«ԵԹԵ ՀԱՐՑԸ ՉԼՈՒԾՎԻ, ԴԻՄԵԼՈՒ ԵՆՔ ՌՈՒՍԱԿԱՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ». ԵՂՆԻԿԻ ԳՅՈՒՂԱՊԵՏ
Արխիվ 12-16«ԵԹԵ ՀԱՐՑԸ ՉԼՈՒԾՎԻ, ԴԻՄԵԼՈՒ ԵՆՔ ՌՈՒՍԱԿԱՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ». ԵՂՆԻԿԻ ԳՅՈՒՂԱՊԵՏ
«Իրավունքը» երեկ տեղեկացրել էր, որ Արագածոտնի մարզի Եղնիկ ու Շղարշիկ համայնքների ղեկավարները Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի գլխավորությամբ այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին պետք է ներկայացնեին իրենց համայնքների ջրամատակարարման խնդիրները:
Հիշեցնենք` երկու օր առաջ եղնիկցիները փակել էին Երեւան-Գյումրի ճանապարհը արդեն երկար ժամանակ խմելու ջուր չունենալու պատճառով: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին հաջողվել էր համոզել գյուղացիներին բացել ճանապարհը, որից հետո փորձել էր վերոնշյալ համայնքների ղեկավարների հետ խնդրի լուծման տարբերակներ գտնել, սակայն ապարդյուն: Երկու համայնքների ղեկավարները ընդհանուր հայտարարի չէին եկել:
Այսօր Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ որոշվել է ստեղծել հանձնաժողով` խնդիրն ուսումնասիրելու նպատակով: «Իրավունքի» հետ զրույցում Եղնիկ գյուղի գյուղապետ Աշոտ Առաքելյանը շնորհակալություն հայտնեց վարչապետից իրենց լսելու ու խնդրին ընթացք տալու համար: «Ստեղծվելու է հանձնաժողով, որը կուսումնասիրի խնդիրը: Տասն օր հետո նույն կազմով նորից կլինենք վարչապետի մոտ ու կքննարկենք նույն հարցը»,- մանրամասնեց գյուղապետը, ապա հավելեց, որ եթե այս հարցը մինչեւ վերջ մնա վարչապետի հսկողության տակ, ամեն ինչ լավ կլինի:
Իսկ մինչ խնդրին կտրվի վերջնական լուծում, գյուղապետի խոսքով եղնիկցիներն ու շղարշիկցիները կշարունակեն խմելու ջրի նույն աղբյուրից սնվել: «15 տարի համբերել ենք, տասն օր էլ կհամբերենք»,- ասաց Աշոտ Առաքելյանը:
Եթե խնդիրը չլուծվի, ամբողջ գյուղը գյուղապետի գլխավորությամբ կդիմեն ռուսական դեսպանատուն եւ կհանձնվեն Ռուսաստանին:
Շղարշիկ համայնքի ղեկավար Հովհաննես Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովը կորոշի, թե որն է ճիշտ, որը` սխալ: «Եղնիկին էլ ջուր կլինի, մեզ էլ»,- ասաց պրն Հարությունյանը:
Ինչ վերաբերում է երկու գյուղերի միջեւ լարվածությանը, ապա դա ինչ-որ չափով արհեստածին լարվածություն է: Թե ում կողմից, գյուղապետը չմանրամասնեց:
Սոնա Դավթյան

