ԶԱՐՄԱՆՔ
Արխիվ 12-16
Թեեւ խաշի սեզոնը վաղուց է բացված, այնուամենայնիվ, խմիչքի չարաշահումը, մեղմ ասած, այնքան էլ օգտակար չէ: Դրանով զարմանալիորեն համոզվում ենք իրեն քաղաքագետ համարող ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ օրինակով, ում աչքին Ռուսաստանի բաժանումն է երեւացել. "Սառը պատերազմի" տրամաբանությունը սկսեց նոր թափով գործել 1961թ.-ից, երբ Մոսկվայի հրահանգով` ԳԴՀ կոմունիստական իշխանությունները կիսեցին Գերմանիան` "Բեռլինի պատի" կառուցմամբ: Այն դիմացավ մինչեւ 1989թ.-ը` իր չգոյությամբ վերջ դնելով երկբեւեռ աշխարհին: Հիմա Ռուսաստանը կրկին առաջնորդվում է "Սառը պատերազմի" տրամաբանությամբ` այս անգամ իր ու քաղաքակիրթ աշխարհի միջեւ կառուցելով քաղաքական, հոգեբանական "պատ"` իր սահմանների հարեւանությամբ` Դոնբասում:
Կասկածից վեր է, որ այս դիմակայությունը Մոսկվան կրկին տանուլ է տալու: Եթե Ռուսաստանի էլիտան հետեւություններ չանի, ապա հաջորդ "պատն" արդեն բաժանելու է ոչ թե Գերմանիան կամ Ուկրաինան, այլ հենց` Ռուսաստանը: Սա է պատմության դաժան տրամաբանությունը...": Դե ինչ, զարմանալով հանդերձ, արձանագրենք, որ ժամանակին ահագին թերացել են Սուրանյանցի ոչ միայն քաղաքագիտության դասախոսը, այլեւ պատմության ուսուցիչը: Ի դեպ, զարմանալիորեն պարզվում է, որ "մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա" ասացվածքը տարածվում է նաեւ ազգերի վրա: Շատերը աքսիոմ են համարում, որ աշխարհիս ամենախմող ազգը ռուսներն են, բայց արի ու տես, որ իրականում ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐՆ ԵՆ: Այսպես, Մեծ Բրիտանիայի Սեւենոքս քաղաքի էլիտար դպրոցում, ուր սովորում են 300 11-18 տարեկան աշակերտներ, տարեկան վճարելով շուրջ 50 հազար դոլար ուսման վարձ, զարմանալի միջադեպ է արձանագրվել: Շուրջ 40 աշակերտ 2 շաբաթով հեռացվել են դպրոցից հարբեցողության համար, քանզի դպրոցի աշխատակազմը նրանց հայտնաբերել է հենց դպրոցի տարածքում` լավ հարբած կամ, ժողովրդի խոսքով ասած, "ցեխ դարձած" վիճակում: Իսկ այդպիսի բան, ու այդպիսի մասսայականությամբ հաստատ Ռուսաստանի որեւէ դպրոցում չես գտնի:
Երիտասարդ ՀՀԿ-ական ՀԱՅԿ ԴԵՐԶՅԱՆԸ "Ֆեյսբուքի" սեփականատեր Մարկ Ցուկերբերգի ասուլիսին գրանցել էր հարց, թե ինչպես է պատրաստվում "Ֆեյսբուքը" նշել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Եթե հարցն անտեսվեր` այդքան էլ զարմանալի չէր լինի, սակայն պարզվում է, որ այդ հարցը շտապել էին ջնջել, չնայած ձեւակերպված էր ամենայն բարեկրթությամբ: Բնականաբար, հայ օգտատերերը սկսեցին "քըխ" բաներ գրել Ցուկերբերգի մասին, բայց արի ու տես, որ լրատվական դաշտի նեկայացուցիչներից մեկը ապշեցուցիչ ձեւով որոշեց արդարացնել "Ֆեյսբուքի" սեփականատիրոջը կամ նրա թիմակիցներին. "Իսկ եթե մեզ` հայերիս, օտարերկրացիները հարց տան` ի՞նչ օր է ձեզ համար ապրիլի 7-ը: Մենք անմիջապես կպատասխանենք` Մայրության եւ գեղեցկության օրը: Հարց տվողները գլուխները բացասաբար կօրորեն` "Չէ՛, ուրի՛շ օր է": Այդ օրը Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության օրն է: Երբ 1994 թ., այսինքն` 20-րդ դարի ավարտին, Եվրոպայի, Արեւմուտքի, քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ, ՄԱԿ-ի անգործությամբ, մոտ մեկ միլիոն մարդ կոտորվեց, ենթարկվեց անմարդկային կտտանքների, մեկ միլիոն մարդ բռնեց գաղթի ճամփան: Գիտե՞նք, հիշո՞ւմ ենք նման բան: Ոչ միայն չենք հիշում, այլեւ այնքան էլ լավ չենք պատկերացնում Ռուանդայի տեղը երկրագնդի վրա": Զարմանալի է, մի՞թե կարելի է այդ աստիճանի "համամարդ" լինել: Մի քիչ էլ հայ եղեք, էլի, գրողի տանի:
Մենք անուշադրության էինք մատնել ոմանց թունավիժումները` ՀՀ նախագահի կողմից "Իրավունքի" ներկայացուցիչներին պետական բարձր պարգեւների արժանացնելու կապակցությամբ: Բայց պարզվում է, որ լիբերաստական զանգվածի հոգու կեղտոտությունը դրսեւորվում է անգամ այն դեպքերում, երբ խոսքը գրեթե յուրայինի մասին է: Քանի որ մեր նկատմամբ թույնով լցված լինելու կապակցությամբ վերջերս ահագին ուսումնասիրել էին ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը, մեկ էլ "հայտնաբերել էին" այն, ինչը ժամանակին չէին նկատել` որ իրավական թեմաներով գրող ընդդիմադիր լրագրող ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ սեպտեմբերի 21-ին պարգեւատրվել է "Մովսես Խորենացու" մեդալով: Ու "Ֆեյսբուքն" անմիջապես լցվեց զզվելի թունավիժումներով, դատողություններով, թե ընդդիմադիրի վազքը մինչեւ նախագահի մեդալն է, կշտամբանքներով, թե ինչու չի հրաժարվել: Լավ, հասկացանք, որ տականք եք, բայց այդ աստիճանի՞...
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

