ՔԱՀԱՆԱ. «ԲԱՆԱԿՈՒՄ ՔԻՉ ՉԵՆ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ, ԲԱՅՑ…»
Արխիվ 12-16ՔԱՀԱՆԱ. «ԲԱՆԱԿՈՒՄ ՔԻՉ ՉԵՆ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ, ԲԱՅՑ…»
Տեր-Կորյուն քաhանա Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ բանակում հոգեւորականի ներկայությունն օգնում է զինվորին ավելի հայրենասեր լինել: Բանակում քահանայի ներկայության շնորհիվ զինվորների մեջ ձեւավորվում է ընկերոջը սատար կանգնելու, աջակցելու գաղափարախոսությունը:
Խոսելով աղանդավորների ակտիվության մասին բանակում`Տեր Կորյուն քահանա Կարապետյանի խոսքով` աղանդավորները քիչ չեն բանակում, բայց նրանց մեծ մասը ծառայության ընթացքում դարձի է գալիս եւ նորից դառնում հայ առաքելական եկեղեցու հետեւորդ: Բանակում հոգեւորականները, ըստ Տեր Կորյուն քահանա Կարապետյանի, մեծ սիրով են աշխատում կրոնական այլ հայացքներ ունեցողների հետ, քանի որ դա է հոգեւորականների խնդիրը:
Ասուլիսի մյուս բանախոս, ՀՀԿ պատգամավոր, նախկին մանկավարժ Ռուզաննա Մուրադյանի խոսքով էլ բոլոր կրթական օջախներում հայ եկեղեցու պատմությունը պարտադիր առարկա պետք է լինի: «Եկել է ժամանակը, որ տեր կանգնենք մեր ազգային արժեքներին, միավորենք մեր ուժերը, քանի որ սա բխում է մեր ազգային անվտանգությունից: Մեր երկրում այսօր բարոյական եւ հայրենասիրական դաստիարակության պակաս կա»,-ասաց պատգամավորը:
Անդրադառնալով այն ՀԿ-ների պնդումներին, թե «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հակասում է ազատ դավանանքի իրավունքին, ՀՀԿ պատգամավորը չհամաձայնեց այդ դիտարկմանը`ասելով, որ դասագրքում անդրադարձ կա նաեւ այլ կրոններին: «Այլ հարց է, որ միգուցե այդ կրոնների մասին քիչ տեղեկատվություն կա: Եթե այդպես է, պետք է տեղեկատվության չափաբաժինն ավելացնել»,- առաջարկեց Ռ. Մուրադյանը:
Սոնա Դավթյան

