ԱԺ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԴՐՎՈՒՄ Է ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱ՞Կ
Արխիվ 12-16ԱԺ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԴՐՎՈՒՄ Է ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱ՞Կ
Այսօր ԱԺ-ում ըն դունվեց «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունը, ըստ որի` Արտակարգ իրավիճակների նախարարությունը միացավ Տարածքային կառավարման նախարարությանը եւ ստեղծվեց մի նոր նախարարություն` Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն: Թե նոր նախարարության ձեւավորմամբ արդյո՞ք չի իմաստազրկվում ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի գոյությունը, հատկապես որ Հայաստանը գնում է դեպի ԵՏՄ ինտեգրման, «Իրավունքը» պարզեց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻՑ.
- Միանշանակ կարող եմ ասել, որ` ոչ: Իհարկե, մենք անդամագրվել ենք Մաքսային եւ Եվրասիական տնտեսական միությանը, եւ սա բխում է մեր ազգային անվտանգության, մեր տնտեսական անվտանգության ու, վերջիվերջո, մեր ազգային ընդհանուր շահերից, բայց միաժամանակ եվրոպական մեր օրակարգը պետք է կարողանանք պահել բարձր մակարդակի վրա, ինչն այսօր, ցավոք սրտի, խնդրահարույց է դառնում: Այսինքն` տնտեսական հարաբերություններում եւ այլ հարցերում, կարծում եմ, եվրոպական օրակարգը պետք է ակտիվացնել` ի շահ մեր պետության եւ մեր երկրի: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, կարծես, շատ յուրահատուկ դիրք է գրավում: Եթե ուշադրություն ենք դարձնում եւ խոսում ենք, որ կարող ենք դառնալ կամուրջ, որտեղ կկարողանանք ներգրավել ներդրումներ, ձեռնարկություններ հիմնել, այնուհետեւ արտահանում իրականացնել արդեն ԵՏՄ շրջանակներում, սա նաեւ մեր եվրոպական օրակարգի տնտեսական հատվածն է: Այնպես որ, այստեղ ես խնդիր չեմ տեսնում. Եվրաինտեգրման հանձնաժողովը կա ու իր գործունեության դաշտը եւ ոլորտն ունի:
- Այս դեպքում, չե՞ք գտնում, որ գոնե կարիք կա ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը վերանվանել, ասենք, դարձնելով` Եվրոպական եւ Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով:
- Սրանք մի քիչ տարբեր ոլորտներ են: Եվրաինտեգրման հանձնաժողովը զբաղվում է ոչ թե տնտեսական խնդիրներով, այլ իրավապահ մարմինների բարեփոխումներով, կրթական բազմաթիվ բարեփոխումներով` Բոլոնիայի կամ Եվրամիության հետ հարաբերությունների շրջանակներում... Այսինքն` դաշտերը բազմաթիվ են` տնտեսական, քաղաքական, մշակութային եւ այլն: Այս հանձնաժողովի դաշտը ավելի լայն է, քան միայն տնտեսականը:
- Իսկ որքանո՞վ է տրամաբանական` ունենալ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն, բայց խորհրդարանում ունենալ Եվրաինտեգրման մշտական հանձնաժողով:
- Այստեղ, իրոք, տրամաբանությունը պետք է հասկանանք: Այդ տեսանկյունից մենք կունենանք արտաքին հարաբերություններով զբաղվող երեք նախարարություն. Արտաքին գործերի նախարարությունը զբաղվում է նաեւ միջազգային տնտեսական հարաբերությունների բարեփոխումներով: Եվ ունենք Սփյուռքի նախարարություն, որն իհարկե աշխատում է մեր հայրենակիցների հետ, բայց դա նույնպես արտաքին կապեր է: Երկրորդ` կունենանք տնտեսական հարցերով զբաղվող երեք նախարարություն. ֆինանսների, էկոնոմիկայի եւ միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների: Սրանք խաչաձեւվող դաշտեր են, եւ այս դաշտերի մեջ պետք է իրավասությունները հստակեցնել: Կամ խոսում ենք բարեփոխումների նախարարության մասին, ցանկացած քաղաքականության ոլորտի մշակումներ նշանակում է առաջին հերթին բարեփոխումներ: Չի կարող որեւէ մի նախարարություն հանրային քաղաքականություն մշակել` առանց որեւիցե բարեփոխումների, հատկապես մեր երկրում, որ բարեփոխումները խիստ անհրաժեշտ են: Բացի այդ, արդյո՞ք այս նախարարաությունն ունակ է լինելու բոլոր խաչաձեւող ոլորտներով բարեփոխումներ իրականացնել: Իսկ եթե դրանք զուտ տնտեսական բարեփոխումներ են, այլ խնդիր է, բայց երբ գրում են միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների, սա կոդուկցիայի եւ դեդուկցայի խնդիր է դառնում տրամաբանության մեջ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

