկանց դուրս հանում, որ անեկդոտնե՞ր պատմեն, ականջահաճո նախադասություններ ասեն, լավ, ինչքա՞ն կարող են այդպես մարդկանց պահել:
- ԲՀԿ-ն հանրահավաքներին կոչեր է անում իշխանափոխության եւ զուգահեռ շտաբներ է ձեւավորում մարզերում: Ինչ եք կարծում, ինչո՞ւ իրենց մանդատները վայր չեն դնում:
- Չեմ կարծում, որ ԲՀԿ-ի իշխանափոխության կոչերը ճիշտ են, նրանք անվանումն են սխալ ընտրել, դա կարելի է անվանել պարզապես նախընտրական շտաբների ձեւավորում, որով նախապատրաստվում են գալիք 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին:
- Իշխանափոխության կոչերին զուգահեռ` ինչո՞ւ մանդատները վայր չեն դնում:
- Բայց ինչո՞ւ վայր դնեն, մարդիկ պատրաստվում են մյուս ընտրություններին: Ուրիշ հարց, եթե նրանք ցանկանային, որ 2015 կամ 2016 թվականներին արտահերթ ընտրություններ լինեին` դա քայլ կլիներ, բայց կրկնում եմ` նրանք հիմիկվանից պատրաստվում են 2017-ի ընտրություններին:
- Այսինքն` նրանց ախորժակը արդեն բացվե՞լ է ու ավելի մե՞ծ է:
- Դե, բնականաբար, յուրաքանչյուր քաղաքական դաշտում գտնվողի ախորժակն էլ մեծ պետք է լինի, եւ նրանք ցանկանում են ապացուցել ժողովրդին, որ ամենաարժանավորն իրենք են: Այսօր նույնիսկ արենայում չերեւացող քաղաքական ուժերը, որոնք ընտանիքի անդամներով, կամ ընտանիքի կեսն է քաղաքական դաշտում, ասում են, որ իրենք պետք է լինեն այս երկրի նախագահը, բայց ունեն ընդամենը երեք-չորս հոգանոց կուսակցություն: Դա քաղաքական հիվանդություն է, բայց պետք է ասեմ, որ նմանատիպ երեւույթները եւ անգամ կուսակցությունները գնալով մարում են, եւ եթե նախկինում ունեինք 200 կուսակցություն, ապա հիմա գնալով պակասում են:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

