ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՃԱՊՈՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՏԱՆՈՎ
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՃԱՊՈՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՏԱՆՈՎ
Հոկտեմբերի 7-ին «Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկեց Ճապոնական ֆիլմերի փառատոնը` «Երջանիկ թռիչք» ֆիլմով: Բայց մինչ հանդիսատեսը պատրաստվում էր «երջանիկ թռիչքի», ըստ ծրագրի, պետք է նախեւառաջ դիտեր մնջախաղային փոքրիկ ներկայացում, սակայն հանկարծ պարզվեց, որ ներկայացման ընթացքում երաժշտությունը հնարավոր չէ միացնել, քանի որ Հայաստանի Հանրապետության թիվ մեկ կինոթատրոնում տեխնիկական խոտան կա: Ինչեւէ, ներկայացումը հանդիսատեսը ստիպված եղավ դիտել առանց երաժշտության, ընդ որում` հոտնկայս: Բայց ոչ թե նրա համար, որ այդքան ցնցված էին ներկայացմամբ, այլ պարզապես դերասանուհուն թույլ չէին տվել բեմ բարձրանալ եւ վերջինս բեմի ներքեւում գրեթե աննկատ էր մնացել երրորդ շարքից վերեւ նստած հանդիսատեսի համար: Ի վերջո, փառատոնի բացումը «հորով-մորով» արվեց եւ սկսեց ֆիլմը: Արի ու տես, որ այստեղ էլ կար բացթողում: Մինչ ազգս անիծում է ռուս հայտնի լրագրող Կիսիլյովին ու ուշիուշով հետեւում, որ ոչ մեկ առանց հայերեն թարգմանության չխոսի ռուսերեն, Հայաստանում ճապոնական ֆիլմերը ցուցադրվում են ռուսերեն տիտրերով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

