ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆ. «ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ ՎԱՂՈՒՑ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ ՉԷՐ ՄՏԵԼ»
Արխիվ 12-16ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆ. «ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ ՎԱՂՈՒՑ
ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ ՉԷՐ ՄՏԵԼ»
Վերջերս ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում նշեց, որ Վայոց Ձորի մարզում Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված թատերական փառատոնի շրջանակներում Տիգրան Գասպարյանի բեմադրած «Հարյուր տարի անց» ներկայացումը եղեգնաձորցիների համար խաղալուց հետո փոխել է իր կարծիքը մարզային թատրոնների հանդեպ: Ըստ նրա, մարզերում դեռւես պահպանվել է դահլիճներն ու գոյություն ունի թատերասեր հասարակություն. «Հեղափոխությունն իր հետ բերում է թերություններ` մշակութային օջախները քանդվում են, սարքվում ու վերածվում գոմերի, բայց երբ հասանք տեղ, ես ապշեցի. նրանք թատրոնը գոնե պահել էին այնպես, ինչպես որ կար եւ դեռ մի բան էլ ավելի` փոխել էին բոլոր աթոռները, շշմելու մի դահլիճ, հիանալի բեմ: Ինքս ինձ ասացի` այս մեկից պրծանք, հիմա էլ մի վախ կար մեջս, ասում էի` տեսնես մարդ կգա՞ ներկայացումը դիտելու: Երբ վարագույրը բացվեց, ես այդ տաքությունն զգացի, դահլիճը լեփ-լեցուն էր, ու սկսվեց ներկայացումը: Ես եւ Տիգրան Ներսիսյանն ապշել էինք, ասացինք` այս ի՞նչ ժողովուրդ են այս եղեգնաձորցիները, Երեւանից բարձր մակարդակի հանդիսատես ունեինք, ապշել էինք, ուղղակի հիացած էինք…»:
Մարզային թատրոնները միշտ էլ Թատերական գործիչների միության ուշադրության կենտրոնում են եղել: Այդ մասին հաճախ է զրույցների ժամանակ նշում ՀԹԳՄ նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ: Ուստի, «Իրավունքը» ՀԹԳՄ նախագահից հետաքրքրվեց, թե արդյո՞ք լավ վիճակում են այժմ մարզային թատրոններն ու դահլիճները. «Չէի ասի, որ մարզային բոլորը դահլիճները պատշաճ վիճակում են, շատ կուզենայի, որ «Լինսի» նման ծրագիր լիներ` մարզային մշակույթի տների վերանորոգման համար: Օդի պես դա անհրաժեշտ խնդիր է մեզ համար: Այո, պիտի ասեմ, որ մարզային հանդիսատեսի կողմից լավ ընդունելության արժանացանք, պիտի տեսնեիք, թե ինչ ընդունելություն էր, ինչ կարոտ կար թատրոնի հանդեպ: Վայոց ձորում վաղուց պետական թատրոն չէր մտել: Ասել եմ ու կասեմ, որ թատերական գործիչներս բավական մեծ պարտք ունենք մարզային հանդիսատեսի հանդեպ: Ամբողջ ցավն այն է, որ ինքներս, որքան էլ ցանկանանք, միայնակ չենք կարող այդ պարտքը ետ վերադարձնել, դա պետք է իշխանությունների ցանկությամբ լինի: Օրինակ, համոզված եմ` վարչապետի քաղաքականությունն է, որ նախարարները շատ են մեկնում մարզեր, վարչապետը նույնպես հաճախ է լինում մարզերում: Կարծում եմ, որ այս այցելությունների արդյունքում նաեւ մշակութային խնդիրներ կլուծվեն»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

