ԻՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԱԳԱԺԱՌԱՆԳ ՎԱՉԱԳԱՆԻ, ԱՆԱՀԻՏԻ, ԱՆԴՈԿԻ ՈՒ ԶԱՆԳԻԻ ՀԵՏ
Արխիվ 12-16ԻՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԱԳԱԺԱՌԱՆԳ ՎԱՉԱԳԱՆԻ, ԱՆԱՀԻՏԻ, ԱՆԴՈԿԻ ՈՒ ԶԱՆԳԻԻ ՀԵՏ
Դեկտեմբերին կկայանա ռեժիսորներ ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԻ եւ ԼՅՈՒԼՅԱ ՍԱՀԱԿՅԱՆՑԻ «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմի պրեմիերան, որն այժմ գտնվում է հետարտադրական փուլում: Իսկ մեծ պրեմիերային ընդառաջ մուլտֆիլմի հեղինակները հայտարարել են մրցույթ հատուկ մանուկների համար: Մրցույթի հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Սիրելի՛ երեխաներ եւ ծնողներ,
Նկարահանվել է Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի համանուն, լիամետրաժ մուլտֆիլմը: Ստեղծագործական խումբը շուտով սկսելու է մուլտֆիլմի հերոսների տեքստերի ձայնագրությունը, որը չափազանց հետաքրքիր իրադարձություն է: Ձայնագրման սդուդիայում հավաքվում են հայտնի դերասաններ, ովքեր կյանք են տալիս կերպարներին: Այստեղ է,
որ կարող եք իմանալ, թե ի՞նչ ձայնով եւ ինչպե՞ս են խոսում թագաժառանգ Վաչագանը, Անահիտը, Անդոկն ու Զանգին: Որպեսզի կարողանաք ներկա գտնվել ձայնագրման ժամանակ, հարկավոր է հետեւյալը. ընտրեք մուլտֆիլմի ձեր ամենասիրելի կերպարին, ինքնուրույն նկարեք նրան եւ նամակի միջոցով ուղարկեք «Անահիտ» մուլտֆիլմի ֆեյսբուքյան պաշտոնական էջին https://www.facebook.com/AnahitFilm?fref=nf ՝ մինչեւ նոյեմբերի 15-ը, ժամը 12:00-ն: Նշեք նկարողի
անունը, ազգանունը, տարիքը եւ կոնտակտային հեռախոսահամարը:
Պրոֆեսիոնալ մուլտիպլիկատորները կընտրեն լավագույն 5 աշխատանքները, որոնց հեղինակները կհրավիրվեն ձայնագրման ստուդիա:
Մրցույթի արդյունքները կհրապարակվեն նոյեմբերի 18-ին: Զինվե՛ք ամենագունեղ մատիտներով եւ անցեք գործի: Դարձե՛ք այն հաջողակը, ով
կհայտնվի մուլտիպլիկացիոն աշխարհի անտեսանելի կողմում: Մաղթում ենք ձեզ հաջողություն»:
Ի դեպ, նշենք, որ «Անահիտ» մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են հաղորդավարուհի, դերասանուհի ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, դերասան, հաղորդավար ԽՈՐԵՆ ԼԵՎՈՆՅԱՆԸ, ՀՀ ժողովրդական արտիստ ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆԸ, ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ՀՀ վաստակավոր արտիստ ՀՐԱՆՏ
ԹՈԽԱՏՅԱՆԸ, ռեժիսոր, սցենարիստ, դերասան ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր ՄԿՐՏԻՉ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ, երգերի հեղինակ ՎԱՐԴԱՆ ԶԱԴՈՅԱՆԸ: Իսկ մուլտֆիլմում հնչած երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Տիգրան
Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաեւ «Ակունք» ազգագրական համույթը: «Անահիտ» մուլտֆիլմը Ղազարոս Աղայանի առաջին անիմացիոն էկրանավորումն է, որը նկարահանվել է անիմացիայի միջազգային չափանիշներին համապատասխան եւ որակական նոր հարթություն է բերելու հայկական մուլտարտադրություն: Հավելենք նաեւ, որ մրցույթին արդեն իսկ սկսել են ակտիվորեն մասնակցել մի շարք փոքրիկներ, այնպես որ շտապե՛ք դառնալ հաղթողներից մեկը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

